Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ժուռնալիստների միությունը վերջին տարիների համար աննախադեպ բան՝ հայտարարություն է տարածել, որում դատապարտում է փետրվարի 12-ին լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների ցուցաբերած բռնությունը, երբ նրանից, նախ, խլել էին տեսախցիկը, այնուհետև ոստիկանության բաժնում ապտակել: Երևանի ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ տիկին Աստղիկ Գևորգյանի, նույն ինքը՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի այս դատապարտումը կարելի կլիներ ողջունել և միանգամայն տեղին համարել, եթե դրան չխանգարեր լրագրողական հանրության տարակուսանքը՝ դեպքից օրեր անց դատապարտել մի հանցավոր արարք՝ ինչո՞ւ է պետք եկել ՀԺՄ-ին: Միության հարգելի նախագահին չի՞ թվում, որ ժամանակակից հաղորդակցության արագության ու ռիթմի պայմաններում, երբ ցանկացած դեպք կամ իրադարձություն կորցնում է հրատապությունն ու թարմությունը, եթե լրատվամիջոցները հապաղում են նույնիսկ մի քանի րոպե, էլ չասենք՝ ժամ, ապա դեպքից 5 օր անց հրապարակ իջնել դատապարտող հայտարարությամբ, նշանակում է ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ դնել: Եվ խնդիրն ամենևին էլ իշխանություններին ու իշխող կուսակցությանը անհունորեն նվիրված ՀԺՄ նախագահի անձի մեջ չէ, այլ նրա ղեկավարած այն կառույցի, որն իր համքարության անդամի կողքին և հետը պետք է լիներ նրան պատուհասված ցանկացած նեղության ժամին, եթե ոչ՝ նույն ակնթարթին:
Ժողովուրդը մի ասացվածք ունի, որ այս պահին միանգամայն տեղին է հիշել՝ «Զատկից հետո կարմիր հավկիթ՝ եղած-չեղած մի հաշիվ է»: Այնպես որ` ձեր ժուռնալիստական «հավկիթները» ժամանակին ներկեիք, տիկի'ն Գևորգյան:
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ