Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այնքան մեծ է եւ անհամատեղելի անձանցից բաղկացած, որ խմբակցության յուրաքանչյուր նիստ վերածվում է անվերջանալի լեզվակռիվների, որի արդյունքում ոչ մի որոշում հնարավոր չի լինում կայացնել։ Եվ քանի որ խմբակցության ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հանդեպ առանձնապես հարգանք էլ չկա, նիստերին գալիս են մոտ 1 ժամ ուշացումով, չեն լսում նրա խոսքը, ամեն մեկը փորձում է իր խելքը ցուցադրել եւ շատախոսել։
Որպեսզի այս վիճակից դուրս գան, «Իմ քայլ»-ում որոշել են վերլուծական-քաղաքական եւ լրատվական օպերատիվ խմբեր ձեւավորել` աշխատանքները կանոնակարգելու համար: Վերլուծական խումբն զբաղվելու է լրատվական քաղաքականության, անհրաժեշտ թեզերի հրապարակայնացման ստանդարտների մշակմամբ, այդ թվում եւ` Ղարաբաղին առնչվող հարցերի։
Մյուս խումբը պետք է հարցազրույցներ տա՝ դրանք մասսայականացնելով: Վերլուծական խմբում են Էդգար Առաքելյանը, Միքայել Զոլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է լրագրողների կորպուսը` Հայկ Գեւորգյան, Գայանե Աբրահամյան, Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան: Ուշագրավ է, որ «Իմ քայլ»-ում ողջ օրը քննարկում-բողոքում են լրատվամիջոցներից եւ անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: