կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 13:56
Տարածաշրջան

Ֆեթուլլահ Գյուլենի Mosaic Foundation-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ֆեթուլլահ Գյուլենի Mosaic Foundation-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող Multicultural Mosaic Foundation-ը (MMF – Բազմամշակութային մոզաիկ հիմնադրամ) երեկ՝ մարտի 8-ին հայտարարություն է տարածել, որով ճանաչում է 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

1997 թ. հիմնադրված հիմնադրամը, որի գլխավոր առաքելությունը տարբեր ազգերի, մշակույթների, կրոնների փոխըմբռնումը, երկխոսությունն ու խաղաղության տարածումն է, սերտորեն կապված է թուրք հայտնի կրոնական առաջնորդ, քարոզիչ, «Հիզմեթ» շարժման  հիմնադիր, աշխարհի ամենաազդեցիկ (նաև կրոնական) գործիչներից մեկի՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով այժմ բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Հայտարարության մեջ նշվում է, որ MMF-ն երեք տարի առաջ ստեղծ է կոմիտե՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հետ 1915 թ.: Կոմիտեի անդամները երեք տարվա ընթացքում մասնակցել են հայկական, օսմանյան և ցեղասպանությունների պատմությանը նվիրված քննարկումներին, հանդիպել են ցեղասպանությունից փրկվածներին, նրանց ժառանգներին և այլն. հայտնում է Yerkir.am–ը:

«Կոմիտեն երեք տարի ժամկետը լրանալուց հետո որոշել է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Կոմիտեի 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ ձայները ներկայացվեցին ղեկավար խորհրդին՝ որպես Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: Mosaic-ի ղեկավարությունը հետևեց այդ խորհդրին և 2020 թ. մարտի 7-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս է ԱՄՆ-ից պահանջել հանձնել Գյուլենին, ով ժամանակին բավական ջերմ հարաբերություններ ուներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն 2013 թ. ԱՄՆ-ում հաստատված Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ և հետախուզում է հայտարարվում: Գյուլենը մեղադրվեց 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական անհաջող հեղաշրջման մեջ, իսկ իրեն հարող գործիչների նկատմամբ սկսվեց հետապնդում: Թուրքիայում Գյուլենը «մեղադրվում» էր նաև հայկական արմատներ ունենալու մեջ. ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրա հայրը ցեղասպանությունից փրկված հայ է: