Ռոտենբերգների ընտանիքը, որի սեփականության հանգուցային ակտիվը «Մոստոտրեստ»-ն է, վեց տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների վարկանիշի առաջին հորիզոնականում՝ հետ մղելով նախկին առաջատարներին՝ Գուցերիեւներին: Այդ մասին գրում է Forbes հանդեսը:
Այս ընտանիքի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 270 միլիոն դոլարով՝ մինչեւ 5,45 մլրդ դոլար: Սա 100 մլն դոլարով պակաս է, քան 2014 թվականին, երբ ընտանիքն առաջին եւ միակ անգամը տեղ գտավ վարկանիշի սկզբում, նշում է հրատարակությունը:
Հանդեսի տվյալներով, Ռոտենբերգների կարողությունը հիմնականում ավելացել է մեկ խոշոր գործարքի՝ պետական «Գազպրոմ»-ին 75 մլրդ ռուբլով «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքի հաշվին: Երկրորդ տեղում գտնվում է Գուրեւների ընտանիքը, որը «Ֆոսագրո» ընկերության սեփականատերն է (5,1 մլրդ դոլար):
Այս տարի վարկանիշում նրանց ներառել են առաջին անգամ: Գուցերիեւների բիզնես-կլանը, որը հինգ անգամ անընդմեջ գլխավորել է վարկանիշը, այս անգամ տեղ է գտել երրորդ դիրքում. նրանց կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, ինչը 2,45 միլիարդով պակաս է, քան անցյալ տարի:
Ինչպես նշում է Forbes-ը, ճգնաժամի պատճառով, որը կապված է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի հետ, Գուցերիեւների նախագծերն անշարժ գույքի ոլորտում լրջորեն արժեզրկվել են: Չորրորդ տեղն զբաղեցրել է Շայմիեւների ընտանիքը, որը ՏԱԻՖ խմբի բաժնետերն է (2,85 մլրդ դոլար):
Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, պահպանել են հանրապետության ամենահարուստ բիզնեսմենների կարգավիճակը, սակայն անցյալ տարի նրանք երրորդ հորիզոնականն էին զբաղեցրել ցուցակում: Ինչպես նշում է հանդեսը, վարկանիշի հիմնական չափանիշներն են՝ ընտանիքները պետք է մասնակցեն ընտանեկան բիզնեսի կառավարմանը եւ դրանում բաժիններ ունենան, այդ պատճառով նոր ցուցակում չի նշվել Գապոնցեւների ընտանիքը:
Նրա ղեկավարը՝ արդյունաբերական լազերների՝ աշխարհում խոշորագույն արտադրողի՝ IPG Photonics-ի հիմնադիր Վալենտին Գապոնցեւը, ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, նրա որդին՝ Դենիսը, բիզնեսի նկատմամբ իր հայացքներով տարբերվել եւ հեռացել է IPG Photonics-ից: Անցյալ տարի նրանց ընտանիքը չորրորդ տեղն է զբաղեցրել վարկանիշում:
Հինգերորդ դիրքում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ է գտել 2,3 մլրդ դոլար կարողությամբ Եվտուշենկովների ընտանիքը, որը «Սիստեմա» ԱՖԿ-ի սեփականատերն է: Վեցերորդ տեղում 1,9 մլրդ կարողությամբ Բաժաեւներն են («Ալյանս» խումբ, «Պոլիս» խումբ), յոթերորդ դիրքում գտնվում են Ռախիմկուլովները, որոնք Kafijat ներդրումային ընկերության սեփականատերն են (1,8 մլրդ դոլար), ութերորդում տեղ են գտել Սարկիսովները (PECO խումբ, 1,7 մլրդ դոլար), իններորդում՝ Լիննիկները («Միրատորգ» ԱՊԽ, 1,35 մլրդ դոլար), տեսներորդում Միխայլովներն են («Չերկիզովո» խմբի սեփականատերերը)՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:
Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ տասն ընտանիքների միագումար կարողությունն ավելացել է 1,5 մլրդ դոլարով՝ մինչեւ 26,8 մլրդ դոլար: Նշվում է, որ դա տեղի է ունեցել հիմնականում ցուցակում նոր մասնակիցների՝ Գուրեւների ընտանիքի հայտնվելու պատճառով, որը միանգամից երկրորդ դիրքն է զբաղեցրել: Ընդ որում՝ վարկանիշում տեղ գտնելու ստորին նշաձողը նվազել է մինչեւ 1,1 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 1,16 միլիարդից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: