կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-21 12:02
Տարածաշրջան

Ահաբեկչություն, գործազրկություն, թանկություն. 2016թ. Թուրքիայի առաջնային խնդիրները

Ահաբեկչություն, գործազրկություն, թանկություն. 2016թ. Թուրքիայի առաջնային խնդիրները

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը հրապարակել է 2016թ. վերաբերյալ անցկացված սոցիալ-քաղաքական ուղղվածությամբ հետազոտությունների արդյունքները: 2011թ.-ից անցկացվող այս ամենամյա հետազոտությամբ փորձ է արվում պարզել Թուրքիայի առաջնային հիմնախնդիրները. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկրի բնակչության կարծիքով` նախորդ տարի ամենակարևոր խնդիրը դարձյալ եղել է ահաբեկությունը:

Հետազոտության շրջանակներում հարցում է արվել Թուրքիայի 26 նահանգների խոշոր քաղաքների բնակիչներին: Հարցվածների 35 տոկոսը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի ամենակարևոր խնդիրը ահաբեկչությունն է: Ի դեպ, 2015-ին կատարված հետազոտության ընթացքում ահաբեկչության դեմ պայքարը կարևորել էր բնակչության 39 տոկոսը:

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական համայնքի (FETÖ) գործունեության դեմ պայքարը կարևոր է համարել հարցվածների 25.2 տոկոսը: Այսպիսով, այն համարվել է Թուրքիայի երկրորդ ամենակարևոր հիմնախնդիրը: Նշենք, որ 2015թ. այդ խնդրին նշանակություն էր տվել հետազոտության մասնակիցների ընդամենը 1.3 տոկոսը:

Երկրի առաջնային խնդիրների ցանկում 3-րդ հորիզոնականում գտնվում է գործազրկությունը: Այս մասին հիշատակել է հարցվածների 10.5 տոկոսը:

Հետազոտության մասնակիցների 9.8 տոկոսը կարևոր խնդիր է համարել երկրում տիրող թանկությունը: Հավելենք, որ հարցվածների 71.7 տոկոսն ընդունել է, որ Թուրքիան գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ:

Հարցվածների 37.5 տոկոսը համաձայնել է այն մտքի հետ, որ Թուրքիան կանգնած է մասնատման վտանգի առաջ: 2015թ. նույն այդ կարծիքին է եղել հետազոտության մասնակիցների 54.2 տոկոսը:

Բնակչության 59.8 տոկոսը հավանություն է տվել 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը: Սակայն արտակարգ դրության ժամկետի երկարացմանը հարցվածերի մեծ մասը դեմ է արտահայտվել:

Բնակչության 41.7 տոկոսը ճիշտ է համարել արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում մամուլի սահմանափակումները, իսկ 44 տոկոսը դեմ է արտահայտվել:

Կատարված հարցումների համաձայն՝ Թուրքիայի ամենավստահելի կառույցը նախագահականն է: Այս պետական կառույցին վստահություն է հայտնել հարցվածների 49.4 տոկոսը: Այս առումով երկրորդ տեղում բանակն ու ոստիկանությունն  են՝ 47.4 տոկոս: Նշենք, որ նախորդ տարի բանակի նկատմամբ հանրության վստահությունն ավելի բարձր էր և կազմում էր 62.4 տոկոս: