կարևոր
3385 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 11:32
Քաղաքական

Հակոբ Տեր-Խաչատուրյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարության հետ

Հակոբ Տեր-Խաչատուրյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարության հետ

Աշխատանքային այցով եվրոպական երկրներում գտնվող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Միջազգային կապերի Եվրոպայի գրասենյակի պատասխանատւ Գասպար Կարապետյանի և նույն գրասենյակի աշխատակից Սարինե Աբրահամյանի ուղեկցությամբ, նոյեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության (Party of European Socialists / PES) ղեկավարության՝ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալներ Յոնեք Պոլենի, Սաար Վան Բյուրենի և Գործադիր վարչության անդամ Քարոլին  Ջենեզի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության հարաբերությունների ընդլայմանն առնչվող հարցեր, ինչպես նաև  Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի ուժեղացման հեռանկարները։ Ընդգծվել է Հ․Յ․ Դաշնակցության և Եվրոպական գաղափարակից կուսակցությունների կապերի խորացման անհրաժեշտությունը։ 

Քննարկման առանցքային թեմաներից էին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Շեշտվել է Թուրքիայի կործանարար մասնակցությունը պատերազմական գործողություններին, որի արդյունքում այն ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում։ ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են նաև Արցախի գրավյալ շրջաններում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ իրագործել բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը։    

Առաջիկայում ձեռնարկվելու են գործնական քայլեր՝ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

 

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

10.11.2022 թ.