Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով նշել այն ընկերության (ընկերությունների) անունը, որը կորոնավիրուսի պատճառով մահացած քաղաքացիներին հուղարկավորելու համար տրամադրում է դագաղներ։ Հարցմամբ խնդրել էինք նշել նաև, թե ե՞րբ է տեղի ունեցել այն մրցույթը, որի արդյունքում հաղթել է վերոնշյալ ընկերությունը (ընկերությունները), մինչ օրս քանի՞ դագաղ է հատկացվել կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց հուղարկավորելու համար, և որքա՞ն է մեկ դագաղի գինը։
Փոխվարչապետի գրասենյակի` մեծամտությամբ տառապող ղեկավար՝ ոմն Սերժ Վարագ Սիսեռյան իրեն իրավունք է վերապահել ոչ միայն օրենքի ոտնահարմամբ տեղեկատվություն չտրամադրել մեր նշած հարցերի վերաբերյալ, այլև, ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների մեջբերմամբ, մեզ դասեր է տվել, թե ովքեր իրավունք ունեն ստանալու տեղեկատվություն, և ինչն է համարվում տեղեկատվություն:
Իր դատողությամբ եզրակացնելով, որ մեր ուզածը չի համապատասխանում վերոհիշյալ օրենքների դրույթներին կամ պահանջներին, ավելին, ըստ Սիսեռյանի, մեր ուզածն ընդհանրապես տեղեկատվություն չէ (պատասխանում այն գործածվել է չակերտներով), փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշում է, որ «…հայցվող «տեղեկատվությունը» օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալ չէ, չի վերաբերում պաշտոնատար անձի գործունեությանը և չի հայցվում Օրենքի իմաստով տեղեկատվություն տնօրինող պաշտոնատար անձից»:
Այն, որ մեր կողմից պահանջվածը տեղեկատվություն է, ուղիղ կերպով վերաբերում է Տիգրան Ավինյանի՝ որպես ՀՀ պարետի գործունեությանը, հարկատուներիս հաշվին իրականացվող այդ և այլ ծրագրերի մասին իրավունք ունենք պահանջելու և ստանալու լիարժեք ու ամբողջական տեղեկատվություն, միանշանակ է: Եթե անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց դագաղների տրամադրմամբ զբաղվում է ոչ թե պարետատունը, այլ, օրինակ, առողջապահության նախարարությունը, ապա գոյություն ունի այդ ամենը լրատվամիջոցին կամ հարցման հեղինակին ներկայացնելու քաղաքակիրթ եղանակ, և պարոն Սիսեռյանը փիլիսոփայական տվայտանքների, լրատվամիջոցին վիրավորելու ու սեփական ամբարտավանությունն ի ցույց դնելու փոխարեն ճիշտ կաներ կա՛մ գործող համակարգերով մակագրեր հարցումը համապատասխան գերատեսչություններին, կա՛մ այդ մասին նշեր պատասխանում՝ մատնանշելով այն պետական հաստատությունը, որին պետք է այդ հարցով դիմեինք: Պարոն Սիսեռյանը ճիշտ կանի նաև՝ հմտորեն յուրացնի այս փոքրիկ «դասընթացը»: Դա, իմիջիայլոց, կօգնի նրան, որպեսզի հետագայում մարտնչող տգիտությամբ համեմված նման ծիծաղաշարժ գրություններով չխայտառակի փոխվարչապետի ինստիտուտը:
Ամեն պարագայում՝ գրասենյակի այս մանկական տվայտանքներն ամենևին չեն փրկելու փոխվարչապետին: Նա պարտավոր է պահանջված հարցմանը տալ սպառիչ պատասխան՝ հստակորեն մատնանշելով այն ընկերության անվանումը, որից պետությունը գնում է կորոնավիրուսի հետևանքով մահացածների դագաղները:
Փոխվարչապետի գրասենյակի կողմից նման ցինիկ կերպով տեղեկատվության մերժումը մեզ ստիպում է ենթադրել, որ մահացածների համար դագաղներ մատակարարող ընկերությունը կամ ընկերություններն այս կամ այն կերպ կապ ունեն Տիգրան Ավինյանի, նրա գրասենյակի ղեկավարի կամ նրանց մերձավորների հետ: Չի բացառվում, որ դրանք գրանցվել են հենց պարետատան կազմավորման փուլում, իսկ նրանց հետ պայմանագրեր կնքելիս որևէ մրցույթ չի անցկացվել:
Եթե փոխվարչապետի գրասենյակը հետայսու հոդաբաշխ կերպով չներկայացրեց համապատասխան տեղեկատվությունը, որով նաև կհերքվեն վերոնշյալ ենթադրությունները, ավելին՝ շարունակեց մնալ լրատվամիջոցներին դասեր տալու՝ իր զավեշտալի տրամաբանության մեջ, ապա լիարժեքորեն կհաստատվեն կամ կհիմնավորվեն մեր կասկածները:
Վ. Սարգսյան