Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռևս 13 տարեկանում նրա անունը ներառվել է այն հայ աղջիկների ցանկում, որոնք առևանգվել են։ Թեև 45 տարի առաջ նրան հաջողվել է ազատվել իրեն փախցրած, տիրանալ փորձած մարդու ձեռքերից, սակայն տարիներ շարունակ արյուն-քրտինքի մեջ արթնացել է իր տեսած մղջավանջներից, որոնցում նա կրկին ու կրկին առևանգվում և ձգտում է դուրս գալ օձերով լի մութ հորերից։ Նա տանել չէր կարողանում այդ մասին զրույցները, սակայն նրան ուղարկածս Մուհսին Քըզըլքայայի հոդվածը կարդալուց հետո համաձայնեց լինել այդ «սովորական» ցավերն ապրած առևանգված բոլոր կանանց ձայնը։ Նրա խնդրանքով հարցազրույցում նրան անվանում եմ «Ֆլոր», ամբողջությամբ փոխել եմ գյուղի և անձանց անունները։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, որտեղ հայերը, արաբներն ու քրդերը մի ժամանակ միասին էին ապրում։ Ես այսդես ասեմ, դուք մնացածը հասկացեք։ Այս պատմությունը միևնույն ժամանակ ներկայացնում է, թե ինչ պայմաններում են հայերը ստիպված եղել լքել իրենց ծննդավայրը մոտ անցյալում՝ 1975-ական թթ․։
Ահա Ֆլորի պատմությունը։
-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ առևանգված բոլոր աղջիկների և կանանց անունից այսօր պատմում ես քո առևանգման պատմությունը, որի մասին չես կարողացել խոսել 45 տարի շարունակ։ Նախքան քո առևանգումը իմացե՞լ կամ լսե՞լ ես առևանգման այլ դեպքերի մասին։
– Ինչպես այնտեղ ապրող յուրաքանչյուր ոք, ես նույնպես Գյուլոյի առևանգման պատմությունը իմացել եմ երգերի միջոցով, սակայն ինձ համար նման դեպքերի հերոսը Անկինն է եղել։ Նրան հաջողվել է երկու անգամ փրկվել իրեն առևանգողների ձեռքից։ Նա ոչ միայն ինձ համար էր հերոս, այլև՝ բոլորի։ Սակայն իմ մտքով չէր անցել, որ կգա մի օր՝ ինձ էլ կփորձեն առևանգել, որ ես էլ հերոս կդառնամ։
– Ինչպե՞ս է եղել քո առևանգման փորձը։
– Ինձ առևանգել ցանկացող անձը նախորդ օրը մեր գյուղ էր եկել ներքևի գյուղում ապրող մեր աղայի երկու տղաների հետ ։ Մենք նրան առաջին անգամ էինք տեսնում, քանի որ նա մեկ ուրիշ գյուղում էր ապրում։ Նույնիսկ իմ քույրն անցել էր նրանց մոտով և նախատել՝ մեզ տարօրինակ նայելու համար։ Հաջորդ օրը հայրս պետք է իջներ ջրաղաց։ Ես որդու նման էի, քանի որ մենք չունեինք մեծ տարիքի եղբայր։ Հորս մասին էլ շատ էի մտածում։ Ինձ համար նա հերոս էր։ Ես ծնողներիս առաջին երեխան էի, ինչի համար հորս սերն իմ նկատմամբ ամբողջությամբ տարբեր էր։ Հորս այդ սիրո դիմաց ես էլ միշտ նրա հետ էի լինում, ամեն գործում փորձում էի օգնել։
Այդ օրը հայրս մորս ասաց․ «Ես գնալու եմ ջրաղաց։ Հետո աղջկան ուղարկի՛ր, թո՛ղ ալյուրը բերի», և ճանապարհ ընկավ։ Մոտ մեկ ժամ հետո էլ մայրս ինձ ներքևի գյուղի ջրաղաց ուղարկեց՝ հորս մոտ։ Երբ գյուղ հասա, հարսանիք տեսա։ Ջրաղաց մտնելուն պես հարսանքավորները եկան և հորս կանչեցին հարսանիք՝ երգելու համար։ Հայրս շատ լավ էր երգում, շրջակա գյուղերի ժողովուրդը հարսանիք չէր համարում այն հարսանիքը, որին հայրս չէր մասնակցում։
Իհարկե ես էլ հորս հետ միասին հարսանիք գնացի։ Երբ նա երգում էր, ես, պատի վրա նստած, նրան էի լսում։ Միասին հաց կերանք, որից հետո հայրս ասաց․ «Ե՛կ քեզ տուն ուղարկեմ»։ Մեր բարեկամներից մեկի որդուն՝ Միհրանին, կանչեց և ասաց․ «Արի՛, Ֆլորին օգնի՛ր։ Միասին գյուղ գնացեք»։ Գնացինք ջրաղաց։ Հայրս մեջքիս դրեց ալյուրի պարկը․ ճանապարհ ընկա, Միհրանն էլ՝ իմ հետևից։ Սակայն երկուսս էլ դեռ երեխա էինք։ Ես տասներեք տարեկան էի, իսկ նա՝ տասնմեկ։
Հենց «Խըրբեյե Մանուգ» կոչվող մորական պապերիս ավերված դաշտերի մոտ եկանք, այդ երեք երիտասարդները մեզ մոտ հայտնվեցին։ «Բարի ճանապարհ։ Մենք էլ ենք գյուղ գնում։ Օգնենք»,-ասացին նրանք։
Մայրս մեզ մի փոքր կոպիտ էր դաստիարակել։ Այդ պատճառով էլ մեծացել էի տղայի նման։ Սովորական աղջիկ չէի։ Դա հրավիրում էր նաև շրջապատի ուշադրությունը։
«Ոչ, պետք չէ։ Ես կտանեմ»,-ասացի։ «Նազմին հարսանիք չի եկել։ Գնում ենք կանչելու։ Պարկը տու՛ր, օգնենք»,-պնդեցին նրանք։
Երբ ես կրկին ասացի․ «Ո՛չ, պետք չէ», նրանք մեջքիս ալյուրի պարկը գետնին գցեցին, ձեռքս բռնեցին և ասացին․ «Քեզ փախցնում ենք»։
Գոռացի, աղաչեցի, լաց եղա, սակայն՝ ապարդյուն։ Բաց չթողեցին։ Հուսահատորեն Միհրանին ասացի․ «Գնա՛, հորս լուր տու՛ր»։ Երեխան վազեց՝ հորս տեղեկացնելու։
Ես մի կողմից աղաչում էի, մյուս կողմից փորձում էի ընդդիմանալ, սակայն նրանք ինձ սկսեցին քարշ տալ դաշտի մի ծայրից մյուսը։ Այն տեղը, որտեղ գտնվում էինք, գյուղից երևում էր։ Ներքևի գյուղում տեղի ունեցող հարսանիքի մասնակիցներն այդ ամենը տեսնում էին։
Իմ մայրիկի կնքահայրը՝ մեր բարեկամ Մելքոնն էլ այդտեղ էր։ Նա էլ էր տեսել, թե ինչ է տեղի ունենում, բայց ջրաղացը գտնվում էր ներքևում, ինչի պատճառով հայրս չէր իմացել այդ մասին, մինչև Միհրանը նրան լուր էր տվել։
Ինձ առևանգողներին աղաչեցի, լաց եղա, գոռացի, բայց՝ ոչ մի օգուտ։ Ի վերջո մայրիկիս պապերն ինձ օգնեցին։ Գյուղից քարերը հավաքել և շարել էին դաշտի շուրջ։ Գլխաշորս ընկել էր այդ քարերի վրա։ Դրա համար եմ ասում, որ մայրիկիս պապերն ինձ օգնեցին։ Տեսա, որ ինձ բաց չեն թողնում։ Երեք մարդ։ Ես տասներեք տարեկան էի, բայց նրանք քսան, քսանհինգ տարեկան։ «Լավ, ինձ բա՛ց թողեք։ Գլխաշորս վերցնեմ, կգամ ձեզ հետ»,-ասացի ես։ Ձևացրի, թե վերցնում եմ գլխաշորս, սակայն փոխարենը գետնից քար վերցրի և հարվածեցի ինձ փախցնել ցանկացող տղայի գլխին։ Նա, արյան մեջ թաթախված, գետնին ընկավ։ Նրա կողքին գտնվող երկու զարմիկները, երբ տեսան գլխից հոսող արյունը, կարծեցին, թե մահացել է, ինձ թողեցին և գնացին նրա մոտ։ Ես էլ օգտվեցի այդ պահից, գլխաշորս արագ վերցրեցի և վազեցի վերև։ Այդ պահը երբեք չեմ մոռանա։
– «Աղջիկը մերն է, նրան արդեն պետք է մեզ տաք»
– Շնչակտուր վազելով՝ հասա մեր գյուղ։ Գյուղի երեխաներին տեսա ու պատմեցի եղածը։ Նրանք անմիջապես ինձ շրջապատեցին։ Մեկը մյուսին ձայն տալով՝ լուր հասցրեցին գյուղացիներին։ Տուն գնացինք։ Շատ չանցած՝ հայրս էլ տուն եկավ։ Առանց շունչ քաշելու ձեռքս բռնեց և ասաց․ «Քայլի՛ր, գնում ենք ոստիկանական բաժանմունք»։
Վերին թաղ գնալու ժամանակ Ջելալին տեսանք։ Երբ նա իմացավ կատարվածի մասին, ցանկացավ հետ պահել մեզ ոստիկնություն գնալու մտքից, սակայն հորս չկարողացավ համոզել։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Սակայն այդ մարդը երկերեսանություն էր անում։ Երբ մեզ չկարողացավ համոզել, գնացել ու գյուղացիներին լուր էր տվել, թե «Գնում են ոստիկանություն, հասե՛ք»։
Հարսանքավորները Նորշեն եկան և կտրեցին մեր ճանապարհը։ Բոլորը զինված էին։ Ձեռքիցս բռնեցին և ասացին․ «Աղջիկն արդեն մերն է։ Նա մեր պատիվն է։ Պետք է մեզ տաք»։
Մեզ մոտ ոչ զենք կար, ոչ էլ մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ որևէ բան։ Իսկ նրանց մոտ շատ զենքեր կային։ Այդ պահը երբեք չեմ մոռանա։ Սիրտս այնպես էր զարկում, կարծես դուրս թռչեր տեղից։ Քարացել էի, առանց մի բառ ասելու՝ կանգնել։
Հարսանքավոր մեր բարեկամ Մելքոնը տեղի ունեցածի մասին իմանալուց հետո գյուղացիների հետ եկավ Նորշեն։ Երբ ասում էին․ «Աղջիկն արդեն մերն է։ Նա մեր պատիվն է։ Մեզ պետք է տաք» նա հանեց զենքն ու մեր կողմ անցավ։ Երբեք չեմ մոռանա այդ պահին արած նրա լավությունը։ Կեցցե՛։ Ցույց տվեց իր զենքը և ասաց․ «Աղջկան չեք կարողանալու վերցնել։ Եթե կա մեկը, որ ցանկանում է մահանալ հայի ձեռքով, խնդրեմ, թող գա։ Դարձանք երեքը։ Մենք էլ ատրճանակ ունեինք։ Հայ էինք, իսկ հայերի ձեռքով մեռնելը նրանց համար վատ բան է։
– Շատ լավ, իսկ հետո ի՞նչ եղավ։
– Զենքերը լիցքավորած-կանգնած էինք։ Հենց այդ պահին Նորշենի գյուղացիները միջամտեցին։
Պարզվեց, որ Նորշեն գյուղի բակիչներն ու մեր ներքևի գյուղի բնակիչները երկու տարբեր աշիրեթներից էին։ Նրանց մեջ էլ թշնամանք կար։ Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում, զենքերը պարզեցին և մեր կողմն անցան՝ ասելով․ «Այստեղից՝ մեր դռնան առջևից, ոչ մի աղջիկ չեք կարող տանել»։ Ամեն ինչ խառնվեց իրար։
Նորշենցիներն ասացին․ «Նրանք արդեն եկել են մեր դուռը։ Ոչ մեկ չի կարող տանել», իսկ հարսանքավորներն ասացին․ «Եթե նրանք գնան ոստիկանություն, թույլ չենք տա։ Աղջիկը մերն է»։ Հայրս էլ ասաց․ «Աղջկաս երբեք չեմ տա»։ Երկու կողմն էլ զենքերը պարզել էր, իսկ ես, նրանց մեջտեղում կանգնած, դողում էի․ առևանգվելու վախը, հորս մահվան հավանականությունը, այդքան մարդու մահվան հավանականությունը․․․ Շշմել էի, լեզուս կապ էր ընկել, վախից դողում ու լացում էի։ Վերջում ասացին, որ պետք է գնալ փոխզիջման։
Նորշեն գյուղի առաջնորդներն ասացին հորս․ «Դու տուն ես վերադառնալու»։ Մյուս կողմին էլ ասացին․ «Այստեղ որևէ բան տեղի չի ունենալու։ Դուք էլ առանց աղջկան վերցնելու՝ վերադառնալու եք»։
Փոխզիջման արդյունքում որևէ մեկի արյունը չթափվեց։ Նրանք ինձ չկարողացան վերցնել։ Մենք էլ չգնացինք ոստիկանություն, բոլորն էլ ողջ-առողջ իրենց տները վերադարձան։
Մենք բողոք չներկայացրեցինք։ Սակայն նորշենցիներից մեկը դեպքից հետո գնացել ու մեր անունից բողոք էր ներկայացրել։ Հակառակ կողմը ոստիկանական բաժանմունք կանչվեց՝ ցուցմունք տալու։ Սակայն նրանք չէին գնացել։ Նրանց փոխարեն գնացել էր մեկ ուրիշը։ Ոստիկանական բաժանմունքում այդ մարդուն վախեցրել էին։ Ժանդարմերիայի հրամանատարը հետո հորս էլ է կանչել։ Հորս ասել է․ «Որդի՛ս, եթե սրանից հետո քեզ անհանգստացնեն, բարձրացի՛ր այս գագաթն ու գոռա։ Ես կլսեմ։ Այդքան բան»։ Անհեթեթություն։
– Ի՞նչ պատահեց քեզ առևանգելու փորձ արած մարդու հետ։
– Խփածս քարի պատճառով գլուխը ջարդվել էր։ Փառք Աստծո, չէր մահացել, թե չէ վատ կլիներ մեզ համար։ Աղայի զարմիկն ու երեխաները, թեև ձախողվեցին ինձ առևանգելու հարցում, սակայն ինձնից չհրաժարվեցին։ Տուն վերադառնալուց հետո այս անգամ էլ սկսեցին ճնշում գործադրել և ասում էին․ «Աղջկան տալու եք»։
– Մեզ համար մի փոքր կմանրամասնեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում աղայությունը։
– Իմ հայրիկի ընտանիքը մինչև 1915 թ․ ապրում էր մեկ այլ գյուղում։ Աղայի մեծերը այդ գյուղում գտնվող հայերի հովանավորությունը վերցրած արաբական աշիրեթից էին։ Այսինքն, չեն թողել, որ նրանց սպանեն։ Նրանց վերցրել ու բերել են այն գյուղ, որտեղ ես եմ ծնվել։ Հայերի հետ բերված մանր եղջերավոր անասունները խլվել են նրանց ձեռքից, իսկ նրանց կրկին տեղավորել են հայերի տներում։ Յուրաքանչյուր հայ ընտանիք բաժանվել է «աղա» կոչվող մարդու երեխաների միջև։ Փրկված հայերն արդեն նրանց «ղուլամներն» էին։ Եթե հարցնես, թե դա ի՞նչ է, կասեմ,որ դա մի բան էր, որը կախված էր նրանից, թե քեզ բաժին ընկած աղան որքանով էր մարդկային, ըստ այդմ էլ քեզ դարձնում էր իր ստրուկը, ծառան կամ էլ եղբորից էլ ավելի հարազատ։ Այսինքն, ողջ մնալու դիմաց աղայի «հայերը» դարձան նրա ծառաները կամ եկամտի աղբյուրը։
Մեր աղային տալիս էինք դաշտից ստացված բերքի մեկ երրորդ մասը, որը «դաման» էր կոչվում, բացի այդ՝ նրանց օգնում էինք նաև ցանքի և հունձքի աշխատանքերի ժամանակ։ Աշիրեթական համակարգի համաձայն՝ դա հայերին պաշտպանելու էր, չէր թողնելու, որ սպանվեն, աղջկան, հարսին փախցնեն, գյուղ դուրս գալու ժամանակ էլ նրան կամ ընտանիքին վատ վերաբերմունքի արժանացնեն։ Հայրս ժամանակին «աղայի» հետ մի պայմանավորվածություն էր ձեռք բերել։ Նրան ասել էր․ «Ինձնից երկու բան չես ուզելու՝ աղջիկ և «կրոնափոխություն»։ «Քանի դեռ ես դրանք չեմ արել, դու իմ եղբայրն ես»,- պատասխանել էր նա։ Նրանց միջև այսպիսի խոսակցություն է անցել։ Հայերը թշնամիներ են համարվել, ինչ պատճառով աղան նրանց երեխաներին տանում էր կենտրոնական հիվանդանոց։ Երբ պետք էր անցնել այն տեղերով, որտեղ թշնամիներ կային, նա գնում էր նրանց փոխարեն ու անում անհրաժեշտ գործերը։ Նրանց մեջ ձևավորված վստահության շնորհիվ ապահովության համար աղան իր «կալաշնիկով» զենքը տվել էր հորս, որ թաքցնի։ Աստծով, այդ կալաշնիկովը ինձ փրկեց երկրորդ անգամ առևանգելու համար գյուղի վրա ճնշում գործադրելու հարցում։
-Ինչպե՞ս դա պատահեց:
– Երբ հայրս իմացավ, որ նրանք հարձակվելու են մեր տան վրա, որ ինձ առևանգեն, լուր ուղարկեց նրանց․ «Մինչև մարտկոցը չնստի, ոչ մեկ չի կարողանա ներս մտնել։ Դա թող իմանան, նոր գան»։ Իսկապես աթոռ էր վերցրել, կալաշնիկովը լիցքավորել և դռան հետևում սպասում էր։
Մեր աղան ասաց․ «Մի՛ գնացեք։ Իմ զենքն էլ, մատկոցն էլ Աստուրի մոտ է։ Աստուրը խենթ է։ Իր ասածը կանի։ Եթե գնաք, ձեզ կսպանի։ Այդ տանից ողջ դուրս չեք գա»։ Այս ամենը լսելուց հետո նրանք հրաժարվեցին մեր տան վրա հարձակվելու մտքից։ Սակայն չհրաժարվեցին ինձնից։
(Շարունակելի)
http://www.agos.com.tr/tr/yazi/24466/florun-kacirilma-travmasiyla-gecen-hayati
Բեսսե Քաբաք
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net