կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-20 13:16
Աշխարհ

COVID-19. Բրազիլիայում վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից

COVID-19. Բրազիլիայում վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 766 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 462 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 628 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 297 հազար 338 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 121 հազար 407 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 038 հազար 568-ի, մահերինը՝ 49 հազար 090-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 569 հազար 063 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 972 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 841 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 396 հազար 182-ի, մահերինը՝ 12 հազար 970-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 301 հազար 815 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 461: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը:

Վարակվածների թվով առաջին տասնյակի մեջ են նաև Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին: Տասնյակը եզրափակում է Իրանը: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը նահանջել է՝ հայտնվելով 21-րդ տեղում: Չինաստանին շրջանցել են Կատարը, Հարավային Աֆրիկան: Չինաստանում Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 27-ով, սակայն եղել են օրեր, երբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակը: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 352,  որից ապաքինվել է 78 հազար 410-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 898-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: