կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 12:47
Սփյուռք

Համայնքը պիտի հաղթահարի այս փորձությունը

Համայնքը պիտի հաղթահարի այս փորձությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

– Պարոն Գանդահարյան, օրերս կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ։ Մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը։ Ի՞նչ են լիբանանահայերը ակնկալում Հայաստանից։


– Կարծում եմ՝ նուրբ թեմա է սա, որ ունի տարբեր դիտանկյուններ և հանգամանքներ։ Նախ պետք է ճշտենք, որ հայրենադարձության օրակարգը չի վերաբերում միայն լիբանանահայությանը։ Այն օրենքների մի ամբողջություն է, որն ընդհանրապես ունեն Սփյուռք ունեցող պետությունները։ Նման օրենքների առաջնային թիրախը, կարծում եմ, ՀՀ-ից արտագաղթած զանգվածների վերադարձն է։ Սրան առընթեր կան ճգնաժամում հայտնված համայնքներ, և բնական է, որ ճգնաժամը որոշակի արտահոսքի առիթ է դառնում։ Այստեղ բանաձևն այն է, որ տագնապներ հաղթահարած լիբանանահայ համայնքը այս ճգնաժամն էլ պիտի հաղթահարի և վերականգնվի, որի համար ձեռնարկվել են արդեն բազմաբնույթ աշխատանքներ՝ շինարարական, հանգանակային, սոցիալական և այլն։ Իսկ այն լիբանանահայը, որ ուզում է թողնել երկիրը, պետք է ունենա մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն: Այս վերջին տագնապներից առաջ էլ Հայաստանը հայտնվել էր լիբանանահայերի հավաքական ուշադրության կենտրոնում։ Շատացել էին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողները, նկատելի թիվ են կազմում Հայաստանում բնակարան ունեցողները, ՀՀ-ում բարձրագույն ուսում ստացողների համեմատական աճ էր գրանցվում և այլն: Բնական է, որ երբ ճգնաժամն ահագնանա, այն մարդը, որն ունի քաղաքացիություն, ունի բնակարան, քայլ կանի դեպի հայրենիք։ Ասեմ նաև, որ թեև հասկանալիորեն ցանկություն կա Հայաստան տեղափոխվելու, սակայն խուճապային մթնոլորտ չկա Լիբանանում։ Չպետք է մոռանալ, որ Լիբանանի Հանրապետության կերտման մեջ հայ համայնքը դեր է ունեցել և այն Լիբանանը բաղկացնող գլխավոր համայնքներից մեկն է։ Զգուշավորություն է պետք՝ այն տպավորությունը չթողելու, որ համայնքի տեղափոխման խնդիր է դրված։ Կրկնում եմ՝ բանաձևը պարզ է։ Համայնքը պիտի հաղթահարի այս փորձությունը, ինչպես հաղթահարել է շատ փորձություններ։ Միաժամանակ, նա, ով ցանկանում է թողել երկիրը, հանձնարարելի է, որ գնա Հայաստան։

Ունենք իրաքահայության և սիրիահայության նախադեպերը։ Համայնքները նոսրացել են արտաքին և ներքին հանգամանքների պատճառով, բայց շարունակում են իրենց կազմակերպ կյանքը։ Լիբանանում ևս նույնն է։ Համայնքը շարունակում է իր հավաքական կազմակերպ կյանքը, թեև ճգնաժամի հետևանքով կարող են լինել արտահոսքի միտումներ։ Նման դեպքում պետք է այդ միտումները ուղղորդել դեպի հայրենիք։

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ լիբանանահայերը գան հայրենիք։ Ինչպիսի՞ նվազագույն քայլեր, օգնություն, նպաստ են ակնկալում նրանք։

– Ճգնաժամային ներհոսքի դեպքում կա սիրիահայերի որոշակի փորձը: Այդ դեպքում պետք է անվճար բժշկություն, կրթություն և սոցիալական աջակցություն։ Ճգնաժամի բերումով երկրում հայտնված մարդուն, կարծում եմ, պետք է շնորհվեն նման դյուրություններ։ Առավել ևս մաքսազերծման կամ որոշ ժամանակի համար հարկային արտոնություններ աշխատեն։ Հիմնական խնդիրը, սակայն, աշխատանքի հարցն է, ինչը միայն ճգնաժամի պատճառով հանկարծակի Հայաստան հասած մարդուն չի վերաբերում միայն․ սա գլոբալ հարց է և ընդհանրապես մարդկային հոսքերի կամ տեղաշարժերի մղիչ գործոն հանդիսացող դրդապատճառ։

– Պարոն Գանդահարյան, ըստ Ձեզ՝ Հայաստանն այսօր որքանո՞վ է պատրաստ հայրենադարձություն իրականացնելուն։

– Ինչպես ասացի՝ մեծ հայրենադարձության օրակարգն ու ճգնաժամային հայրենադարձությունը տարբեր գործընթացներ են։ Քաղաքացիություն շնորհելը, ներդրումային դաշտը գրավիչ դարձնելը, իրավական պետության կայացումը համոզիչ դարձնելը, արդար և ժողովրդավար կարգեր հաստատելը, լեզվական, մշակութային, կրթական հարցերը արտասահմանից եկածներին համապատասխանեցնելը նախադրյալներ են այդ օրակարգի իրականացման ենթահողը պատրաստելու համար։ Դեռևս աշխատանք կա, կարծում եմ, այդ ուղղությամբ։

– Որքանո՞վ է հնարավոր, որ լիբանանահայերը շատ սիրիահայերի նման Հայաստանը դիտարկեն տարանցիկ երկիր այլ երկիր տեղափոխվելու համար։

– Իրատեսական լինելու համար չի բացառվում դա։ Քաղաքացիություն ստացածների մեջ գուցե կան շատ մարդիկ, որոնք նման հեռանկարներով կամ Եվրոպա ավելի հեշտ վիզա ստանալու դիմել են, որ ստանան ՀՀ քաղաքացիություն։ Տեղաշարժերի հիմնական մղիչ գործոնը իրատեսականորեն հայրենասիրությունը կամ գաղափարախոսությունը չէ, այլ ավելի բարեկեցիկ, տնտեսապես, ֆինանսապես ավելի բարօր կյանք ապահովելու հեռանկարն է։ Դա ոչ միայն Հայաստանում ժամանակավոր հաստատված լիբանանահային կամ սիրիահային է վերաբերում, այլ նաև հայրենիքից արտագաղթածներին, մեծ հաշվով: Սա ընդհանուր մոտեցում է, թեև գիտեմ, որ այլ հարգելի պատճառներով էլ գնացածներ կան երկու հատվածներում էլ:

Սիրանույշ Պապյան