կարևոր
2875 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 11:47
Քաղաքական

Մայիսի 9-ի առիթով. Ճակատագրական ընտրութեան պահը

Մայիսի 9-ի առիթով. Ճակատագրական ընտրութեան պահը

Ազգերի պատմութիւնը թատերաբեմն է պատերազմների, բախումների, լինել-չլինելու՝ կենաց մահու կռիւների:

Գոյապայքարի օրհասական հէնց այս պահերին է, որ մարտնչող ազգերի մօտ ինքնապաշտպանութեան բնազդը զարգանում, դառնում է զօրաւորագոյնը:

Պատմութեան ընթացքում, պատերազմներում յաղթած կողմի առաջին մտասեւեռումը դառնում է պարտւած կողմի մօտ ամլացնել ինքնապաշտպանութեան բնազդը՝ տարած յաղթանակը անշրջելի դարձնելու նպատակով:

Այս իմաստով, ոսոխը, ժամանակի ընթացքում ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ պարտւող ժողովուրդը կանգնում է ճակատագրական ընտրութեան առջեւ. կա՛մ համակերպւել պարտութեան մտքի հետ, ինչը նշանակում է թերթել սեփական պատմութեան վերջին էջը՝ որպէս ազգ վերջ տալով իր գոյութեանը՝ առյաւէտ անհետանալով պատմութեան թատերաբեմից, եւ կամ փոխել պատերազմում պարտւած կողմ լինելու կեցւածքը, շտկել մէջքը, պոռթկալ, մերժել թշնամու պարտադրած կացութիւնը՝ փորձելով վերադարձնել կորցրածն ու վերականգնել ազգային արժանապատւութիւնը:

Բազմաթիւ ժողովուրդներ իրենց մահկանացուն են կնքել նման իրավիճակից պարտւած դուրս գալու հետեւանքով:

Այսօր, հայ ժողովուրդը գտնւում է նմանատիպ կացութեան առջեւ, որն իհարկէ խորթ չէ մեր ժողովրդին, քանզի հայ ժողովուրդը հազարամեակների ընթացքում, բազմիցս է գտնւել նման իրավիճակում, եւ միշտ էլ յաղթանակած է դուրս եկել:

Այս անգամ, սակայն, իրավիճակը տրամագծօրէն այլ է, քանի որ արտաքին թշնամու կողքին, ներքին թշնամին եւս ճիգ չի խնայում Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում հայութեանը բթացնելու, նրա ինքնապաշտպանութեան բնազդը սպանելու, ստեղծւած կացութեան հետ հաշտեցնելու, ազգային ինքնութիւնից պարպելու, հոգեւոր արժէքները գռեհիկ նիւթականով փոխարինելու եւ մէկ անգամ ընդմիշտ գերեզմանելու յաղթանակած ազգ լինելու հոգեբանութիւնը:

Հայ ժողովուրդը մէկ անգամ եւս հասել է ճակատագրական ընտրութեան խաչմերուկին. կա՛մ համակերպւել պարտութեան մտքի հետ, եւ մեզ պարտութեան տարած ապիկարների կողմից պարտադրւած նւաստացուցիչ կացութեանը՝ իր հազարամեակների գոյութեան աւարտի սկիզբը դնելով, եւ կամ սթափւել, թօթափել պարտութեան պատճառած ընկճախտը, մերժել դասալիքներին ու երկչոտութեանը, եւ ինքնապաշտպանութեան բնազդի ժխտման արտայայտութիւնները, պարզել պայքարի դրօշ, խենթանալ՝ սրբազան կորցրածը յետ բերելու հնարքը գտնելու համար:

Պահը օրհասական է, իսկ ընտրութիւնը՝ ճակատագրական: Մենք ենք որոշելու՝ կրկնւելո՞ւ է արդեօք ՀԱՐՍԱՆԻՔԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ, թէ կորելու, անհետանալու ենք որպէս ազգ:

«ԱԼԻՔ»ի խմբագրական