կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 22:11
Աշխարհ

Շարունակվում է Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված ՀՕՄ-ի Արցախի միավորի դրամահավաքը

Շարունակվում է Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված ՀՕՄ-ի Արցախի միավորի դրամահավաքը

Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ օգոստոսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի միավորի հայտարարած դրամահավաքի արդյունքում մինչ այժմ հավաքագրվել է ավելի քան 6 մլն դրամ:

«Նվիրահավաքին մասնակցել են անհատ քաղաքացիներ, քաղաքական կուսակցություններ,  հասարակական, երիտասարդական կազմակերպություններ, բարերարներ, մասնավոր ընկերություններ: Հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել այն համայնքները, որտեղ գործում են ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներ: Այդպիսի համայնքներում նվիրահավաքին ներդրում է ունեցել ողջ համայնքը: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված Քարեգահում, որտեղ մանկապարտեզ է հաճախում ընդամենը 10 երեխա, բնակիչները նվիրաբերել են 102.000 դրամ»,- նշել է Արմինե Հարությունյանը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ արցախցիների օգնությունը նյութական աջակցությունից բացի խորհրդանշական մեծ նշանակություն ունի, քանի որ Լիբանանի հայությունը մշտապես եղել է Արցախի կողքին, տարբեր ծրագրերով նպաստել նրա զարգացմանը և այժմ աջակցելու հերթը Արցախինն է:

Արմինե Հարությունյանը տեղեկացրել է, որ դրամահավաքը շարունակվում է և ցանկացողները կարող են «Արցախբանկ»-ում բացված 22311021091900 հաշվեհամարին նվիրատվություն կատարել: