կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 23:30
Հասարակություն

Առաջնահերթությունը տրվել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին. Արտեմ Ասատրյան

Առաջնահերթությունը տրվել է  երեխաների պաշտպանության  ոլորտում իրականացվող ծրագրերին. Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 13-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ /Հայաստանի, ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և  ՄԶԳ  Տեղահանված երեխաների և որբերի հարցերով  հիմնադրամի  ներկայացուցիչներին:

Հանդիպմանը   ներկայացվել է ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող   «MEASURE Evaluation» ծրագիրը: Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը, որի  նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է  երեխաների պաշտպանության ոլորտում:  Առաջարկվող ծրագրով   կձևավորվի թիմ,  որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը:

Կարևորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ երկարամյա համագործակցությունը՝ նախարարը նշել է, որ  այս փուլում, երբ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ,  հետագա համագործակցության ուղիների նախանշումը շատ արդիական է:

«Այսօր իրականացվող բարեփոխումներն  իսկապես  խորը գնահատման կարիք ունեն: Մենք ունենք մոնիթորինգի և գնահատման համակարգ,  հաստատված մեթոդաբանություն, որով  գնահատում ենք  մի քանի տասնյակի հասնող ծրագրեր՝ ստուգելով դրանց արդյունավետությունը: Ներկայում առաջնահերթությունը տրվել է  երեխաների պաշտպանության  ոլորտում իրականացվող ծրագրերին»,-նշել է նախարարը:  Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ  սերտ համագործակցությունը գնահատման ծրագրի շրջանակներում  կլրացնի և կամբողջացնի նախարարության կողմից իրականացվող գնահատման աշխատանքները:

ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի ներկայացուցիչն իր հերթին բարձր է  գնահատել նախարարության հետ  համագործակցությունը և ընդգծել, որ  Հայաստանը երեխաների ոլորտում  իր ունեցած առաջընթացով ու կատարած աշխատանքով առաջիններից է այն  9 երկրների շարքում, որտեղ նա զբաղվում է  երեխաների պաշտպանության բարեփոխումների ծրագրերով:

«Այս գնահատման նախաձեռնությունը, կարծում եմ, կնպաստի երեխաների  պաշտպանության ուղղությամբ մեր կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին:  Մենք ունենք շատ լավ թիվ, տեղում կարող ենք մեծ աջակցություն ցուցաբերել: Նախաձեռնությունը անշուշտ առաջնորդելու է ՀՀ կառավարությունը, իսկ գնահատման թիմը տեխնիկական աջակցությունն է ապահովելու»,- նշել է  ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ  ընդհանուր գործընթացի շրջանակում գնահատման նախաձեռնությունը կօգնի, որպեսզի ՀՀ կառավարությունը տեսնի՝  ոլորտում ինչ առաջընթաց է եղել և ինչպես պետք է շարունակել աշխատանքները:

Անդրադառնալով  առաջարկվող ծրագրին՝ նախարարը կարևորել  է բարեփոխումների իրականացման փուլում համակարգի աշխատողների կարողությունների հզորացումը, ինչը  հետագայում հնարավորություն կտա  ավելի առարկայական արդյունքներ ապահովել ոլորտում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքները կազմակերպելու  ուղղությամբ: