կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 10:30
Աշխարհ

Չինաստանն ընդունեց Հոնկոնգի վերաբերյալ սկանդալային օրենքը

Չինաստանն ընդունեց Հոնկոնգի վերաբերյալ սկանդալային օրենքը

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն ընդունել է Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքը. այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին՝ բրիտանական նախկին անկլավի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։

Հիշեցնենք՝ դեռևս օրինագծային փուլում այն քննադատության ալիք էր առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Օրենքի հաստատման օգտին են քվեարկել բարձրագույն օրենսդիր մարմնի բոլոր՝ 162 անդամները։

Այս պահի դրությամբ փաստաթղթի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել։ Ակնկալվում է, որ այն կհրապարակվի այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

Նոր օրենքի նպատակն է պայքարել այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Նման սպառալիքների թվում են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խարխլումն, ինչպես նաև դավադրությունն օտարերկրյա հակաչինական ուժերի հետ։

Ըստ նախնական տվյալների՝ փաստաթուղթը նախատեսում է ցմահ բանտարկության հնարավորություն առավել լուրջ իրավախախտումների համար։