կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 15:07
Արցախ

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել. եկել էր Հայաստանից

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել. եկել էր Հայաստանից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:

Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել:

Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա: Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»: