կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 19:43
Հասարակություն

Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով․ ՏՄՊՊՀ

Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով․ ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ»  և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ  քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև  հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով  մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

«Մեր հորդորը և խնդրանքը  բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին` առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել, և արդյունքում մենք կունենանք  քաղաքացիների համար շատ ավելի մատչելի, հասանելի դիմակներ»,- նշել է հանձնաժողովի գլխավոր քատուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ հանձնաժողովն այս փուլում փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև այլ ընկերությունների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ընկերությունների կողմից առաջարկվող գինը մրցակցային է, մտահղացման հիմնական իմաստ այն է, որ մարդաշատ վայրերում քաղաքացիները կարողանան ձեռք բերել մատչելի դիմակներ:

«Արվենդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ալեքսանյանը տեղեկացրել է, յուրաքանչյուր սարքի մեջ տեղադրված է 10 տուփ, սակայն պահանջարկի դեպքում պատրաստ են ավելացնելու դարակների քանակը:

«Մենք ունենք մեծ ռեսուրսներ, եթե լինեն այլ վայրերում նման տաղավարներ տեղադրելու առաջարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է նա:  

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով՝ ընկերությունն օրական արտադրում է շուրջ 300 000 հազար դիմակ և նպատակն է ապահովել որակյալ ու մատչելի արտադրանք վերջնական սպառողի համար, ուստի ոգևորությամբ են արձագանքել հանձնաժողովի նախաձեռնությանը:

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը` կարևորելով ուղևորների անվտանգ երթևեկության ապահովումը: