կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 20:52
Հասարակություն

Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին

Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։

Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի և հարգանքի տուրք է մատուցել մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով և հավելել, որ այսօրվա այցը, որն ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով, նույնպես այդ խորհուրդն ունի։

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել և հիշելի էլ չէ, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական երաժշտության համերգ եղել:

«Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը, ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, դրանք օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունք են»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր եղել է Չինարի սահմանապահ համայնքում, որտեղ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել: «Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն կառավարության նախաձեռնությամբ և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազմազավակ, բազմանդամ տաս հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված:

Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղն անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհով: Եվ մինչև տարեվերջ, հույս ունենանք, Ներքին Կարմիրաղբյուրը կունենա ժամանակակից զբոսայգի, որը մենք անվանում ենք «մայրիկների և զավակների» զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիաղբյուրի մթնոլորտը:

Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են, հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանով փոխվում է բնակավայրի գույնը:

Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն ավելի կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, և տեսնեն, այո՛, նաև մշակույթով ապրող թիկունք: Այսօրվա այս համերգը խորագրված է «Մշակույթը՝ թիկունք», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, այսօրվա շրջայցն ընդհանրապես պատկերում է համայնքներում, նաև գյուղական բնակավայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Ես ասացի, որ դասական երաժշտության համերգ չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել Բերդում: Բայց մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում մենք ուզում ենք, որ այս համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում, մեր ամենատարբեր համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, վճարեն համերգը լսելու համար, ունենան այդ վճարունակությունը: Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր համայնքի՝ սահամանապահ համայնքի, ապրելակերպի ռազմավարական տեսլականը:

Բերդ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ,

Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն, ձեզ ասելու շնորհակալություն, որ դուք այսպես ամուր պահում եք մեր բանակի թիկունքը և մեր երկրի սահմանը, առաջին հերթին, հոգեբանորեն։

2015 թվականի ես որպես պատգամավոր կրկին սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար համայնք և տներից մեկում ես այպիսի նախադասություն ինձ թույլ տվեցի: Ես հիշում եմ նույնիսկ տան տիրոջ անունը՝ գյուղում իրեն Գովեն ամի էին ասում: Ասացի, սա փաստորեն Հայաստանի վերջին տունն է: Երբ ինձ թույլ տվեցի ասել, որ փաստորեն սա Հայաստանի վերջին տունն է, այդ մարդը 75-80 տարեկան, գուցե ավելի, ինձ ուղղեց, ասաց, ո՛չ, սա Հայաստանի առաջին տունն է: Եվ մենք եկել ենք այսօր ասելու, որ Այգեպար գյուղի այդ բնակչի նախադասությունն այսօր դարձել է պետական քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն:

Եվ ուրեմն շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, խոնրահվում են բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ:

Կեցցե՛ Տավուշի հերոսական ժողովուրդը», - նշել է վարչապետը։