Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ կառավարությունը ցանկանում էր հասկանալ, թե որ քաղաքներն են ավելի ընկալունակ կենսաբանական հարձակումների նկատմամբ: Ավելի լավ բան, քան «ուսումնական փորձարկում» իրականացնելը, նրանք չմտածեցին, և 1950 թվականին դեպի Սան Ֆրանցիսկո ուղևորվեց վարակված փորձանոթներով բեռնված նավ: Գործողությունը կոչվում էր Sea-Spray. ըստ yerkir.am-ի` գրում է իսպանական Público պարբերականը:
Եվ այսպես`
գործողության անվանումը` Sea-Spray,
անցկացման վայրը` Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ,
անցկացման ժամանակահատվածը` 1950 թվականի սեպտեմբերի 20-27,
նախագահ` Հարի Թրումեն:
Յոթ օր շարունակ ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավի վրա տեղադրված հսկայական բրանդսփոյտներով (հրշեջների կողմից և նավերում կիրառվող պոմպեր) տարածում էին Serratia Marcescens և Bacillus Globigii բակտերիաների զգալի քանակություն, որոնցից առաջացած ամպը կախված էր ծովածոցի 800 հազար բնակիչների գլխին: Գործողության անցկացման վայրը ընտրվել էր ծովին մոտ լինելու, խիտ բնակչություն ունենալու, երկնաքերների առկայության պատճառով, բացի դրանցից` տեղանքում ամպամածությունը օգնում էր թաքցնել պաթոգեն նյութերի առկայությունը և նպաստում դրանց տարածվելուն մոտակա քաղաքներում:
Գործողությունն իրականացվում էր ոչ թե մարդկանց առողջության վրա այդ զենքի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով, այլ ուսումնասիրելու համար`
- քամու հոսանքները, որոնք տարածում են մահաբեր բակտերիաները,
- ամպը, որը տեղափոխում էր բակտերիաները մեծ հեռավորության վրա,
- ժամանակւը, որի ընթացքում բակտերիաները կհասնեն այլ շրջաններ,
- վարակելու համար անհրաժեշտ բակտերիաների քանակը,
-մեծ քաղաքի խոցելիությունը կենսաբանական զենքի նկատմամբ, դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և պայքարը դրա դեմ:
Serratia Marcescens բակտերիան ընտրվել էր երկու պատճառով:
1. Այս բակտերիան այնքան էլ մահաբեր չէ, ինչպես սիբիրյան խոցը (Bacillus Anthracis), որն, ի դեպ, 2003-ին Սադամ Հուսեյնն իբր փոստային ծրարներով ուղարկում էր ԱՄՆ (Իրաք ներխուժելու ևս մի առիթ): Դրանով զբաղվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Բրյուս Իվինսը, որը 18 տարի շարունակ աշխատում էր վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ռազմական ինստիտուտում և զբաղված էր այդ բակտերիաների դեմ պատվաստանյութերի մշակմամբ. նա վարակել էր 22 մարդու, որոնցից 5-ը մահացել էին:
2. Այդ բակտերիան արտադրում է կարմիր պիգմենտ, և այդ յուրատեսակ «մարկերի» շնորհիվ հեշտությամբ կարելի է հետևել դրա տարածմանը:
Նույն տարվա ընթացքում նմանատիպ փորձարկումներ էին իրականացվել Քելհուն (Ալաբամա) և Քեյ Վեսթ (Ֆլորիդա) շրջաններում` առաջացնելով թոքաբորբի բռնկումներ:
Արդյունքը
Դա ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի և դրա քաղաքական ներկայացուցիչների իսկական հաջողությունն էր, թեև` քրեական, պատմության մեջ կենսաբանական զենքի ամենամեծ փորձարկումը: 43 շրջաններից վերցված` բակտերիաների տարածման փորձանմուշները ցույց էին տալիս դրա արդյունավետությունը. բացի ծովածոցից, պաթոգեն նյութերով վարակվել էին նաև շրջակա քաղաքները: Դրանց բնակիչներն այդ մասին տեղեկացան ավելի ուշ` շնորհիվ լրագրողական հետաքննության, որն իրականացրել էր 1976 թվականին Longday Newsday թերթը:
Սակայն Sea-Spray գործողությունն առաջինն ու վերջինը չէր ԱՄՆ կենսաբանական զենքի փորձարկումների ընթացքում:
Սարսափեցնող ժամանակագրություն
Ամերիկյան մամուլի տվյալներով.
1920 թ. – Serratia Marcescens են տարածել մի խումբ ամերիկացի զինծառայողների շրջանում` դրա ազդեցությունը գնահատելու համար: Շուտով պարզ է դարձել, որ այդ բակտերիաներն առաջացնում են սեպսիս, շնչառական հիվանդություններ, էնդոկարդիտ, օստեոմիելիտ, աչքի վարակներ և մենինգիտ:
1930-ական թվականներ – Whiteout Press ամսագիրը գրում է` Ռոքֆելերի բժշկական հետազոտությունների ինստիտուտը (հիմնադրվել է 1901 թվականին) ԱՄՆ քաղաքացիներին փորձարկումների ճագարների տեղ էր դրել` գաղտնի կերպով նրանց վարակելով քաղցկեղի բջրջներով: 1947թվականին այդ ինստիտուտում հայտնաբերվեց Զիկի վիրուսը:
1942 թ.- Կենսաբանական զենքի մշակման ամերիկյան ծրագիրը պետական բնույթ է ստանում ` նախագահ Ռուզվելտի համապատասխան հրամանով:
1943 թ.- ԱՄՆ ԶՈւ բժշկական հրամանատարությունը Ֆորտ Դետրիկում (Մերիլենդ) ուսումնասիրում է սիբիրյան ժանտախտը, բրուցելոզը, բոտուլոտոքսինը, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտը, Francisella tularensis բակտերիաները և այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները որպես կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը: Փորձարկումներն իրականացվում են կենդանի օրգանիզմների վրա: 1954-1973 թթ. այդ կնետրոնը «Վայթքոաթ» գործողությունն է իրականացրել` ուսումնասիրելով Q տենդի, դեղին տենդի և բուբոնային ժանտախտի ազդեցությունը հարյուրավոր կապիկների վրա, որոնք բոլորը մահացել են` ահավոր տանջանքներ կրելով: Այնուհետև փորձարկումներ են իրականացվել առնվազն 2200 մարդու վրա` առանց նրանց գիտության: Նրանց հրավիրել են մասնակցելու փորձարկումներին Ադվենտիստների եկեղեցու միջոցով: Ինչպես կապիկներին, նրանց էլ կապել են աթոռներին ու արևի տակ ցողաշիթել հիվանդածին բակտերիաները: Փորձարկումն իրականացվել է համապատասխան ռումբերն այդ նյութերով լցոնելու և համապատասխան թվով բնակչություն ունեցող բնակավայրերում կիրառելու մեթոդները մշակելու նպատակով:
1945 թ. – Զինվորականների և ԿՀՎ-ի կողմից իրականացված «Ամրակ» նախագիծը նպատակ էր հետապնդում հայտնաբերել գերմանացի և ճապոնացի գիտնականներին, որոնք մեղադրվում էին ռազմական հանցագործությունների մեջ, և առաջարկել նրանց քրեական հետապնդման վերացում ու նոր փաստաթղթեր` ատոմային և կենսաբանական զենքի մշակման ամերիկյան գաղտնի նախագծերում աշխատելու դիմաց:
1947 թ.- Նյուրնբերգյան կոդեքսը, որը մշակվել էր գերմանական ու ճապոնական համակենտրոնացման ճամբարներում իրականացված` մարդկանց վրա փորձարկումների բացահայտումների հիման վրա, նման ուսումնասիրությունների համար սահմանում էր բարոյական նորմեր, մասնավորապես` դրանք կարող էին անցկացվել միայն կամավորների համաձայնության պարագայում, նրանք պետք է հավուր պատշաճի տեղեկացված լինեին փորձարկումների բնույթի և դրանց հետևանքների մասին: Ընդամենը 4 տարի հետո ԱՄՆ-ը խախտում է այդ կոդեքսը`Սան Ֆրանցիսկոյում իրականացնելով պատմության ամենախոշոր փորձարկումների մեկը` անտեղյակ մարդկանց վրա:
1948 թ.- ԱՄՆ-ը ստեղծում է բակտերոլոգիական պատերազմի հարցերով կոմիտե և մշակում բնակչության վրա փորձարկումների ծրագիր: Նույն թվականին Պենտագոնը Պանամայի Սան Խոսե կղզում բացում է Կենսաբանական պատերազմի կենտրոնը, որտեղ պահեստավորում է թունավոր նյութեր:
1950 թ.- Վերը նշված Sea-Spray գործողության հետևանքով Սան Ֆրանցիսկոյի Սթենֆորդի հիվանդանոցում է հայտնվում 11 քաղաքացի` միզուղիների լրջագույն ախտահարումներով: Serratia Marcescens բակտերիաների հսկայական քանակությունը մտահոգում է հիվանդանոցի լաբորատորիայի աշխատակցուհի Էն Ցուկերմանին, որն ահազանգ է հնչեցնում: Տարակուսած բժիշկները չեն կարողանում հասկանալ` որտեղից են դրանք: Մահացած միակ հիվանդի` 75-ամյա Էդվարդ Նևինի ընտանիքը կառավարությանը նրա մահվան կապակցությամբ հայց ներկայացնելու անհաջող փորձեր է անում: Կենսաբանական ահաբեկչության փորձագետ Լեոնարդ Քոուլն անդրադարձել է այդ դեպքին իր «Գաղտնի ամպեր» գրքում:
1951 թ.- Զինվորականները Նորֆոլկի Արդյունաբերական մատակարարումների կենտրոնի սևամորթ աշխատակիցներին ներարակում են Aspergillus fumigatus սունկը, որը թոքային հիվանդություններ և ասթմա է առաջացնում թույլ իմունիտետ ունեցողների մոտ: Նպատակը տվյալ վարակի նկատմամբ աֆրոամերիկացիների ընկալողունակության աստիճանը որոշելն էր:
1954 թ. – Կարմիր խանձարուրի համախտանիշ` այսպես է կոչվում փորձարկումը, որն անցկացվել է Վիսկոնսինի համալսարանական հիվանդանոցում նորածինների վրա. նրանց վարակել են Serratia Marcescens բակտերաներով: Մանկական կարմիր մեզը հնարավորություն է տվել ուսումնասիրելու բակտերիաների մուտացիան:
1965-ի մայիս- Զինվորականները Bacillus Globigii բակտերիաներ են տարածում Վաշինգտոնի օդանավակայանում և ավտոբուսների Գրենհաունդ Լայնս կանգառում: Տասնյակ ուղևորներ դրանք իրենց հետ տանում են 7 նահանգի 35 քաղաքներ:
1966 թ.- Հունիսի 7-10-ը Վաշինգտոնի օդանավակայանում կենսբանական նյութով մշակում են ուղեբեռները, իսկ Նյու Յորքի մետրոպոլիտենի օդափոխության համակարգն են գցում կենսանական նյութով տարաներ` վտանգելով մոտ միլիոնի հասնող մարդկանց կյանքը: «Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում բազմաթիվ ստորգետնյա հաղորդակցուղիներ կան»,- հայտարարում են փորձարկումն իրականացնողները:
1967թ.- Պենտագոնը Հավայան կղզիների անտառներում պայթեցնում է զարին և նյարդակաթվածային նյութերով արկեր ու հրթիռներ, ինչը հանգեցնում է անհայտ թվով մարդկանց մահվան: Նպատակը արևադարձային անտառի պայմաններում դրանց արդյունավետությունը գնահատելն էր:
1969 թ.- Գիտնականները նախագահ Նիքսոնին հայտնում են, որ ԱՄՆ կենսաբանական զենքի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան անհրաժեշտ քանակի փոշենման կենսաբանական նյութեր: Այդ թվականին Նիքսոնը փակում է կենսաբանական զենքի մշակման ծրագրի «հարձակվողական» մասը, բայց ոչ` պաշտպանականը: 70-ական թվականներին զինվորականները ցինկի սուլֆիդ և կադմիում են սփռում Մինեսոտայի և միջին Արևմուտքի այլ նահանգների վրա` հաստատելով, որ դրանց մասնիկները տարածվում են 1.600 կմ շառավղով: Պենտագոնի կենսաբանական զենքի հարցով կոմիտեն փորձում է «անվտանգ» միկրոօրգանիզմներ տարածել օդափոխման համակարգերում , մետրոյում ու ջրմուղներում, որպեսզի գնահատի կենսաբանական կրիչների արդյունավետությունը դիվերսիաների ժամանակ, նաև` դրանց նպատակահարմարությունը հատուկ գործողությունների ժամանակ:
1990-ական թվականներ- Տեխասի բանտերի բանտարկյալների վրա փորձարկվում է նոր քիմիական զենք, որը հետագայում կիրառվելու էր Իրաքի խաղաղ բնակիչների նկատմամբ: Այսպես կոչված`«Պարսից ծոցի համախտանիշը» ի հայտ է եկել, երբ ամերիկացի զինվորականները, թունավոր նյութեր կիրառելով իրաքցիների նկատմամբ, իրենք էլ են ծանր հիվանդանցել, ընդ որում` հիվանդություն փոխանցվել է նրանց երեխաներին, որոնք ծնվել են սարսափելի ֆիզիկական արատներով: Կալիֆոռնիայի մոլեկուլային բժշկության ինստիտուտի հիմնադիր Հարթ Նիկոլսոնը գրել է. «Պարսից ծոցի պատերազմի հազարավոր վետերաններ տառապում են ճառագայթման, քիմիական ու կենսաբանական զենքերի հետևանքներից»:
1994 թ.- Սենատոր Ջոն Ռոքֆելերի զեկույցը ցույց է տալիս, որ տասնամյակների ընթացքում ամերիկացի զինվորականները կանխամտածված կերպով իրենց հարյուրհազարավոր զինվորների ենթարկել են վտանգավոր մանրէների, թունավոր, հալյուցինագեն և հոգեմետ նյութերի ու ճառագայթումների ազդեցության:
2013 թ.- Veterans Today ամսագիրը պնդում է, որ Պենտագոնը 300 մլն դոլար է դուրս գրել Թբիլիսիում գտնվող կենտրոնական պրոֆիլային լաբորատորիայում կենսաբանական պատերազմի գաղտնի ծրագիր իրականացնելու համար:
Բայց մի՞թե բանակի, հատուկ ծառայությունների ու երկրների ղեկավարների գործը սեփական քաղաքացիներին թշնամիներից պաշտպանելը չէ: