կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 12:40
Իրավական

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ ՄԻՊ-ի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կապվել է ՀՀ ՄԻՊ-ի հետ՝ քննարկելու համար ՍԴ դատավորների նշանակման ընթացիկ գործընթացը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու համարՍահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը եւ համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետեւել գործընթացին:

Մարդու իրավունքների պաշտպանը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարեւորության մասին եւ այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետեւելու հարցում: Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում եւ կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ:

Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ եւ անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձեւավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը:

Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարեւոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի Խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով: