կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 13:13
Քաղաքական

Շնորհակալ եմ ԿԳՄՍ «նախարարից»

Շնորհակալ եմ ԿԳՄՍ «նախարարից»

Շնորհակալ եմ ԿԳՄՍ «նախարարից», որովհետև նույնիսկ փողով չէինք կարողանալու ՀՅԴ-ի ի նպաստ էսքան քարոզչություն անել։ Իր գրածի բովանդակությունը չէ այդ ՀՅԴ-ամետ քարոզչության հիմքը, այլ այն աջակցությունը, որ կարող է այդ գրությունը ունենալ՝ արդեն մաղձով կուրացած մի շարք մարդկանց աչքերը բացելու համար։ Ընդամենը՝ կարող է…

Բայց ի՞նչ է գրել այդ ԿԳՄՍ «նախարարը». նա իր ՖԲ էջում, երեկ համարյա կես գիշերին, գրառում է կատարել. «Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում: Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»:

Առաջի անգամ չի, որ այս «տիարը» (ուղղագրական սխալ չփնտրեք) դրսևորում է իր վատ սովորող լինելու փաստը։ Այս «տիարը» չի կարդացել այս կայքէջում լույս տեսած հոդվածներից գոնե մի քանիսը, որոնք անդրադառնում են «Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող» «ուժին» («0 տոկոս քաղաքական ազդեցություն ունեցող») ուղղված մեղադրանքների սուտ, շինծու, կեղծ, զրպարտություն լինելու փաստին։ Հիշենք ընդամենը երկուսը. «Իրականությունը կեղծելու անհաջող փորձը» (4 հունիսի 2020 թ.),Պարզաբանումներ Հ. Քաջազնունու հեռագրի վերաբերյալ (15 հունվարի 2019 թ.)։

Եթե այսքան բացահայտ սուտը կրկնելու գայթակղությանն է տրվել «տիարը», պատկերացրեք թե իր մյուս մեղադրանքները («Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող», «ամբողջ կյանքներդ Ձեր նեղ խմբակային շահին» ծառայած, «այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը») ինչքա՜ն «հիմնավոր» են։

Այս բոլորով հանդերձ, ես ասում եմ` «նախարարի» գրառումը ՀՅԴ-ի ի նպաստ քարոզչություն է։ Ինչու՞։ Որովհետև, մաղձից կուրացածները ընդամենը ութ օր առաջ տարածեցին մի գրություն, որտեղ մեզ դաս էին տալիս. «Ցավալի է, որ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության եւ կուսակցության Հայաստանի կառույցի անունից խոսող մարդիկ դեռ չեն հասկացել, որ հայրենի մեր ժողովուրդը Դաշնակցության հանդեպ կեցվածք է ճշտում ոչ թե Սփյուռքում, այլ Հայաստանում իրենց գործունեության համար: Եթէ Հայաստանի քաղաքացիների 98 տոկոսը մերժում է Դաշնակցությունը, ապա պետք է այլեւս ըմբռնել, որ այդ մերժումը ոչ թե Դաշնակցության Սփյուռքի գործունեության համար է, այլ՝ հայաստանյան վերջին 23 տարիների գործունեության համար»:

Այս տողերի հեղինակը կարող է չի իմանում, որ 1991 թվականին, անկախության հանրաքվեից շաբաթներ անց կայացած ՀՀ նախագահական առաջին ընտրություններին, երբ Դաշնակցությունը Հայաստանում եղել էր հազիվ երկու տարի եւ Արցախում մղում էր ազատագրական կռիվ, Դաշնակցության թեկնածուն ստացավ ընդամենը ՉՈՐՍ ՏՈԿՈՍ։ Այդ ժամանակ էլ մարդիկ զարմանում էին թե ո՞նց կարող է անկախության համար քվեարկած ժողովուրդը նման գնահատական տա մի կուսակցության, որ տասնամյակներ շարունակ վառ էր պահել անկախության գաղափարը, մենակով պահպանել ու պաշտպանել Եռագույնը ու հասցրել մինչև դարձյալ անկախացող Հայաստան, զենք էր հասցնում Արցախ… ։ Էլի՛ «պատճառներ» գտած «տիարներ» կային. «Լևոնի դեմ չպետք էր գնալ», «ՀՅԴ թեկնածուն (Սոս Սարգսյանը) նախագահի լավ թեկնածու չէր» եւայլն։

Բայց իրականությունն այն է, որ, ինչպես այսօրվա մեր «տիար» «նախարարը», մենք այստեղ դաստիարակվել ենք ՀՅԴ-ի դեմ վերոնշյալ եւ այլ բացահայտ ստերով, որոնք շարունակվում են նաև այսօր. բացահայտ ստեր՝ թե՛ երեկվա, թե՛ այսօրվա իրականությունների մասին։ Հատկապես բոլշևիկ կամ մերօրյա լիբերալ գաղափարներով մարդկանց ուղեղներում, նույնիսկ գեներում, արմատ են գցել այդ բացահայտ ստերը։ Այդ բացահայտ ստերը մեր մեջ  սրսկել են թե՛ դասագրքերով, թե՛ կինոներով ու գրականությամբ, թե՛ ղեկավար դիրքերի վրա նստածների տարբեր ելույթներով։ Բացահայտ ստերը գնում են շատ հին, մինչև Դաշնակցության հիմնադրման ակունքները։ Եվ այսօր Դաշնակցության դեմ դուրս եկած, հին թե նոր հոկտեմբերյան հեղափոխության շարունակողները բան չգտնեն ասելու՝ կխոսեն այն մասին թե «Ռուբենը սպանեց Չավուշին», «Դաշնակցությունը չգործակցեր Երիտթուրքերի հետ՝ Ցեղասպանություն չեր լինի», «Առաջին Հանրապետության ՀՅԴ ղեկավարները չլինեին արևմտամետ՝  Հայաստանը սովետական չեր դառնա», «Դրոն ծրագրում էր նացիստների ու թուրքերի հետ գրավել սովետական Հայաստանը», հասնելու համար մինչեւ մեր այսօրվա «տիար» «նախարարի» գոհարներին։

Մեր մեջ նաև եղել են նրանք, շատերը, հազարավոր, տասնյակ հազարավորները, որոնք հասկացել են այս բացահայտ ստերի սուտ լինելը եւ ոչ միայն չեն հավատացել դրանց, այլ դրա մեջ տեսել են Դաշնակցության ուժի չափը. «եթե էսքա՜ն սուտ են խոսում ՀՅԴ-ի մասին, ուրեմն նա իրենից մի բան ներկայացնում է»։ Ճիշտ այնպես, ինչպես մեր «փրկիչ» վարչապետն է ասում. «զրո տոկոս քաղաքական ազդեցության ուժ»։ «Այ մարդ, որ էդպես է, ինչի՞ ես շունչ վատնում պատմության գերեզմանի կամ աղբամանի եզրին գտնվող ուժի մասին խոսելով»։

Հա, մոռանում էի մաղձից կուրացածների մասին։ Կտեսնե՞ն նրանք որ իրենք մաղձից կուրացել են եւ ի զուր տեղն են իրար մեջ վիճում, թե ո՞րն է Հայաստանում Դաշնակցության գործած սխալների ժամանակաշրջանը. վերջին երեսո՞ւն և ավել տարիներին, վերջին քսաներե՞ք տարիներին, վերջին քսա՞ն տարիներին, վերջին երկո՞ւ տարիներին։ Նրանք հավատացել են, կույր հավատով հավատացել, որ իրենք են իսկական «ուղղամիտ եւ անվախ դաշնակցականները», թեկուզ թաքնվեն «հավատավոր ընկերների» հետև։ Նրանք հավատում են, որ իրենց կորցրած ուղու փոխարեն իրենք գտել են «իրե՛նց ուղին»։ Իրականում, իրենք չեն էլ իմանում, որ «իրե՛նց ուղին» շատ հին ուղի է Դաշնակցությունից հեռացվածների ու հեռացածների կողմից բացված, որ չի տարել ու չի տանում ոչ մի տեղ, դա ընդամենը եղել է ու կմնա «հարթակ», որից ևս կարող ես ընկնել ցած։ Տարբեր ժամանակներում էդ «ուղուց» անցել են շատերը, ու «հարթակից» ընկել են Դաշնակցության մեջ ու Դաշնակցության միջոցով ազգին շատ ավելի մեծ ծառայություններ մատուցած մարդիկ, երբեմն գաղափարական տարակարծության պատճառներով։ Բայց այսօրվա «ուղեվորները» ուրիշ են. նրանք միշտ գաղափարական շղարշով են ծածկել ու ծակում իրենց եսակենտրոն, ինքնահավան, ավելին՝ ի՛նքնասիրահարված մղումները։ Թող չշփոթվեն նրանք ու չփորձեն հպարտանալ. այդ ուղուց չեն անցել ո՛չ Անդրանիկը, ո՛չ Նժդեհը, ո՛չ Քաջազնունին, ո՛չ իսկ Վազգեն Շուշանյանը կամ Անդրանիկ Ծառուկյանը. նրանք եղել են ուրի՛շ տեսակի, ուրի՛շ կալիբրի մարդիկ։ «Իրե՛նց ուղին» բացել են Խոսրով Թյությունճյաններն ու Հրաչ Թուրիկյանները։

Թյությունճյանը դեռ 1959 թ.-ին գրել է մի գիրք՝ «Բյուրոյական սնանկությունը և իրավ Դաշնակցության ուղին». գնահատականներն ու բառերն իսկ նույնն են։ Գրքում ի միջի այլոց գրել է. «Բյուրոյական Դաշնակցությունը, հանձին ողբացյալ Դրոյին ու Վ. Նավասարդյանին եւ ընկերներուն, հայ մեծ կուսակցության շենքին կպարտադրեր օտարի կամքով դրսևորված պարտականություններու անպատիվ շղթա մը»։ Էլի ուրիշ բաներ է գրել։ Բառերն ու անունները փոխելով՝ ստանում ենք այսօր «Իրենց ուղին» բռնածների, մաղձով կուրացածների, ի՛նքնասիրահարվածների տարբեր «հարթակներում» գրառումները։

Արդեն 94 տարեկան Հրաչ Թուրիկյանն էլ մեկ գրքում հավաքել է իր «Հուշեր ու խոհեր»ը, որը նվիրում է, իր «ծնողների անմոռանալի հիշատակի» հետ՝ «կուսակցական այն բոլոր ընկերներուս, որոնք … չենթարկվեցան իրենց անձնական շահերուն հետամու խումբ մը այլասերած, պատեհապաշտ անձերու քմահաճույքին և պայքարեցան անոնց ազգավնաս ու արկածախնդրական քաղաքականության դեմ»։ Չշփոթվեք, այս «տիարը» Դաշնակցության շարքերում չէ դեռ… 1970-ականների երկրորդ կեսից. իր գրածը վերաբերվում է մինչ այդ ու դրանից հետո Դաշնակցության պատասխանատուների։ Սա էլ ունի ինքնասիրահարվածության նո՛ւյն հիվանդությունը, ինչով վարակվել են տարիքով ավելի փոքրերը. «Նկարագրիս այս գիծը՝ ճշմարտությունը ըսել, դժբախտաբար, պատճառ դարձած է, որ շատեր դժգոհ ձգեմ և կուսակցական կյանքիս մեջ տուժեմ անձնապես։ Այսօր խղճի և սրտի ամենայն հանդարտությամբ կրնամ հայտարարել որ բնավ թերացած չեմ կուսակցական պարտականություններուս մեջ, և ի գին անձնական զոհողություններու, բնավ չեմ դավաճանած Դաշնակցության հիմնական սկզբունքներուն»։ Անշուշտ՝ ինքն իր համար և՛ ճշտել է այդ «հիմնական սկզբունքները», և՛ որոշել՝ որ ի՛նք «բնա՛վ չի՛ թերացել»… Այս «տիարն» էլ, ի շարս այլ անունների, գրել է. «Ուրիշ բան սպասելի չէ Մարուխյանի, Տանապետյանի, Փափազյանի և անոնց մեղսակից Սարգիս Զեյթլյանի պես ապաբարո մարդոցմէ»։ Այս գրել է դեռ կուսակցության շարքերում իր եղած ժամանակվա պատմությունների մասին։

Հիմա բեխաբար ու միամիտ ընթերցողը, ասենք՝ պողոսը, կարող է մտածի. «Բա որ էսքան վատ բաներ են ասել ու ասում ձեր կուսակցության հիմա արդեն նախկին ղեկավարները՝ իրենց գործակից կամ հիմա գործող ղեկավարների մասին՝ մի բան կա էլի»։ Չէ՛, սիրելի ընթերցող, սիրելի պողոս, այս «տիարները» ընդամենը մեր կուսակցության արտաթորումներն են, կղկղանքը (զուտ ֆիզիոլոքիական բացատրություն է, խնդրում եմ սխալ չհասկանալ)։ Որևէ ապրող, կենսունակ օրգանիզմի նման, մեր կուսակցությունն էլ է արտահանում իր կղկղանքը, որն այդ օրգանիզմի մեջ չի մտել այդ վիճակով։ Այդպես է եղել բաղադրության ու այլ հանգամանքների հետևանքով։ Օրգանիզմ մտած բոլորը չէ որ դառնում են կղկղանք. մեծ մասը իր մյուս դերն ու առաքելությունն է կատարում. սնունդ է տալիս օրգանիզմին, աճեցնում է այն։ Նույնը՝ մեր կուսակցության դեպքում. այդպես է որ հազարավորներ, տասնյակ ու հարյուր հազարավորներ ծառայել են ու ծառայում են ազգի ու հայրենիքի ազատագրության դատին, «եթե հարկ լինի՝ նաև կյանքի գնով»։

Վերոնշյալ «տիար»ներից մեկը գրել է. «Առանց ակնարկելու զանազան ժամանակներու մեջ տեղի ունեցած Բյուրոյական հալածանքներուն … վերջին տասնամյակի ընթացքին միայն հազարավոր ընկերներ հեռացած կամ հեռացված են Դաշնակցության շարքերեն, որոնք եթե բոլորը հանրածանոթ ընկերներ չեն, բայց քանակե բացի նաև որակ են։ Մենք գիտենք հարյուրավոր դաշնակցականներ, որոնք կարգապահական պատիիժով դուրս նետված են շարքերեն, 1954-1955 թվին, պարզապես մեր խմբագրած «Ազդարար» օրաթերթի րնթերցողներ ըլլալու «հանցանք»ին համար»։ Վաթսուն տարի առաջ այս «տիարը» գրել է. «Ամենուրեք Կուսակցությունը ամայացած է մտավորական ետիտասարդ ուժերեն, ի շարս կազմակերպության համար երկարատև աշխատած այլ բազմահարյուր դժգոհներու»։

Այս «տիարը» «մահացած է Երևան, 1982-ին, արժանացած է ազգային թաղումի, առաջնորդությամբ Սիլվա Կապուտիկյանի և Լևոն Հախվերդյանի»։ Մահվանից ընդամենը քսաներեք տարի առաջ կուսակցության տերևաթափը արձանագրած այս «տիարը» եթե չի տեսել առնվազն լսած կլինի թե այդ «ամայացած Կուսակցությունը» ինչեր է արել մինչև իր մահը. Լիբանանի քաղաքացիական կռիվներին՝ հայ համայնքի պաշտպանություն, Իրանի իսլամական հեղափոխության տարիներին՝ հայ համայնքի ուղղակի փրկություն,արտասահմանում՝ Հայ դատի պաշտպանության բազմաբնույթ պայքար, այս բոլորի կողքին ու զուգահեռ՝ երիտասարդ մտավորական սերունդի պատրաստություն, գրական ու գաղափարական հրատարակություններ, և միշտ՝ հանուն Հայաստանի անկախության հարատև պայքար։ Իրականում, այդ բոլոր բաները, վայրերի ու դերակատարների փոփոխությամբ, Դաշնակցությունը արել է նաև կուսակցության «ամայությունն» իր արձանագրած ժամանակ։ Ճիշտ այնպես, ինչպես, այսօրվան «իրենց ուղի»ականների կուսակցության ներսում եղած ժամանակ արել է Դաշնակցությունը. արել է տասնամյակներ շարունակ. անում է արդեն 130 տարուց ի վեր. շարունակում է անել և շարունակելու է անել։ Բայց երբ այդ «տիարը» կամ այսօրվան «իրենց ուղի»ականները ինչ որ ձևով դուրս են մնացել իրենց նախկին պատասխանատու դիրքերից, կամ նրանցից ոմանք՝ չեն հասել իրենց համար շատ ցանկալի այդ դիրքերին – խոսքն ընդամենը կուսակցության պատասխանատու մարմիններում կուսակցության ընկերների, շարքայի՛ն ընկերների վստահության արժանանալու մասին է –, դարձել են մաղձից կուրացած։ Իրենց տեսողության հստակատեսության կորստի պատճառով, կարծում են այլևս իրականությունն է կորցրել իր գունագեղությունը։ Եթե իրենք չկան՝ ուրեմն ամեն ինչ վատ է. իրենց չլինելը վկայությունն է այդ վատ «իրականության»։ Այս «տիարք» չեն անդրադառնում որ միշտ, 130 տարի շարունակ, միշտ է այդպես եղել. օրգանիզմի կենսունակությունը ապահովվել է նաև շնորհիվ արտաթորումների. արտաթորման կոչված նյութը եթե մնա օրգանիզմում, այ է՛դ ժամանակ օրգանիզմի վիճակը կլինի մահացու։ Իսկ արտաթորման մեջից աշխարհահայացքը հաստատ պարուրված կլինի այդ արտաթորումով, բայց դա չի նշանակում, որ դա է ամբողջ իրականությունը. դա ընդամենը արտաթորումի իրականությունն է իր գտնված տեղում։

Հիմա, այս «տիարք» կտեսնե՞ն, որ, ինչպես մեր «տիար» «նախարարն» է արտահայտվել, Դաշնակցության մասին ժողովրդի մեծ շերտի վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ ի՛նչ են սրսկել ու սրսկում իր մեջ։

Եվ՝ ինչու՞ եմ շնորհակալ ԿԳՄՍ «նախարարից»։ Շնորհակալ եմ նրա համար, որ իր այդ գրառումը մղեց ինձ որ այս բոլորը վերջապես «թղթին» տամ։ Այ հենց դրա համար՝ շնորհակալություն։

ՀՐԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Հ.Գ. Ո՛վ ի՛նչ ուզում է թող ասի, ոմանց համար Դաշնակցությունից դուրս գալը, անկախ ձևից, խերով է։ Մեկն սկսել է ամեն օր, նույնիսկ Աստծու օրը, գրառումներ անել։ Մի բան, որ երկար ժամանակ, փողով էլ չեր անում։ Մյուսը, ով ամեն օր ավելի է կարծում, որ միայն ձերբակալվածներն են գործողությունների մասնակցել, արդեն դարձել է ոչ միայն գրող, այլ նաև ասուլիս տվող. բռնել է իր համար ցանկալի «պատասխանատու» դիրքի հասնելու «ուղին»։ Տերը ձեր հետ։ Միայն թե «հարթակից» շուտ չընկնեք։

  

Խմբ. սույն շարադրանքում տեղ գտած տեսակետները կարող են և չհամընկնել մեր տեսակետների հետ։