կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 17:23
Արցախ

Մհեր Աղաջանյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ

Մհեր Աղաջանյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ

Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։

Անցնելով հարցի քննարկմանը՝ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել Գլխավոր դատախազի պաշտոնում:

Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Մհեր Աղաջանյաննը ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային ու թափանցիկ՝ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքը: Անդրադառնալով ԱԺ խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է.«Խմբակցություններում հնչած առաջարկություններն ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանն՝ ի շահ Արցախի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:

Պատգամավորները թեկնածուին են առաջադրել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում իրենց խմբակցությունների դիրքորոշումներն են հայտնել Գեղամ Ստեփանյանը («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն), Արթուր Մոսիյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) և Արթուր Հարությունյանը («Ազատ հայրենիք» խմբակցություն):

Խորհրդարանն անցել է քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը շնորհավորել է Մհեր Աղաջանյանին Գլխավոր Դատախազի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը:

Շարունակելով նստաշրջանի աշխատանքը՝ ԱԺ նախագահը հայտարարել է մայիսի 24-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմի փոփոխության մասին, որով խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը: