Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորև ներկայացնում ենք Արա Նռանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը` հրապարակված IAREX ռուսական լրատվական գործակալության կողմից: Հղումը՝ ստորև։
Բելառուսի իրադարձությունները լավ առիթ են հերթական անգամ մտորելու հետխորհրդային տարածքի գործընթացների մասին («գունավոր» հեղափոխություններից մինչև Հայաստանի «թավիշը» երկու տարի առաջ): Ո՞րն է նորանկախ պետությունների քաղաքական կառուցվածքի և պետական կառավարման փխրունության պատճառը:
Նախկին ԽՍՀՄ տարածքում «գունավոր» և «թավշյա» հեղափոխությունների մասին շատ է գրվել: Եվ դեռ շատ հետազոտություններ կգրվեն հետագայում: Սորոսյան ֆինանսավորում, վայրենի և ոչ քաղաքակիրթ Արևելքում ժողովրդավարարությամբ մտահոգ արևմտյան հիմնադրամներ, «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ», «բնապահպաններ», «ֆեմինիստներ», կրոնական աղանդներ, ոչ ավանդական կողմնորոշումների երկրպագուներ, սակրալ զոհեր, «հեղափոխության» սիմվոլներ, զանգվածների վրա ներազդեցության տեխնոլոգիաներ, ինտելեկտի և քննադատական վերլուծության դրսևորումների ճնշումներ, զանգվածային պսիխոզի խթանում, բնակչության բազմամյա մշակում առասպելներով և հեքիաթներով, սոցիալական ցանցերի ֆեյք-արդյունաբերություն և այլն... Այդ ամենը, անշուշտ, շատ և շատ հետաքրքիր է: Հատկապես երկրում ընթացող գործընթացների արդարացման և հիմնավորման համար: Սակայն ավելի կարևոր է նման գործընթացների իրական պատճառների վերլուծությունը, դասերի քաղումը և այդ իրավիճակին հասնելու պատճառների ընկալումը: Դասերն առաջին հերթին պետք է քաղի իշխանությունը, որն այդ ժամանակ զբաղված է եղել բոլորովին այլ գործերով:
Այլ պետությունների ներքին գործերին միջամտելու նախագծերը, հասարակական կայունության և անվտանգության խարխլմանն ուղղված դիվերսիաները, պետության դիրքերի թուլացումը ներսում և միջազգային հարթակում, տարեց տարի կատարելագործվում են, տեխնոլոգիաները նորացվում են, նախկին անհաջողություններից արվում ենհետևություններ: Սակայն առկա է զգացումը, որ այն կողմը մշտապես «կատարելագործվում» է, իսկ իշխանությունը, որն առաջին հերթին պատասխանատու է պետության համար, այդպես էլ ոչ մի հետևություն չի անում:
Ավտորիտար իշխանություններն ունեն շատ ընդհանրություններ: Նրանք միշտ համոզված են, որ.
ա) միայն իրենք են մտահոգ երկրի ապագայով և միայն իրենք են մտածում պետության մասին,
բ) եթե իրենք չլինեն, ապա պետությունը կփլուզվի և իրենք չեն կարող իրենց թույլ տալ իշխանությունը հանձնել «ում պատահի»,
գ) իրավիճակն այնքան վերահսկելի է, որ իրենց անամպ կառավարմանը ոչինչ չի սպառնում,
դ) ուժային կառույցները և փողը ի վիճակի են լուծել ամեն ինչ:
Եվ նույնիսկ իշխանությունը, որը, մեղմ ասած, շատ և շատ հեռու է արդյունավետ համարվելուց, մտածում է, որ այնքան էլ վատ չի կառավարում երկիրը: Արդյունքում հենց նմանդեպքում էլ իշխանությունը փոխանցվում է«ում պատահի»` իշխանության է գալիս «փողոցը»: Բառի բուն իմաստով: Եվ մինչ իշխանությունը պաթոսով իրեն պատռում էր ինքնիշխանության և անվտանգության համար, իր քթի տակ կետային ոսկերչական ճշգրտությամբ և նպատակային աշխատանքով երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում տարիներով աճեցվում էրգործակալական ցանց: Եվ խոսքը միայն ազդեցության գործակալների մասին չէ...
Ավտորիտար իշխանության նման երկրների մոդելը կարելի է բնութագրել որպես «ուժեղ իշխանություն, թույլ պետություն»: Թվում է պետությունն այնքան ուժեղ է, որ ի վիճակի է մշտապես ապահովել սեփական վերարտադրությունը, սակայն արդյունքում ստացվում է թույլ պետություն առանց մրցակցային և արդյունավետ կառավարման: Մյուս կողմից շատ պետություններում գործում է հակառակ մոդելը «թույլ իշխանություն, ուժեղ պետություն», այսինքն դաժան քաղաքական մրցակցության պայմաններում գործող իշխանության վերընտրվելը երաշխավորված չէ: Բայց այդ մրցակցությունից շահում է պետությունը և հասարակությունը:
Որպեսզի ապահովի սեփական վերարտադրությունը, ավտորիտար իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի նորմալ մրցակցային քաղաքական համակարգի փոխարեն լինի դրա իմիտացիան: Քաղաքական կուսակցությունները, գաղափարապես ուժեղ մրցակիցները վարկաբեկվում են, խրախուսվում են ծախվելը, ագահությունը, դավաճանությունը, կոռուպցիան: Արհեստականորեն ստեղծվում և առաջ են մղվում պոպուլիստական բուֆերային կուսակցություններ, որոնք ղեկավարում են իշխանությունների կողմից վերահսկվող կիսակրիմինալ տարրերն ու ֆինանսա-օլիգարխիկ խմբերը: Նման բուֆերային կազմակերպությունների նպատակն է քաղաքականության, քաղաքական գործիչների վարկաբեկումը, հասարակությունում առողջ բանավեճի բացառումը, գաղափարների և ծրագրերի փոխարինումը պոպուլիզմով և պարզունակությամբ, ինչպես նաև ընդդիմության ընտրազանգվածի փոշիացումը:
Ինտելեկտը, գաղափարախոսությունը և սկզբունքները ոչ միայն դառնում են ծաղրանքի առարկա, այլ նաև կասկածի տակ է դրվում դրանց գոյությունը: Խախտվում է քաղաքական համակարգի ամբողջությունը, որը պետք կազմված լինի հակադրությունների` իշխանության և ընդդմիության, միասնությունից և պայքարից:
Կեղծ իրականությունում ապրող հանրությունը հեշտությամբ դառնում է արտաքին ուժերի և ներսում հինգերորդ շարասյան մանիպուլյացիայի առարկան, իսկ մակերեսային ավտորիտարիզմը առանց պետականության ամուր հիմքերի թղթե տնակի պես քանդվում է«գունավոր» տեխնոլոգիաների պարբերական հարվածներից:
Սոցիալական ընդվզումները, դժգոհությունը իշխանությունից, ձգտումը դեպի փոփոխություններ եղել են միշտ և ամենուր: Սակայն երբ դա իրականացվում է միասնական քաղաքական համակարգի շրջանակներում, ապա իշխանության, առաջնորդների, կուսակցությունների փոփոխությունը ապահովում է ողջ պետության կայունությունը: Շատ հետազոտություններ են նվիրված «խորքային պետությանը»: Իրականում այդ երևույթը բնորոշ է ավելի մեծ թվով պետություններին Եվրոպայում և Ասիայում, քան ավանդաբար ընդունված է համարել (Թուրքիա, ԱՄՆ, ՌԴ): Հենց այդ պատճառով քաղաքական ցնցումները այդպիսի պետություններում չեն հանգեցնում ողջ պետական կառավարման համակարգի փլուզմանը, որովհետև, ի վերջո, բոլոր գործընթացները, որոնք կատարվում են արդեն առկա քաղաքական համակարգի շրջանակներում, չեն կարող արմատապես թուլացնել կամ ոչնչացնել պետությունը: Սակայն հաճախ բացառապես սեփական իշխանությամբ մտահոգված ավտորիտար իշխանությունները կամ քանդում են պետության խորքային հիմքերը (ինչն այսօր տեսնում ենք Թուրքիայում), կամ անում են ամեն ինչ, որ պետությունը ասոցացվի բացառապես իրենց հետ (հետխորհրդային հանրապետություններ):
Մարդիկ կարող են ոչ միայն պարզապես դժգոհ լինել իշխանությունից: Այն կարող է պարզապես ձանձրացրած լինել: Նույնիսկ զուտ վիզուալ... Պետությունում պետք է գործի միասնական քաղաքական դաշտ, որի շրջանակներում փոխվեն դեմքերը, ղեկավարները, իսկ բնակչության ակտիվ մասը միշտ ունենա սեփական էներգիայի ինքնադրսևորման մեխանիզմներ՝ գործող սահմանադրական հիմունքների շրջանակներում: Եթե նման քաղաքական համակարգ չկա կամ այն վարկաբեկված է, ապա դրա այլընտրանքը դառնում է փողոցը:
Ցանկացած ղեկավարի պատմական գնահատականը ոչ միայն իր գործունեությունն է պետության ղեկին կամ ինչ բարձունքների ու դիրքերի է հասել երկիրը իր օրոք, այլ նաև այն, թե ում է թողել իրենից հետո: Գեղեցիկ ու ժամանակին հեռանալը և իշխանությունը հանձնելը «ճիշտ» իրավահաջորդին ոչ պակաս կարևոր է:
Ի դեպ, պոպուլիստական իշխանությունը նույնպես չի խուսափի տխուր ճակատագրից, եթե չունենա խելք և իմաստություն ստեղծել այդ իսկական մրցակցային քաղաքական կյանքը գաղափարների ու ծրագրերի պայքարով և իշխանության խաղաղ փոխանցումով նոր գրագետ ու պատրաստված քաղաքական վերնախավին:
Նախորդ «ատելի», «կոռումպացված» և «մերժված» իշխանության հետ ընտրազանգվածը առանձնապես հույսեր չէր կապում, բայց չէ՞ որ նորը ժողովրդի ծոցից է: Այդ պատճառով դեռ վերջերս աստվածացնող, իսկ այսօր արդեն հիասթափվող հանրությունը միայն չի մերժի երբեմնի կուռքերին, ինչպես դա արեց նախորդ իշխանությանը: Նույն ամբոխը, որն իշխանության բերեց պատահական մարդկանց, ոչ միայն կլարի նրանց իշխանական աշխատասենյակներից, այլ նաև կծեծի: Հնարավոր է նաև քացով...
Արա Նռանյան
16 օգոստոսի
IAREX ռուսական լրատվական գործակալություն
https://iarex.ru/articles/77007.html