Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկել են ամպային հաշվարկների եվրոպական հարթակի ստեղծման նախագիծ, որը, ինչպես նրանք հուսով են, կամրապնդի եվրոպական տնտեսական ինքնիշխանությունը կորոնավիրուսի ճգնաժամից հետո եւ կկոտրի մայրցամաքի կախվածությունը ԱՄՆ-ից եւ չինական ընկերություններից, հայտնում է AP-ը։
GAIA-X անվանումով հարթակը կարձակվի հաջորդ տարվա սկզբին եւ բաց է Եվրոպայի սահմաններից դուրս օգտատերերի համար, որոնք պարտավորվում են հավատարիմ մնալ եվրոպական չափանիշներին։ ԳԴՀ էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալտմայերը նշել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան կստեղծեն հասարակական ասոցիացիա՝ տվյալների ենթակառուցվածքի համակարգման եւ կազմակերպման համար։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ ամպային հաշվարկների նախագիծը «չէր կարող ավելի ժամանակին լինել», քանի որ Եվրոպան փորձում է դուրս պրծնել խորը ռեցեսիայից, որն առաջացել է կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքով։ «COVID-19-ի ճգնաժամի պայմաններում ընկերությունները զանգվածաբար անցել են հեռավար աշխատանքի։ Դա անվտանգ եւ եվրոպական ամպային լուծման անհրաժեշտությունն ավելի արդիական է դարձնում»,- հայտարարել է Լե Մերը։ «Ճգնաժամը նաեւ ցույց է տվել, որ հսկայական տեխնոլոգիական ընկերությունները հաղթող են։ Եվրոպական թվային տարածքը պետք է պաշտպանված լինի»,- հավելել է նա՝ խոստանալով, որ նոր հարթակը «կապահովի ԵՄ արժեքների եւ չափանիշների վրա հիմնված քաղաքականության կիրառում»։
«Մենք Չինաստան չենք, մենք Միացյալ Նահանգներ չենք, մենք եվրոպական երկրներ ենք՝ մեր սեփական արժեքներով եւ տնտեսական շահերով, որոնք մենք ուզում ենք պաշտպանել»,- ասել է Լե Մերը։ Նա ընդգծել է «համատեղելիության» կարեւորությունը, որը թույլ է տալիս ընկերություններին հեշտությամբ անցնել նոր համակարգի՝ առանց տվյալների կորստի։
Երկու նախարարներն էլ հայտարարել են, որ նախագիծը Ֆրանսիայում եւ Գերմանիայում միավորել է 22 ընկերությունների, այդ թվում՝ Dassault Systemes-ին, Orange-ին, Siemens-ին, SAP-ին, Robert Bosch-ին եւ Deutsche Telekom-ին։
«Գաղափարն այն է, որ մենք հրավիրում ենք ամբողջ աշխարհի ընկերություններին եվրոպական չափանիշներին եւ կանոններին համապատասխան իրենց ամպային ծառայությունները մատուցելու»,- ասել է Ալտմայերը: «Յուրաքանչյուրը, ով ցանկանում է GAIA-X պիտակ ունենալ, ստիպված կլինի պահպանել եւ կատարել մի շարք կանոններ», այդ թվում՝ համատեղելիությանը եւ տվյալների փոխանցմանը վերաբերող: Նրա խոսքերով՝ նախագծի հաջողությունը «վճռորոշ կլինի Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար՝ մեր տնտեսական ուժի, մրցունակության եւ ինքնիշխանության տեսակետից»: