Արցախի ու Հայաստանի իշխանությունները և ողջ հայ ժողովուրդը պետք է աշխատանքներ տանի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչպես ժամանակին կազմակերպվեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար
Արթուր Թովմասյանը՝ ամփոփելով Արցախի անկախության հանրաքվեին հաջորդած 27 տարիները:
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչև այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել էինք անկախությունը: Քվեարկության համար ընտրվեց դեկտեմբերի 10-ը, որովհետև այն մարդու իրավունքների պաշտպանի օրն է, իսկ Արցախի ժողովրդի իրավունքները մշտապես ոտնահարված են եղել՝ Ադրբեջանի ԽՍՀՄ-ի կազմում: Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին՝ «այո» է ասել անկախությանը:
Որպես անկախ պետություն՝ մենք ոչ միայն տարածաշրջանի, այլ ընդհանրապես բոլոր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության կողմնակից ենք, ինչի մասին նշված է նաև անկախության հռչակագրում: Ցավոք, այս տարիների ընթացքում բացի Հայաստանի Հանրապետությունից հարաբերություններ ենք կարողացել հաստատել միայն չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների, ինչպես նաև, ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի նահանգների հետ: Արտաքին քաղաքականության մեջ հաջողություններն այնքանով սահմանափակվում են, սակայն մենք շարունակում ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Արթուր Թովմասյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, և իրենք փորձում են ամեն կերպ օգտագործել այդ հարթակը. «Այսօր բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն կառավարությունները, իսկ ճանաչման գործընթացով՝ օրենսդիր մարմինը»:
Թովմասյանը նկատեց, որ հայ իրականության մեջ գերակշռում է այն տեսակետը, որ եթե Արցախը ճանաչվի, պատերազմն անխուսափելի կլինի: «Մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը, այսինքն, մինչև ապրիլյան պատերազմը, կային քաղաքական գործիչներ, ովքեր կիսում էին այդ տեսակետը, և համաձայն չէին ինձ հետ: Սակայն տեսանք, որ առանց Արցախի ճանաչման էլ եղավ ապրիլյան պատերազմ:
Ըստ իս՝ համայն աշխարհի հայության ջանքերի համատեղմամբ, մենք պետք է հասնենք Արցախի ճանաչման, ինչպես եղավ ցեղասպանության ճանաչման պարագայում: Մինչև առաջին պետության՝ Ուրուգվայի կողմից ճանաչումը, մեր իրականության մեջ էլի կային մտածողներ, որ եթե որևէ պետություն ճանաչեց Հայոց ցեղապսանությունը, ապա Թուրքիան՝ այս կանի, այն կանի: Բայց մենք տեսանք, որ ընդհակառակը, մի քանի տասնյակ պետությունների կողմից ցեղասպանության ճանաչման միջոցով մենք Թուրքիային ցույց տվեցինք իր տեղը: Կարծում եմ՝ նույն գործընթացը պետք է տարվի նաև Արցախյան հարցի պարագայում: Մեր՝ Արցախի և Հայաստանի գործադիր ու օրենսդիր մարմինները, մեր հայրենակիցները, եթե աշխատեն այս ուղղությամբ, և հասնեն մի քանի տասնյակ պետությունների կողմից Արցախի ճանաչման, Ադրբեջանին ցույց կտան իր տեղը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ միացման հարցին, Արցախի խորհրդարանի պատգամավորը նկատեց՝ աշխարհում չկա մեկ հայ, որ չերազի միացյալ Հայաստանի մասին, սակայն այս պահին Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է միայն անկախության պայմաններում:
«Մենք ունենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, ըստ որի՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորվել են: Այսօր ունենք դե ֆակտո ազատ Արցախ, բայց դե յուրե չունենք այդ անկախությունը: Երբ միջազգային հանրության կողմից կճանաչվի Արցախի անկախությունը, արդեն երկու հայկական պետություններն ու ժողովուրդը կորոշեն՝ ունենա՞նք երկու պետություններ, թե՞ վերամիավորվենք: Սակայն այս հարցը հրատապ կդառնա միայն Արցախի անկախության ճանաչումից հետո: Կարծում եմ՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը միացյալ Հայաստանի կողմնակից է, սակայն դա ապագան ցույց կտա»,- ասաց նա:
Արթուր Թովմասյանը նաև նշեց, որ այսօր Արցախը մասնակիորեն դուրս է բանակցային գործընթացից, թեև չկա մի տարի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չայցելեն Արցախ և չխոսեն այն առաջարկների մասին, որ հիմա դրված են սեղանին: «Ի պատիվ Արցախի բոլոր նախագահների՝ միշտ էլ իրենք կարողացել են Արցախի ժողովրդի տեսակետը հայտնել համանախագահող երկրներին: Մեր նախագահները արժանապատիվ խաղաղության կողմնակից են, ոչ թե պարտադրված»,- ասաց նա:
Թովմասյանը նկատեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է այսօր Արցախի հարցի մասին խոսելիս նշում, որ Արցախը՝ որպես հակամարտող կողմ, պետք է վերադառնա բանակցություների սեղան: «Փաշինյանը նաև նշում է, որ Արցախի հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ոչ թե բանակցությունները տանող անձերի մոտ, այլ Ստեփանակերտում: Առանց ժողովրդի կարծիքի չի լինելու Արցախյան հարցի լուծում: Այդպես էին մտածում նաև Հայաստանի նախկին նախագահները, և նրանք չէին կարող միանձնյա որոշումներ կայացնել»,- ասաց Արթուր Թովմասյանը: