կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 17:12
Իրավական

Ինչո՞ւ է Սեյրան Սարոյանի որդին ազատ արձակվել. դատախազության բացատրությունը

 Ինչո՞ւ է Սեյրան Սարոյանի որդին ազատ արձակվել. դատախազության բացատրությունը

Օրեր առաջ yerkir.am-ն անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Օգոստոսի 30-ին ոստիկանությունում հաղորդում են տվել այն մասին, որ գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, «Հացատուն» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է պարկուճ և փամփուշտներ: Նույն օրը դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին, որտեղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ձերբակալվել էր Ս. Սարոյանի որդին՝ Ա. Սարոյանը, սակայն մարզի դատախազի տեղակալի որոշմամբ արգելանքից ազատվել էր:

Այս կապակցությամբ yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել դատախազությանը՝ ճշտելու, թե ո՞րն է Ա. Սարոյանի՝ արգելանքից ազատման պատճառը:

Ի պատասխան մեր հարցմանը, դատախազությունից հայտնեցին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ս.-ն: Նրա ձերբակալման արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված` հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալման որևէ հիմքի առկայությունը: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ձերբակալումը կատարվում է`

1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կողմից հետևյալ հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե`

1) նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո. 2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի. 3) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր. 4) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1311–րդ հոդվածի համաձայն` ձերբակալման արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 17-ին կազմված Ա.Ս.-ի ձերբակալման արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կազմվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1311 –րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, այն է` չի նշվել ձերբակալման հիմքերը և նպատակը: Բացի այդ, քրեական գործի նյութերի և 2015 թվականի սեպտեմբերի 17-ին կազմված Ա.Ս.-ի ձերբակալման արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված հանցանք կատարալու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալման որևէ հիմքի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով դատախազը որոշում է կայացրել ազատ արձակել առանց օրինական հիմքերի 2015 թվականի սեպտեմբերի 17-ին ձերբակալված Ա. Ս.-ին: Նախաքննությունը շարունակվում է»: