կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 23:31
Քաղաքական

Պատրաստ եմ հանդիպել Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի հետ. Ալեն Սիմոնյան

Պատրաստ եմ հանդիպել Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի հետ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդման հյուրը, հայտարարեց` մեջբերեմ՝

- Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի վեհափառ հայրապետին ․ ․ ․

Ասեմ, որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում»։

Հ.Գ. Ի դեպ, Ալեն Սիմոնյանը գրառման մեջ Վեհափառ բառը գրել է փոքրատառով: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը մեկնաբանություններում նշել է. «Վեհափառը մեծատառով է գրվում։ Դա ԱԺ փոխնագահ տիտղոս չի, որ 5 տարին մեկ փոխվի», ինչից հետո Ալեն Սիմոնյանը շտկել է սխալը:

Նշենք, որ Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ասել էր. «Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք  է ասել՝  փողոցում չեք գտնվում, եւ նրանք պետք է հասկանան մեր դերը մեր ժողովրդի կյանքում»:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղարկել Մայր աթոռին՝ փաստելով, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝  ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։

Նա, մասնավարապես, նշել էր. 

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: