կարևոր
16429 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 12:35
Քաղաքական

Սիրելի արցախցիներ, ամուր մնացեք, այս փորձությանը ևս դիմագրավելու ենք. Վեհափառ Հայրապետ

Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության մասին, այդ բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակաց նկատմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը դեպի Արցախ ճանապարհին անցակետ է տեղակայել:

«Նպատակը շատ որոշ է եւ հստակ՝ հայաթափել Արցախը եւ տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ: Այս նվիրական սրբավայրից խոսքս ուղղում եմ Արցախի մեր հավատավոր զավակներին. Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով եւ ձեր կամքի մեջ, ձեզ բնորոշ արիությամբ Աստծո զորակցությամբ եւ օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել եւ այս փորձությունը: Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս, եւ միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը:

Տերը օգնական ու պահապան ձեզ, մնացեք տիրոջ սիրո ու խաղաղության մեջ»,-ասաց նա: