կարևոր
2998 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 15:43
Հասարակություն

Հայկական եկեղեցու գմբեթ է փլվել Թուրքիայում․ ասորի պատգամավորը բացատրություն է պահանջել մշակույթի նախարարից

Հայկական եկեղեցու գմբեթ է փլվել Թուրքիայում․ ասորի պատգամավորը բացատրություն է պահանջել մշակույթի նախարարից

Ուրֆայում (Եդեսիա) վերջերս փլվել է Գերմուշ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու գմբեթը։ Մարդինից ընտրված ասորի պատգամավոր Ջորջ Ասլանը, ով Ձախ կանաչներ կուսակցության անդամ է, հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ բացատրություններ պահանջելով թեմայի վերաբերյալ։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Բիանեթ» լրատվակայքը։

 

Աղբյուրի համաձայն՝ Ասլանը հարցապնդման մեջ մասնավորապես նշել է․

«Ուրֆայի Հալիլիյե գավառում գտնվող հայապատկան Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչ այս բազմիցս ավիրվել է գանձագողերի կողմից և որոշ ժամանակ որպես ախոռ օգտագործվել։ Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ եկեղեցու գմբեթը փլվել է։

Թեև սույն եկեղեցու պահպանման ու վերականգնման համար բազմիցս կոչեր են արվել Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, սակայն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Չնայած որ 2011 թ․ Նախարարների խորհրդի որոշմամբ Գերմուշ գյուղի եկեղեցին և շրջակայքը «Զբոսաշրջության զարգացման կենտրոն» են հռչակվել, իսկ 2019 թ․ էլ եկեղեցին Քարաջադաղի զարգացման գործակալության կողմից ընդգրկվել է նյութական աջակցության ծրագրում, սակայն ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ նրա շուրջ որևէ աշխատանք չի իրականացվել։

Գերմուշի եկեղեցու նման՝ Թուրքիայում ճակատագրի քմահաճույքին թողնված հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր քանդվելու վտանգի տակ են՝ անխնամ մնալու կամ գանձ որոնողների հարձակումներին ենթարկվելու հետևանքով։

Պահանջում եմ պատասխանել հետևյալ հարցերիս․

1․ Թեև տեղյակ եք եղել, որ Գերմուշի եկեղեցին ամեն պահ փլվելու վտանգի առաջ է կանգնած, ինչու՞ պահպանման տակ չեք վերցրել այն։

2․Որևէ աշխատանք կատարելու՞ եք Գերմուշի եկեղեցին վերականգնելու և վերաբացելու ուղղությամբ։

3․ Ինչե՞ր եք անում քրիստոնյաներին պատկանող մշակութային հարստությունների ավիրմանը և մշակութային հիշողության անհետացմանն արգելք դառնալու համար։

4․ Աշխատանքներ կատարու՞մ եք անփութության կամ գանձագողերի հարձակումների պատճառով ավիրման վտանգի ներքո գտնվող հարյուրավոր եկեղեցիների և վանքերի պահպանման և վերականգնման ուղղությամբ»։

Թուրքական կայքէջը հրապարակման վերջում հայտնում է, որ եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 19-րդ դարում։ Այն երկհարկանի քարե շինություն է։ Կառույցը վերանորոգվել է 1881 թ․, Հակոբ Արդվիսյանի կողմից։

Իրականում այս խնդրին Թուրքիայի խորհրդարանում պետք է անդրադառնար ոչ թե ազգությամբ ասորի, այլ միակ հայազգի պատգամավորը՝ Սևան Սըվաջըօղլուն, սակայն նկատի առնելով վերջինիս կուսակցական պատկանելիությունը՝ հասկանալի, բայց ոչ՝ ընդունելի է դառնում նրա լռությունը։

https://bianet.org/bianet/tarih/281089-germus-kilisesinin-koruma-altina-alinmamasinin-gerekcesi-nedir?bia_source=rss

Մելինե Անումյան / Akunq.net