Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շիրակ» ակումբի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել թիմի հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ:
-Ինչպե՞ս կգնահատես անցած մրցաշրջանը:
-Մրցաշրջանը շատ բարդ ու հետաքրքիր ստացվեց, հատկապես` «Շիրակ»-ի համար: Մենք մինչև վերջին պահը պայքարում էինք` առաջին եռյակում տեղ գրավելու համար: Մեր խնդիրները հենց առաջնության մեկնարկից սկսվեցին: Մեզ մոտ այդ հատվածը չստացվեց: Հաջող անցկացրած Չեմպիոնների լիգայից հետո դժվար եղավ միանգամից կենտրոնանալ առաջնության վրա, ինչի արդյունքում մենք շատ կարևոր միավորներ կորցրեցինք: Իսկ արդեն վերջում, երբ ամեն ինչ մեր ձեռքերում էր, վնասվածքները և որակազրկումները խանգարեցին հասնել ցանկալի արդյունքի:
-Ձմռանը «Շիրակ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի լավագույն թիմերից մեկի՝ ԼԱ «Գելեքսիի» հետ: Ի՞նչ տվեց քեզ այդ հանդիպումը:
-«ԼԱ Գելեքսին» շատ ուժեղ թիմ է, ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց: Կոնկրետ ինձ համար դա մեծ փորձ էր՝ խաղալ ընդդեմ «Գելեքսիի», որտեղ հանդես են գալիս Լենդոն Դոնովանի և Օմար Գոնսալեսի պես ֆուտբոլիստներ: Հատկապես կարևոր էր այն փաստը, որ մենք հանդես էինք գալիս մեր հայ երկրպագուների առաջ: Այդ մեկ շաբաթը, որ մենք գտնվում էինք Լոս Անջելեսում, կարծես թե բոլոր հայերը ապրում էին մեզանով: Նրանք ամեն ինչով օգնում էին մեզ, և մենք էլ մեր կողմից փորձեցինք ուրախացնել նրանց մեր խաղով: Կարծում եմ` ստացվեց:
-Արդեն երրորդ տարին անընդմեջ «Շիրակ»-ը մասնակցելու է Եվրագավաթներին…
-Այո, այս տարի մենք հանդես կգանք Եվրոպայի լիգայում: Մեզ սպասվում են շատ լուրջ մրցակիցներ և շատ բարդ հանդիպումներ: Անցյալ երկու տարիները մեզ մեծ փորձ տվեցին, և մենք հոգեբանորեն պատրաստ ենք հանդես գալ նման մրցաշարերում: Պետք է նպատակ դնել և փորձել անցնել երկու փուլ: Լուրջ կպատրաստվենք և համոզված եմ, որ դեռ շատ առաջ կգնանք: