կարևոր
379 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 18:46
Քաղաքական

Հորդորում ենք մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, չենթարկվել սադրանքների. Գարեգին Բ

Հորդորում ենք մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, չենթարկվել սադրանքների. Գարեգին Բ

Մեր գնահատանքն ենք բերում Մայր աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատում և վճռական են մեր սուրբ եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր աթոռում միասնական ժամերգության ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լի լինի, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի։ Եվ չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր սուրբ եկեղեցու շուրջ, պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և եկեղեցին՝ քրիստոսահիմն սուրբ Էջմիածին կենտրոնով։

Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով, և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։

Հորդորում ենք մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր սուրբ եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական մեր հորդորն է ներկա զգայում կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջամիտ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ՝ արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը թող սիրով լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ  ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ  Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։

Մեր տեր Հիսուս Քրիստոսի  շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր, և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»։

Այնուհետեւ կաթողիկոսը հնչեցրեց տերունական Հայր մեր աղոթքը։