կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 20:46
Հասարակություն

Ինչպես հոգեբանորեն պաշտպանվել կորոնավիրուսից

Ինչպես հոգեբանորեն պաշտպանվել կորոնավիրուսից

Արժանահավատ տեղեկատվության բացակայությունն առասպելներ է ծնում, իսկ դավադրությունների տարատեսակ տեսությունները խուճապի պատճառ են դառնում: Ինչպես ինքնուրույն տեսակավորել այդ տեղեկատվությունը և «միացնել» հոգեբանական պաշտպանությունը կորոնավիրուսից. ըստ yerkir.am-ի՝ Regnum-ի հետ զրույցում պատմել է հոգեբան Ելենա Կովալչուկը:

Ըստ նրա՝ մարդիկ տագնապած են, և դա հասկանալի է: Նրանք փորձում են տագնապից ազատվել տարբեր ձևերով, օրինակ՝ որոշակի ապրանքների զանգվածային գնումները այն թեթևացնելու, հնարավոր փորձանքներին նախապատրաստվելու ձև է:

Հոգեբանը նշում է՝ որպեսզի սահմանափակումները, կարանտինը վրա հասնող փորձանքի կանխանշան չթվան, կարևոր է գիտակցել, որ դպրոցական և ուսանողական կարանտինները, բնակչության մի մասի աշխատանքի կազմակերպումը տանը պրոֆիլակտիկայի ձև է և պետության ադեկվատ գործողություններ՝ ուղղված բնակչության պաշտպանությանը: Դրան հարկավոր է արձագանքել հանգիստ, այլ ոչ թե՝ ամեն ինչ վատ է, գնենք մի տոննա հնդկացորեն և 2 հազար հատ զուգարանի թուղթ, այլապես մեր վերջը կգա:

«Այլ բան է, որ անորոշ իրավիճակում ցանկացած մարդ տագնապ և շփոթվածություն է ունենում՝ փորձելով գտնել հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու օպտիմալ միջոց: Եվ հենց այստեղ կարևոր է առավելագույնս ազատվել անորոշության իրավիճակից՝ ունենալ հրատապ, ստուգված տեղեկատվություն կատարվողի մասին, չհավատալ տարատեսակ ասեկոսեներին ու ԶԼՄ-ների «դեղին» վերնագրերին»,- ասում է հոգեբանը՝ հավելելով, որ ստուգված տեղեկություններն օգնում են հասկանալ՝ ինչ և ինչպես անել:

Ըստ Կովալչուկի՝ օգտակար է նաև կազմել ու իրագործել ամենօրյա գործերի սեփական գրաֆիկը: Դա վերաբերում է և՛ մեծերին, և՛ երեխաներին: «Կարևոր է չկենտրոնանալ միայն կորոնավիրուսի թեմայով քննարկումների ու մտորումների վրա, այլ զբաղվել սովորական գործերով, աջակցել մտերիմներին, նրանց համար հենարան դառնալ: Օգտակար են նաև սպորտը, ամենաօրյա զբոսանքները: Շարժվելը վերացնում է մկանային լարվածությունը և նվազեցնում տագնապը: Պետք չէ թերագնահատել դրական զգացմունքների կարևորությունը, դրանք կօգնեն թուլանալ, տագնապալի թեմայից անցնել հաճելի մտքերի: Ձեր ուղեղը կհանգստանա, և, որպես հետևանք, ավելի ադեկվատ ու քննադատաբար կընկալեք ձեր շուրջը կատարվող իրադարձությունները»,- խորհուրդ է տալիս հոգեբանը: