կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 15:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա այնպիսի օրենք, որը ՍԴ-ում չի կարող քննության առարկա դառնալ․ իմքայլական պատգամավոր

Չկա այնպիսի օրենք, որը ՍԴ-ում չի կարող քննության առարկա դառնալ, այդ թվում՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքը, և ՍԴ-ն մի քանի դեպքերում անդրադարձել է ՍԴ մասին օրենքի համապատասխան դրույթների ստուգմանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրության փոփոխության օրինագիծը ՍԴ չուղարկելու՝ իրենց իսկ խմբակցության պատճառաբանությանը, թե ՍԴ դատավորները չեն կարող իրենք իրենց առնչվող հարց քննել:

«Տվյալ պարագայում չպետք է ինստիտուցիոնալ շահերը անձնական շահերի հետ փոխկապակցել, որովհետև երբ ես քննում եմ ՍԴ մասին սահմանադրական օրենքում սահմանված նորմը, որ դատարանը գործը քննում է երեք ամսվա ընթացքում, և ունեմ համոզմունք, որ ՍԴ-ում, օրինակ, գործերի քննությունը պետք է տևի ոչ թե երեք ամիս, կամ վեց ամիս, կամ ընդհանրապես սահմանափակումներ չլինեն, ես խոսում եմ ինստիտուցիոնալ շահի մասին»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա հավելեց, որ այդ դեպքում առկա է արդարադատության, ՍԴ շահ, և ՍԴ-ն այդ պարագայում կարող է և պարտավոր է քննել այդ գործը և տալ համապատասխան որոշում:

«Բայց այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրենքներին, այլ սահմանադրական փոփոխություններին, վերաբերում է իրավիճակին, երբ ՍԴ 9 դատավորներից 7-ն ունեն անձնական շահերի բախում»,-ասաց նա։

Վարդանյանի համոզմամբ, թեև ՍԴ դատավորները երեկ ասել են, որ տեսակետ չեն հայտնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բայց ցույց են տվել, որ շահագրգիռ կողմ են:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ ԱԺ նիստը նայելիս ամոթի զգացում է ունեցել, պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով ամոթի զգացում շատ մարդիկ շատ այլ տեղերում ավելի շատ պետք է ունենային»։

Դիտարկմանը, որ ՍԴ դատավորները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ, Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ յուրաքանչյուրիս իրավունքն է, սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության համապատասխան գործիքներին, այդ թվում ՄԻԵԴ. «Դա ՍԴ դատավորների իրավունքն է և որևիցե մեկը չի կարող այն սահմանափակել։ Իմ կարծիքով, անընդունելի է սպառնալ նրանով, որ դիմելու ենք ՄԻԵԴ։ Խնդրեմ, դիմեք, սպառեք ներպետական ատյանները, գնացեք ՄԻԵԴ, ստացեք որոշում և եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, ՀՀ-ն կպարտավորվի այդ խախտումը վերացնել, իսկ եթե խախտում չարձանագրի, ապա հարցը փակված կհամարվի։ Բայց այս պարագայում ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք»։

Խոսելով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հայտարարության մասին, որ փոփոխություններն իր պաշտոնավարման վրա չեն անդրադառնում, Վարդանյանն ասաց․ «Տարբեր դատավորներ պնդում են, որ իրենք մյուս դատավորներից տարբեր կարգավիճակ ունեն: Մեկն ասում է՝ ես ավելի անձեռնմխելի եմ, քան՝ մյուսը, որովհետև ընտրվել եմ այսինչ թվականին, մյուսն ասում է՝ ես ավելի քիչ անձեռնմխելի եմ, բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում: Հիմա վերցրել ենք սահմանադրական այն մոդելը, որտեղ մեկ մանդատը նշանակում է, որ անձը մեկ անգամ ՍԴ դատավոր պետք է լինի, և պաշտոնավարման ժամկետը չի կարող երկար լինել, քան 12 տարին»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել նախագծի սահմանադրականությունը ստուգելու նպատակով ՍԴ դիմելու համար, սակայն չունի անհրաժեշտ թվով ձայներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Սահմանադրական դատարան դիմել հուլիսի 7-ից՝ Քոչարյանի գործով լսումներից հետո:

Մանրամասն՝ տեսանյութում․