կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 16:34
Աշխարհ

Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է եղել իշխանության կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ

Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է եղել իշխանության կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ

Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 30-ին: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ ընդդիմությունն ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի շատ ձայներ է ստացել, քան նախագահ Միլո Ջուկանովիչի կառավարող՝ Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը: Օգոստոսի 31-ին ընտրությունների օրինականությունն ու դրանց արդյունքները ճանաչել են ոչ կառավարական կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի առաքելության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների դիտորդները:

Ցերեկը «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» խոշորագույն կոալիցիայի, URA ընդդիմադիր շարժման եւ «Դեմոկրատների» առաջնորդներ Զդրավկո Կրիվոկապիչը, Դրիտան Աբազովիչը եւ Ալեքս Բեչիչը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում համաձայնեցրել են Չեռնոգորիայի ապագա կառավարության «ձեւավորման» եւ «քաղաքացիների կամքի իրագործման» սկզբունքները: Օգոստոսի 31-ի երեկոյան Պոդգորիցայի փողոցներում հայտնվել են ազդանշաններով անցնող ավտոմեքենաներ՝ չեռնոգորական պատմական դրոշներով, որոնք նման են սերբական եւ ռուսական եռագույններին:

«Այլեւս չկա Միլոն (Ջուկանավիչը), չկա ՍԴԿ-ն»,- բացականչել են հաղթանակը տոնող ընդդիմության կողմնակիցները: Ոստիկանությունը չի միջամտել:

Վնասվածքներ ստացողներ են եղել քաղաքի կենտրոնում ՍԴԿ-ի կողմնակիցների եւ ընդդիմադիր կոալիցիայի միջեւ ծեծկռտուքի ժամանակ: Միջադեպը կասեցրել է ոստիկանությունը, որը բաժանել է հակամարտող կողմերին: Խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կրիվոկապիչը կողմնակիցներին կոչ է արել հեռանալ փողոցներից եւ հաղթանակը տոնել տներում։