Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Արևմուտքի այլ երկրներ ինքնամեկուսանում են, փակում դպրոցներ, չեղարկում սպորտային միջոցառումներ ու համերգներ, Մեծ Բրիտանիան ցուցադրում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր առանձնահատուկ ճանապարհը: Բրիտանական իշխանությունները համարում են, որ հարկավոր է փրկել միայն տարեցներին, իսկ մնացած բնակչությունը թող ոտքի վրա հիվանդանա, և այդ ժամանակ ի հայտ կգա հավաքական իմունիտետ: Որքանո՞վ է ճիշտ այդ հաշվարկը. ըստ yerkir.am-ի` պարզել է «Վզգլյադ»-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի թագավորության բնակիչներին կոչ է արել հնարավորինս դադարեցնել բոլոր շփումները` կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար:
«Ժամանակն է դադարեցնելու քիչ կարևոր շփումները շրջապատի հետ, դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մեծ են 70 տարեկանից, հղի կանանց ու հիվանդություններ ունեցողների համար»,- ընդգծել է Ջոնսոնը` հավելելով, որ անհրաժեշտ է դադարեցնել նաև բոլոր ուղևորությունները, խուսափել փաբերից, ակումբներից ու թատրոններից:
Վարչապետը խորհուրդ է տվել աշխատել տնից, իսկ ովքեր շփումներ ունեն պոտենցիալ վարակվածների հետ կամ հազում են ու ջերմություն ունեն, 2 շաբաթ մնալ տանը: Լուրջ առողջական խնդիրներ ունեցողներին նա պահանջել է զերծ պահել սոցիալական շփումներից 12 շաբաթ ժամկետով:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունն էլ հրապարակել է ոչ մխիթարական կանխատեսում` թագավորությունում համաճարակը կարող է ձգվել մեկ տարի, որի ընթացքում հիվանդանոցներում է հայտնվելու 7,9 մլն մարդ:
Թագավորությունը վարակվածների ու մահացածների թվով ամենատուժած երկրների տասնյակում է, սակայն, ի տարբերություն արևմտյան այլ երկրների, չի փակում սահմանները, դպրոցները և չի սահմանում այլ կոշտ արգելքներ: Բազմաթիվ բժիշկներ քննադատում են կառավարությանն այդպիսի արձագանքի համար:
Կառավարությունը համարում է, որ ուսումնական հիմնարկներում դասընթացների ամբողջական դադարեցումն արդյունավետ միջոց չէ, և ընդհանրապես` երեխաները վարակը փոխանցողներ չեն: Դպրոցներին ընդամենը հանձնարարվել է դադարեցնել բոլոր ուղևորություններն ու էքսկուրսիաները:
Բրիտանական իշխանությունները չեն արգելել զանգվածային միջոցառումները` համարելով, որ նման միջոցառումը վարակվածների թիվը կկրճատի ընդամենը 5 տոկոսով: Նրանք ենթադրում են, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է փակ տարածքներում, օրինակ` փաբերում, բայց ոչ` մարզադաշտերում:
Միակ հստակ արգելքը, որը դեռևս ուժի մեջ չի մտել, բայց որի մասին հայտարարվել է, 70 տարեկանից մեծ մարդկանց տնից դուրս չգալն է: «Տարեցներին մեկուսացնելու մասին որոշման մասին կհայտարարվի մոտակա շաբաթներին: Ես մանրամասներ չեմ ներկայացնի, որովհետև այդ մասին կհայտարարենք, երբ, հիմնվելով գիտական տվյալների վրա, որոշենք, որ ժամանակը եկել է»,- ասել է երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:
Ըստ BBC-ի` տարեց բրիտանացիներին կարգելվի ոչ միայն դուրս գալ փողոց, այլ նաև հյուրեր ընդունել: Սնունդն ու դեղամիջոցները նրանց կբերեն մինչև դռները: Ընդ որում` նախարարը նշել է, որ խոսքը շատ երկար ժամկետի մասին է: Սահմանափակումները կգործեն երկրի ամբողջ տարածքում, բացի Շոտլանդիայից:
Անցյալ շաբաթվա վերջին բրիտանական կառավարության խորհրդական սըր Պատրիկ Վալանսը սենսացիոն հայտարարություն էր արել, որում փաստացի, կոչ էր արել իշխանություններին` ուշադրությունը կենտրոնացնել միայն տարեցների վրա, այլ ոչ թե մնացած տարիքային խմբերի, «քանի որ մեծ մասը թեթև ձևով է տանում հիվանդությունը, իսկ դա հնարավորություն կտա ձևավորելու խմբային իմունիտետի նման ինչ-որ բան, որպեսզի մեծ թվով մարդիկ այդ հիվանդության դեմ իմունիտետ ձեռք բերեն, ինչն էլ կպակասեցնի հետագա վարակումը»: Նա նաև կարծիք էր հայտնել, որ, ըստ ամենայնի, «կորոնավիրուսը տարեցտարի կրկնվող սեզոնային վարակ է դառնալու»:
Ռուսաստանցի վարակաբանները հաստատում են` նոր վիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետ իսկապես ժամանակի ընթացում կձևավորվի: Հարցն ընդամենը ժամկետների մեջ է, նաև այն բանի, թե ինչ գին է դրա դիմաց վճարվելու:
«Հավաքական իմունիտետ կարող է ձևավորվել կա՛մ պատվաստման արդյունքում, կա՛մ բնական հիվանդացության ճանապարհով, կա՛մ էլ երկուսի պարագայում միաժամանակ »,- «Վզգլյադի» հետ զրույցում նշել է ՌԳԱ Հեռավորարևելյան կենսաբանական բազմազանության գիտական կենտրոնի վարակաբանության լաբորատորիայի ղեկավար Միխայիլ Շչելկանովը: Նա բերել է Չինաստանի օրինակը` կարծիք հայտնելով, որ համաճարակի աղբյուր դարձած Հուբեյ նահանգում խմբային իմունիտետ սկսել է ձևավորվել դեռևս հունվարին: «Ներկայումս այդ նահանգում արդեն որոշակի իմունային շերտ կա: Թեև այն բավարար չէ հետագա համաճարակների կանխման համար, բայց կա»,- նշել է վարակաբանը:
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիկտոր Զուևի կարծիքով` քիչ հայտնի վիրուսի պարագայում բնական հիվանդացության միջոցով իմունիտետ ձևավորելու վրա հույս դնելը վտանգավոր է: «Վալանսը փաստացի կոչ է անում ոչ մի միջոց չձեռնարկել, հնարավորություն տալ թեթև ձևով հիվանդանալու, որպեսզի խմբային իմունիտետ ձևավորվի: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական բնակչության, ամբողջ ազգի վրա փորձարկում իրականացնել: Յուրահատուկ մոտեցում է: Նման բան աշխարհում դեռևս չի եղել»,- ասել է պրոֆեսորը:
Ըստ նրա` ոչ մի բանի, բացի զանգվածային վարակումից և հիվանդության անվերահսկելի տարածումից, դա չի հանգեցնի:
«Չի կարելի մոռանալ, որ վիրուսը մեկն է, իսկ վարակների տեսակները, որոնք այն առաջացնում է մարդու օրգանիզմում, կարող են տարբեր լինել: Մեկի մոտ այն կարող է թոքերի ծանր հիվանդություն առաջացնել` մահվան ելքով, մյուսի մոտ` ծանր հիվանդություն, որը կավարտվի ապաքինմամբ: Երրորդի մոտ հիվանդությունը միջին ծանրություն կունենա, սակայն` բարդություններով, եթե մարդն ինչ-որ այլ հիվանդություն ունի: Իսկ չորրորդի հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների` մարդն արտաքինին առողջ լինի: Չորրորդ տարբերակը` թաքնված ու առանց ախտանշանների, ամենանենգն է. վիրուսակիրը մնում է առանց վերահսկողության և կարող է փոխանցել հիվանդությունը: Բրիտանական մեթոդի վտանգավորությունն այն է, որ նման վիրուսակիրները կարող են տարածել վարակի այն տարբերակները, որոնք ուրիշների մոտ կհանգեցնեն մահվան: Այդ ժամանակ բրիտանացիները կբռնեն գլուխները, սակայն արդեն ուշ կլինի»,- նշել է վարակաբանը:
Միևնույն ժամանակ Զուևը հակված է համաձայնելու բրիտանացի բժշկի հետ, որ կորոնավիրուսը կարող դառնալ սեզոնային կրկնվող վարակ: «Այս վիրուսը բավականին «բարեհամբույր» գտնվեց տարբեր կլիմայական գոտիներում բնակվող մարդկանց նկատամբ: Այն լիովին կարող է պահպանվել: Դա երկկողմանի շահավետ է և՛ վիրուսին, որը պահպանվում է կենդանի բջջում, և՛ մարդու օրգանիզմին: Ֆրանսիացի բժիշկները ժամանակին դա որակել են «ջենթլմենական համաձայնություն: Ինչ-որ վարակով հիվանդացած ու ապաքինված մարդը ձեռք է բերում ոչ ստերիլ իմունիտետ` նույն վիրուսով վարակվելու կայունություն: Օրինակ` գրիպի պնևմոտրոպային վիրուսը «գալիս է» տարեկան երկու անգամ` ուշ աշնանը և վաղ գարնանը, երբ խոնավ է, ցուրտ, երբ իմունիտետը ցածր է: Ամռանն այն ոչ մի տեղ չի գնում, թաքնված մնում է օրգանիզմում: Նման պատմություն կարող է լինել այս կորոնավիրուսի հետ»,- նշել է Զուևը և չի բացառել, որ տաք եղանակի գալուն պես COVID-19-ը կընկրկի, և պանդեմիան կավարտվի, սակայն վիրուսն ընդմիշտ չհեռանա:
«Եթե COVID-19 –ը վերածվի սովորական սեզոնային վիրուսի, ինչպես համաճարակային գրիպը, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի պատվաստել գոնե ռիսկի խմբի մարդկանց` առաջին հերթին տարեցներին»,- զրույցը եզրափակել է Շչելկանովը: