կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 22:39
Տնտեսական

Համայնքներում գործազրկություն կա, բայց աշխատող չկա․ տնտեսագետի բացատրությունը

Համայնքներում գործազրկություն կա, բայց աշխատող չկա․ տնտեսագետի բացատրությունը

NewArmenia.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

-Պրն Ավետիսյան, օգոստոսի 6-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գործազրկությունից, ասաց, որ մի կողմից էլ աշխատուժի խնդիր ունենք, և օրինակ բերեց, որ Պառավաքարում նոր արտադրամաս է բացվում մոտ երկու հարյուր հազար աշխատատեղով և աշխատուժ ներգարվելու խնդիր կա։ Վարչապետի խոսքով նույնիսկ օրական ութից-տասը հազար դրամով է դժվար տեղում աշխատող գտնել։ Արդյո՞ք օրական ութից-տասը հազար դրամը չի համարվում բարձր աշխատավարձ գյուղական համայնքներում, որ գյուղացին աշխատանքի ներգրավվի։

— Եթե հեռավոր սահմանամերձ բնակավայրում նոր արտադրություն է բացվում, բնական է, որ աշխատուժը կազմ պատրաստ չի սպասում, որ ինչ-որ մեկը կարող է գալ ու ներդրում անել, և իրենք էլ վաղվանից անցնեն աշխատանքի։ Այստեղ խնդիրը մի քանի հարթության մեջ է՝ գործատուի պահանջներն աշխատուժի որակի հետ կապված միշտ չէ, որ կարող է բավարարվել, իսկ երկրորդ խնդիրը հենց վարձատրությունն է։ Այսինքն այդ ութը-տասը հազար դրամ օրական աշխատավարձի դեպքում նաև շատ կարևոր է հաշվի առնել պայմանները, թե օրական քանի ժամ են աշխատելու, ամսվա մեջ քանի օր են աշխատելու, որովհետև օրվա աշխատավարձի չափը դեռ բավարար չի ամբողջական պատկերացում կազմելու համար։ Օրինակ եթե ամիսը աշխատելու են տասը օր և ստանալու են ութսուն հազար դրամ՝ սա մի բան է, կամ ինչպիսի ռեժիմով են աշխատելու, որովհետև, ցավոք, Հայաստանում դեռ թույլատրելի է օրական քսանչորս ժամյա ռեժիմը՝ հետևաբար այդ օրավարձը ութ ժամվա համար է, թե քսանչորս ժամվա համար։  Կարևոր է նաև բնակավայրի հեռավորությունը աշխատավայրից, թե ինչքան ծախս պետք է անի աշխատողն այնտեղ հասնելու աշխատելու և վերադառնալու համար։ Քանի որ շատ հաճախ հեռավոր բնակավայրերում չկա տրանսպորտ, և մարդիկ պետք է գնան՝ օրինակ տաքսիով, և այդ բոլոր ծախսերը հաշվի առած՝ գուցե և այդ աշխատավարձը չբավարարի։

Արձանագրելով սա՝ կարող ենք ասել, որ մեր զբաղվածության պետական ծրագրերն ըստ էության չեն աշխատում։ Վարչապետի հայտարարած փաստը խիստ մտահոգիչ է, որովհետև մենք ունենք Զբաղվածության պետական գործակալություն՝ հիսունմեկ տարածքային կենտրոններով, որտեղ աշխատում են երեք հարյուրից ավելի մասնագետներ, և կան իրականացման տարեկան շուրջ երկու մլրդ դրամի աջակցության ծրագրեր, իսկ այդ ծրագրերը հենց այդ խնդիրը լուծելու համար են։ Նոր ստեղծվող աշխատատեղերը պետք է լինեն Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական տիրույթում։ Ես չեմ կարծում, որ մարդիկ սոված նստելու են և տասը հազար դրամ աշխատավարձով չեն աշխատելու։ Եթե աշխատավարձը բավարարում է, և մարդը չի աշխատում, դա նշանակում է, որ գործատուն չի վերցնում նրան աշխատանքի՝ ինքը պետք է տեսնի՝ կարողանում է նա աշխատի, թե ոչ։ Վարչապետի բերած օրինակը զբաղվածության քաղաքականության հիմնական խնդիրն է։ Այդ ծառայությունները նախապես պետք է այդ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն ունենային, և այդ համայնքներում հազարավոր գործատուներ կան՝ այդ թվում կանայք, որոնք պատրաստ են տեքստիլ արդյունաբերությունում աշխատելու, և եթե նորմալ աշխատանքային ռեժիմով հաշվենք օրական տասը հազար դրամը, մենք խոսում ենք երկու հարյուր քսան հազար դրամ ամսական աշխատավարձի մասին։ Այստեղ խնդիրը մասնագիտական ունակությունների և կարողությունների մասին է, գործատուն ուզում է միանգամից մասնագետի վերցնի, իսկ պոտենցիալ աշխատողները չունեն այդ հնարավորությունները, և ստացվում է, որ թափուր աշխատատեղը չի համալրվում։ Իսկ զբաղվածության պետական բյուջեով հատկացվող միջոցներով իրականացվող ծրագրերի հիմնական նպատակը օրինակ՝ անվճար վերապատրաստումն է, որը կարող էր իրականացվել հենց այդ նույն գործատուի մոտ, և  մարդիկ վերապատրաստվեին ու դառնային աշխատող։ Կամ գործատուին տրվի այդ միանվագ աջակցությունը, որպեսզի ինքը կազմակերպի  որոշակի կարողությունների, հմտությունների տրամադրում պոտենցիալ աշխատողներին և վերցնի աշխատանքի։ Կամ աշխատավարձի մասնակի փոխհատուցումը, սկզբում կաշխատեն ցածր արտադրողականությամբ, բայց հետո կհմտանան կսկսեն աշխատել բարձր արտադրողականությամբ, և գործատուն չի կրի կորուստներ, որովհետև պետությունն այդ ցածր արտադրողականության համար վճարում է։ Եվ այս խնդիրները հաշվի առնելով ենք բարձրաձայնում, որ զբաղվածության պետական ծրագրերի աննախադեպ թերակատարումն անթույլատրելի է։ 2018թ․-ին 75 տոկոս թերակատարում է արձանագրվել, իսկ 2019-ին 50 տոկոս։

-Կա՞ վերլուծություն, թե ներկայումս որքան է գործազուրկների թիվը, ինչպես նաև ինչքան աշխատուժի անհրաժեշտություն կա, որ չի համալրվում։

-Գործազուրկների թիվը 230.000 է մեր երկրում, որոնք բաշխված են տարբեր բնակավայրերում։ Ինչ վերաբերում է մյուս թվին՝ Զբաղվածության պետական գործակալությունը շուրջ երկու-երեք հազար թափուր աշխատատեղ ունի գրանցված, որի կեսը չլրացվող են։ Այսինքն աշխատատեղեր են, որոնք տարբեր պատճառներով հնարավոր չի լրացնել՝ ցածր աշխատավարձ, գործատուի պահանաջները բավարարող մասնագետի բացակայություն, և այլն։ Կա նաև տարբեր հետազոտությունների գնահատում, որ գործատուների ընդամենը տասը-տասնհինգ տոկոսն է Զբաղվածության պետական գործակալության հետ ինտենսիվ աշխատում և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն տալիս։ Սրա պատճառներից մեկն այն է, որ գործատուները, մեկ-երկու անգամ դիմելով Զբաղվածության պետական գործակալություն, չստանալով արդյունք, հետո չեն դիմում։ Ինչ վերաբերում է նպաստառուներին պետական ծառայողները պետք է նպաստառուների վերլուծություն անեն, գնան ամեն մի դեպքի հետքով, տեսնեն որն է իրական պատճառը, որ մարդը չի աշխատում և նպաստ է ստանում՝ թամբա՞լ են, թե՞ չունեն գումար հմտություններ ձեռք բերելու, վերապատրաստվելու, որպեսզի կարողանան աշխատել։

-Դուք նշեցիք, որ գործազուրկների թիվը 230.000 է մեր երկրում, այդ թվում ավելի շատ ընգրկված են հաշմանդամություն ունեցողները, թե հաշմանդամություն չունեցող երիտասարդները։

-Հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը տասը տոկոսն է, որ ունի զբաղվածություն։ Երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը միջին մակարդակից երկու անգամ բարձր է, այսինքն քսանհինգ տոկոսից ավելը երիտասարդների շրջանում գործազուրկ են, և նրանք այդ 230.000 թվի մեջ են ներառված։

Նարա Մարտիրոսյան