կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 12:54
Քաղաքական

Իրոնիայով է գրված, կարծես, պատգամավորին ձեռ են առնում. Էդմոն Մարուքյանը դժգոհ է արդարադատության նախարարից

Իրոնիայով է գրված, կարծես, պատգամավորին ձեռ են առնում. Էդմոն Մարուքյանը դժգոհ է արդարադատության նախարարից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է խնամակալություն սահմանել նաև առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ:

 

Մարուքյանը նշեց, որ արդարադատության նախարարության կողմից ստացված գրավոր մերժման մեջ ասված է, որ օրենքի նախագծով կարգավորված չեն այն հարցերը, թե ինչ ընթացակարգով պետք է նշված վիճակում գտնվող անձանց նկատմամբ սահմանվի խնամակալություն, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սույն օրենքի նախագծով, նշված վիճակում գտնվող քաղաքացիների նկատմամբ խնամակալություն սահմանելու կարգ չի նախատեսում:

 

Պատգամավորը, դիմելով նիստին ներկա արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, նշեց, որ իր նախագծի մերժման հիմնավորումը անթույլատրելի է, և կարդալով տպավորություն է ստեղծվել, թե նրանք մտադիր են եղել ծաղրել պատգամավորին: «Իրոնիայով է գրված, կարծես, ուզում են պատգամավորին դաս տալ կամ ձեռ առնել: Եթե նպատակը ձեռ առնելն է, ապա մենք ամենաշատը կարող ենք ձեռ առնել»,- ասաց Մարուքյանը և հորդորեց այսուհետ նման գրվածքով փաստաթուղթ չներկայացնել պատգամավորներին:

 

Նա նշեց, որ կառավարությունն ընդամենը պետք է գրեր, որ չի ցանկանում օգնել լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց: «Ո՞վ է ձեզ ասել, որ կարող եք նման բան ներկայացնել, սա ուղղակի անթույլատրելի է: Եթե խորանամ, ընկնեմ ամեն բառի հետևից, անիմաստ բանի մեջ ենք ընկնելու: Թող ուշադիր լինեն, նման բաներ չգրեն»,- նշեց պատգամավորը: