կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 10:12
Տնտեսական

Աճող գործազրկություն

Աճող գործազրկություն

Ըստ պետեկամուտների կոմիտեի` այս տարվա 9 ամսվա կտրվածքով` 420 ընկերություն հայտարարագրել է 100 և ավելի աշխատողներ:

 

Աշխատակիցների թվով ցուցակի առաջին տեղը զբաղեցնող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվը կրճատել է 235-ով` 7622-ի փոխարեն այս տարի հայտարարագրելով 7385: Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատոր «Արմենիա Տելեֆոն Քոմփանի» ընկերությունն իր հերթին պակաս է հայտարարագրել 139 աշխատող:

 

Կրճատումների այս «շքերթը»` արդեն երկնիշ թվերով, շարունակում են «Երևան ջուրը»` 71 հոգի, «Հայջրմուղը»` 57 հոգի, «Նաիրիտը»` 64 հոգի, «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը»` 72 հոգի և տասնյակ այլ ընկերություններ:

 

Զուգահեռաբար կան նաև ընկերություններ, որտեղ աշխատակիցներ են ավելացել: Պարզապես ընկերություններում աշխատողների և ավելացումների ու կրճատումների իսկությունը միշտ էլ կասկածի տակ է առնվում այն պարզ պատճառով, որ մի կողմից գործատուները փորձում են ամեն գնով պակաս աշխատակիցներ հայտարարագրել, մյուս կողմից՝ պետությունը փորձում է թաքցնել գործազրկության իրական աճը:

 

Եթե հավատալու լինենք ԱՎԾ տվյալներին, ապա գործազրկությունը մեզ մոտ 7-7,2 տոկոսից չի անցնում: Եթե հավատալու լինենք հարկային մարմիններին, ապա նրանք ամեն ինչ անում են` թաքնված աշխատողներին բացահայտելու և հարկային դաշտ բերելու ուղղությամբ: Այնպես որ, պարզ չէ` հիմա սրանք իրական կրճատումնե՞ր են, որոնց ընկերությունները գնացել են անհրաժեշտաբար, թե՞ վերջիններս փորձել են այսպիսով խուսանավել հարկային պարտավորություններից:

 

Երկու դեպքում էլ իշխանությունները մտածելու շատ բան ունեն: Հաճախ են երկրիս առաջին դեմքերը հպարտորեն ինչ-որ կարմիր «լենտչկաներ» կտրում` ի ցույց, թե աշխատատեղեր ավելացան: Սակայն ճգնաժամային այս տարիներին, ինչպես փաստում է վիճակագրությունը, ավելի շատ կրճատվում է աշխատատեղ, քան ստեղծվում: