կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 18:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ունենանք թեկուզ մեկ նիշ ավելի, դա կմիջինացվի դեպի վերև՝ հօգուտ աշակերտի․ Ժաննա Անդրեասյան

Քննություններ չեն լինի ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններում, այնպես էլ՝ ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և ավարտական 12-րդ դասարաններում, իսկ կիսամյակային և տարեկան արդյունքները՝ ինչպես այս դասարանների, այնպես էլ՝ բոլոր մյուսների դեպքում, կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Հոդված-3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ։

Նա համոզված է, որ մարտի 13-ից սկսած կրթական գործընթացն իզուր չէր։

«Կարողացել ենք ապահովել կրթության շարունակականությունը։ Որևէ երեխա ու ուսուցիչ դասերը չի կրկնելու հաջորդ տարի։ Մենք գնահատում ենք կատարված աշխատանքը, բայց, ցավոք, շատ երեխաներ զրկված են եղել հեռավար ուսուցմանը մասնակցելուց»,-ասաց նա։

Նախարարությունը կարևոր է համարում աշակերտներին խրախուսելը․ «Եվ այստեղ որոշում ենք կայացրել, որ, եթե միջինացման արդյունքում ունենանք թեկուզ մեկ նիշ ավելի, դա կմիջինացվի դեպի վերև՝ հօգուտ աշակերտի։ Օրինակ՝ 6․1-ի դեպքում ամփոփված գնահատականը կլինի 7, 8․1-ի դեպքում՝ 9 և այլն։ Սա արված է այն պատճառով, որ, եթե երեխան աշխատել է ավելին, քան այդ նիշը, հետևաբար՝ պետք է գնահատել և խրախուսել։ Կարգավորումներ ենք նախատեսել բոլոր այն դեպքերում, երբ ունեցել են 1-3 միավոր։ Գիտեք, որ բավարար միավորի շեմը 4-ն է, այս պարագայում հօգուտ սովորողի որոշում է կայացվելու, որպեսզի հնարավորություն տանք բոլոր աշակերտներին՝ փոխադրվել հաջորդ դասարան՝ առանց որևէ էական ցնցումների»։

Փոխնախարարի խոսքով՝ համանման մոտեցմամբ են առաջ գնացել մի շարք երկրներ։ Եվրոպական երկրներում նույնպես հաշվի են առել առկա ուսուցման արդյունքը։

Հեռավար կրթությունը պիլոտային ծրագիր պետք է դիտարկել՝ նշեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Կոչ արեց ԿԳՄՍ-ին՝ լսել ուսուցիչների ձայնը, քննարկում կազմակերպել մանկավարժական խորհուրդների մասնակցությամբ, որովհետև գնահատման խնդիրը միայն ծնողների մտահոգությունը չէ։ Միայն 20 տոկոսի չմասնակցելու պատճառով չպետք է ոտնահարվեր այն 70 տոկոսի իրավունքը։

«Խնդիր կա նաև ներառականության հետ։ Տարբեր մարզերից ծնողներից բողոքներ են հասնում, որ տարբեր՝ հենաշարժողական, լսողական խնդիրներ ունեցող երեխաներ դուրս են մնում կրթության հեռավար ծրագրից»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում․