կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 10:42
Քաղաքական

ՀՅԴ-ից հեռացվելով՝ ոմանք ստեղծել են թիթեռնիկի կյանք ունեցող կուսակցություններ. Վ. Ղազանչյան

ՀՅԴ-ից հեռացվելով՝ ոմանք ստեղծել են թիթեռնիկի կյանք ունեցող կուսակցություններ. Վ. Ղազանչյան

Գրող, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Ուզում եմ անդրադառնալ մի հիվանդագին թեմայի:
Ես դաշնակցության մեջ եմ 1990 թ.-ից:
Դաշնակցությունը դարձել է իմ ընտանիքը, և ես ինձ չեմ պատկերացնում նրանից դուրս:
Ես վանեցիների թոռ եմ, և դաշնակցության գաղափարախոսությունը իմ արյան մեջ է:
Ես շատ լավ ընկերներ եմ ունեցել, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են / կամ հեռացվել են / դաշնակցությունից:
Ցավոք սրտի, շատ հաճախ պատճառը անձնական ամբիցիաներն են եղել:
Ոմանց թվացել է, թե իրենք ավելիին են արժանի, և հեռանալով՝ ստեղծել են իրենց կուսակցությունները /Մովսես Շահվերդյան, Արամ Կարապետյան, և այլն /, բայց այդ կուսակցությունները համարյա երբեք որևէ լուրջ դերակատարում չեն կարողացել ստանձնել Հայաստանի քաղաքական դաշտում, և այսօր շարունակում են իրենց գոյությունը, հիմնականում՝ թղթապանակներում:
Վերջերս իրեն փորձում է լսելի դարձնել ՆՈՐ ՈՒՂԻ անվանումով մի միավորում, որը կազմված է դաշնակցությունից ինչ-ինչ պատճառներով հեռացված ընկերներից:
Ես սա ցավով եմ նշում, որովհետև նրանց մեջ կան ընկերներ, որոնք ոչ վաղ անցյալում կարևոր կուսակցական դերակատարումներ են ունեցել:
Բայց ոչ մեկը իրավունք չունի խախտելու կուսակցական կարգապահությունը:
Եվ եթե համարենք, որ ինչ-որ մեկը կարող էր և անարդարացիորեն հեռացվել կուսակցությունից, միևնույն է, իսկական դաշնակցականը պիտի իր վարքով ապացուցի՝ իր կուսակցության մեջ լինելու իրավունքը /ես նման օրինակներ նույնպես գիտեմ/ և ոչ թե, վիրավորվածի պոզա ընդունելով, վնասի այն գործին, որի համար վերջին 130 տարիների ընթացքում իրենց կյանքն են զոհաբերել մեր ազգի լավագույն զավակները:
Դաշնակցությունը ժամանակի փորձությունները հաղթահարած, իր ազգի նվիրական երազանքները իրեն դևիզ դարձրած մի կուսակցություն է, որի ակամա գործած սխալները /միայն աստված է անսխալական/ աղոտանում են նրա անցած փառավոր ուղին դիտարկելիս:
Դաշնակցությունը կա և կլինի, իսկ նման նորաստեղծ կուսակցությունները, իրենց նախորդների նման թիթեռնիկի կյանք պիտի ունենան:
Որքան կցանկանայի, որ մեր այդ ընկերները, օգտվելով համաներումից, վերադառնային իրենց մոր գիրկը:
Չէ՞ որ մենք բոլորս երդում ենք տվել»: