|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լատիշ օրենսդիրները ակտիվացրել են 5 տարի առաջ մարած` խորհրդարանական հռչակագրի մակարդակով այդ ողբերգությունը ճանաչելու մասին բանավեճը. ըստ yerkir.am-ի գրում է remembrance.ru կայքը: Նախաձեռնությամբ հանդես են եկել իշխող կոալիցիոն հինգ կուսակցություններից երկուսը` Նոր պահպանողական կուսակցությունը և «Զարգացման համար` կողմ»-ը:
Ըստ կայքի` ակտիվության դրդապատճառը չի թաքցվում` խորհրդանշական կամրջակներ գցել լատիշների «խորհրդային ցեղասպանության» և Հայոց ցեղասպանության միջև:
«Որպես պետություն, հասարակություն` մեզ համար շատ կարևոր է համերաշխություն հայտնել այլ փոքր ժողովուրդներին, որոնք մեզ նման 20-րդ դարում ապրել են ողբերգական իրադարձություններ` զանգվածային սպանություններ, գազանություններ»,- հայտարարել է «Զարգացման համար` կողմ» կուսակցության համանախագահ Դանիելս Պավլյուտսը:
«Իրերն իրենց անունով կոչելուց խուսափելը, լռելը և ժխտելը իրականում ոճրին հանցակից լինել է: Այդ պատճառով, այո, եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը` դա եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն»,- նշել է Նոր պահպանողական կուսակցության պատգամավոր Լինդա Օզոլան:
Լատիշ խորհրդարանականներին օրինակ է բերվում Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիտվայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում, թեև լռության է մատնվում հարևան Էստոնիայում այդ հարցում վճռականության բացակայությունը:
Ի դեպ, լոբբինգ անող պատգամավորները Լատվիայի Սեյմի` Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խմբի անդամ չեն:
Նախաձեռնությունը տորպեդահարում է վերը նշված կուսակցությունների կոալիցիոն գործընկեր` վարչապետի «Նոր միասնություն» կուսակցությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունման հարցում խմբակցության պատգամավորները ներկայացնում են իրենց կուսակցությունից երկրի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի պատճառաբանությունը` չվատացնել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ կապակցությամբ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Բեկերիսն ասել է, որ «Լատվիան մշտապես հիշում է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները, սակայն դրանք որպես ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «տարածաշրջանում կարևոր է պահպանել անվտանգությունը, կայունությունը և համընդհանուր համագործակցությունը»:
Կայքն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի 23 պետություն, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: ՌԴ Պետդուման 1995-ին ընդունել է «1915-1922 թթ. իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» որոշումը: Նաև հիշեցնում է, որ այս տարվա ապրիլի 26-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն էր նամակ ուղարկել պետական մարմիններին` կոչ անելով չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և չմասնակցել ոգեկոչման միջոցառումներին: