կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 22:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսներին լավ չեն ճանաչում՝ նրանք կարող են երկար համբերել, բայց հետո այնպիսի պատասխան կտան, որ քիչ չի թվա․ Արամ Սարգսյան

Ռուս-ուկրաինական բանակցությունների փաստաթղթում 6 կետից առնվազն 2-ի շուրջ հնարավոր չի լինում համաձայնության գալ․ մեկը վերաբերում է Դոնբասի անկախության, մյուսը՝ Ղրիմի՝ Ռուսաստանը մաս ճանաչելուն Ուկրաինայի կողմից։

Ուկրաինական ռազմական ռեսո՞ւրսն է սպառվում, թե՞ ռուսական զինուժն է մաշվում՝ գնահատականները ծայրահեղ տարբեր են։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում չբացառեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը տևի մինչև ապրիլի 10-ը․ նա կարծում է՝ այդ ժամանակահատվածը բավարար է, որ ուկրաինացիների ռեսուրսն ամբողջովին վերանա։

Արամ Սարգսյանը համարում է, որ Ուկրաինան արդեն մասնատվել է․ կանխատեսում է, որ Արևմտյան Ուկրաինան մնալու է որպես չօկուպացված տարածք, իսկ Արևելյանը՝ որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, ինչպես Գերմանիայի նախկինում Դեմոկրատական ու Ֆեդերատիվ Հանրապետությունները։

«Դեռ ժամանակը չի եկել, որ մենք եզրակացության գանք՝ ինչ է լինելու։ Շատ տարօրինակ աշխարհաքաղաքական իրավիճակ է․ այսպիսի իրավիճակ չի եղել 1945 թ-ից հետո, և մենք իրոք չենք կարող կանխագուշակել, թե այս ամենից հետո ինչպիսի նոր աշխարհակարգեր են լինելու»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նա նկատեց, որ Թուրքիան և ԱՄՆ-ը անընդհատ հետևում են, թե ինչպես է վարվելու Չինաստանը այս պայմաններում։

«Ջո Բայդենի և Սի Ծին Փինի հեռախոսազրուցից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պատասխանատու են այսօր աշխարհին խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում։ Եվ Սի Ծին Փինը ասաց, որ Չինաստանը ստանձնում է այսօր Սովետական Միության դերը, որով հավասարակշռվում էր մրցակցությունը, և դա աշխարհը զերծ էր պահում համաշխարհային պատերազմից։ Այս կոնտեքստում, այսօր Չինաստանն առանց Ռուսաստանի չի կարողանալու դա անել»,-վստահ է ՀԴԿ նախագահը։

Ռուս խաղաղապահհների դեմ Արցախում ադրբեջանցիների սանձազերծած բոլոր սադրանքները պայմանավորված են նրանով, ասաց Արամ Սարգսյանը, որ իրենք կարծում են՝ Ռուսաստանն այդպիսի որոշակի քայլեր իրենց դեմ չի անելու։

«Բայց էլի նորից մոռանում են մի բան՝ ռուսների բնավորությունը լավ չեն ճանաչում, տեսնում են, բայց էլի չեն հավատում․ նրանք կարող են երկար ժամանակ համբերել, բայց հետո այնպիսի պատասխան կտան, որ, ինչպես իրենք են ասում ՝ ոչ մեկին քիչ չի թվա։ Հիմա նույնը ադրբեջանցիների մոտ է․ ես համոզված եմ, որ իր ռազմավարական շահերից ելնելով՝ Ռուսաստանը չի հեռանալու Արցախի Հանրապետությունից»,-ասաց Արամ Սարգսյանը։

Եվ քանի որ արցախցիները համոզված են, որ իրենց անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների ներկայությամբ, նշեց նա, ուրեմն պետք է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը, նրա գնահատմամբ, կրավորական է, վախկոտ է և չի պաշտպանում հայության շահերը։

Հայ հանրույթի միասնական դիրքորոշումը Արցախի հարցում հանրայնացնելու համար Արամ Սարգսյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտադիր են Համահայկական համաժողով հրավիրել միայն Արցախի հարցով․ ամրագրել մեր համատեղ դիրքորոշումը, և դա ներկայացնել միջազգային կառույցներին՝ այնպես ինչպես Համահայկական հռչակագիրը Հայոց Ցեղասպանության հարցով է ներկայացնում։

«Եթե մեզ հաջողվի իսկապես այդ համաժողովը հրավիրել, մեր նպատակն է, որ նախ՝ միջազգային հանրությունն իմանա, որ հայությունը համաձայն չէ այսօրվա իշխանության վարած քաղաքականության հետ, որպեսզի իմանան, որ հայությունը ունի հակառակ՝ այլընտրանքային մոտեցում, որ հայությունը ունի շատ մեծ ներուժ տարբեր բնագավառներում՝ սկսած պաշտպանության, սոցիալական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Եթե կարողանանք այդ ամբողջը ճիշտ ձևով ներկայանել, և Արցախում անցկացնենք այդ գիտաժողովը, իշխանություն և ժողովուրդ անջրպետը այդտեղ նորից կարտահայտվի, և մեր ռազմավարական դաշնակից երկիրը կիմանա, որ հայության մոտ այլ մթնոլորտ է և գործող իշխանությունները չեն ներկայացնում հայությունը»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նա սա շատ կարևոր հանգամանք է համարում, քանի որ սա նպաստի, որ հեռացվեն գործող իշխանությունները։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրուցը՝ տեսանյութով․