կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 14:18
Աշխարհ

Հունգարիայում տրանսգենդերներին արգելել են փաստաթղթերում փոխել սեռը

Հունգարիայում տրանսգենդերներին արգելել են փաստաթղթերում փոխել սեռը

Հունգարիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է տրանսգենդերներին պաշտոնական փաստաթղթերում փոխել նրանց ծննդյան ժամանակ հաստատված սեռը: Yerkir.am-ը, EADaily-ին հղումով, հայտնում է, որ իշխող «Ֆիդես» աջ կուսակցության ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 133 պատգամավոր, 57-ը դեմ են եղել: 

Ըստ օրենքի` ծննդյան, ամուսնության և մահվան վկայականներում այսուհետ «սեռ» բառի փոխարեն կիրառվելու է «սեռը ծննդյան ժամանակ» տերմինը:

Կառավարությունը, վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, պնդում է, որ այդպիսով կվերանա իրավաբանական անորոշությունը, որի պատճառով դատարաններն ու վարչական մարմինները չէին հասկանում` ինչպես մեկնաբանել «սեռ» բառը:

Տրանսգենդերների սեռը մնալու է անփոփոխ նաև անձը հաստատող վկայականներում, որոնք հունգարացիները պարտավոր են մշտապես կրել իրենց հետ:

Երբ օրենքն ուժի մեջ մտնի, իշխանությունները կկարողանան մերժել փաստաթղթերում սեռը փոխելու պահանջները, որոնք Հունգարիայի քաղաքացիները ներկայացրել են վերջին երեք տարիների ընթացքում և դեռ չեն քննարկվել:

Իրավապաշտպանների խոսքով` 2018 թվականից Հունգարիայում գործնականում հնարավոր չի եղել փաստաթղթերում փոխել  սեռը, ինչի հետևանքով բազմաթիվ դատական հայցեր են եղել: Ըստ իրավապաշտպանների` դա կհանգեցնի ԼԳԲՏ համայնքի հանդեպ ավելի մեծ խտրականության:

Իշխանությունները պնդում են, որ նոր օրենքը չի հակասում երկրի սահմանադրությանը և չի խանգարում մարդու իրավունքների իրագործմանը: Հունգարիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «երեխայի կենսաբանական սեռի գրանցումը ծննդյան վկայականում չի ազդում տղամարդկան և կանանց`  իրենց ինքնությունն ըստ ցանկության  ազատ արտահայտելու և գործնականում կիրառելու իրավունքի վրա»:

Ընդունված օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահ Յանոշ Ադերը, որն իշխող «Ֆիդես» կուսակցությունից է:

Հիշեցնենք, որ ԵՄ երկրների մեծ մասում թույլատրվում է  պաշտոնական փաստաթղթերում փոխել սեռային պատկանելությունը: