Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 10-ի երեկոյի դրությամբ չոր վիճակագրություն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 631 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը՝ 8514, ապաքինվածներինը՝ 1004: 60 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, կարծես, շատ չէ, սակայն վերջին շաբաթների ընթացքում մահացածների թիվն ամեն օր ավելանում է 20-30 տոկոսով. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:
Կառավարությունը նոր միջոցներ է ձեռնարկում, սակայն արդյունքը փոքր է, առավել ևս, որ այդ միջոցառումները ուշացած են լինում: Դրանցից մի քանիսը, որոնց կիրառման մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, առաջին հայացքին թվում են դաժան՝ երկրի տարածքում տեղաշարժի սահմանափակում, բոլոր զանգվածային միջոցառումների դադարեցում, սանիտարական հսկողության ուժեղացում, բայց նաև՝ տուժածներին փոխհատուցման հատկացում: Սակայն այդ ամենը, ընդդիմության կարծիքով, ավելի վաղ էր պետք իրականացնել: Եվ իսկապես, թվում է՝ կառավարությունն ընկել է հիմնախնդրի հետևից ու չի կարողանում հասնել: Երբ «մեկուսացման ռեժիմ» հայտարարվեց առաջին 10 քաղաքում, դա էլ էր դաժան թվում, սակայն արդեն ուշ էր՝ վիրուսը տարածվեց երկրի հյուսիսում: Իսկ երբ արդեն հյուսիսը «անջատեցին», վարակման դեպքերն արդեն վաղուց գրանցվել էին իտալական բոլոր շրջաններում:
Որոշումների դանդաղ ընդունման պատճառը, ոմանց կարծիքով, հիմնախնդիրը թերագնահատելն էր, ոմանք էլ կարծում են, որ կոալիցիոն կառավարությունն ամեն ինչ երկար է համաձայնեցնում: Շատերն էլ համարում են, որ կառավարությունը չի ցանկանում կտրուկ միջոցների դիմել, որ չկորցնի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Մի ենթադրություն էլ՝ միջոցառումները համաձայնեցվում են Բրյուսելի հետ: Համենայն դեպս, կառավարությունից դժգոհում են և՛ կոշտ մեթոդների, և՛ դրանց ուշ կիրառման համար:
Ի դեպ, չոր վիճակագրությունը «գունավորվում է» գեղագիտական մանրամասներով: Այսպես՝ երկրի մի քանի բանտերում անցյալ հանգստյան օրերին ապստամբություն էր. բանտարկյալները ոչ թե պահանջում էին կորոնավիրուսի դեմ լրացուցիչ պաշտպանական միջոցներ, այլ դժգոհ էին, որ հարազատների հետ տեսակցություններն են արգելվել: Ապստամբությունն այնքան հաջողված էր, որ մի քանի տասնյակ բանտարկյալներ կարողացան փախչել, ընդ որում՝ նրանցից մի քանիսին, այդ թվում՝ մարդասպանների ու մաֆիոզների, մինչ օրս չեն բռնել:
Երեքշաբթի առավոտյան նեապոլիտանական մի փոքրիկ քաղաքում ձերբակալվել է 48 մարդ: Ոստիկանության արձանագրության մեջ գրված է՝ «հուղարկավորության մասնակցելու համար»: Թաղման թափորները ֆուտբոլային խաղերի, ժամերգությունների, ցույցերի նման արգելված են: Բայց եթե ֆուտբոլը կարելի է դիտել հեռուստացույցով, բողոքը հայտնել սոցցանցերում,, աղոթել տանը, ինչպե՞ս վարվել թաղումների ժամանակ:
Հիվանդության տարածմանը նպաստում է նաև իտալացիների աշխույժ ու մարդամոտ բնավորությունը: Սակայն հարկ է նշել, որ բնակչության մեծ մասը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ:
Կորոնավիրուսի հետևանքները Իտալաիայի համար ավելի լուրջ են, քան աշխարհի որևէ այլ երկրի: Զբոսաշրջությունը, որը երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսից ավելին է, այսօր վատ վիճակում է՝ զբոսաշրջիկներ, բնականաբար, արդեն չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի: Փակ գոտիների քաղաքացիները ՀՆԱ չեն արտադրում, բացի այդ՝ կառավարությունն էլ բյուջեի հաշվին սառեցրել է նրանց վարկային ու հարկային պարտավորությունները: Այն, որ երկրի կորուստները կհասնեն միլիարդավոր եվրոների, ներկայումս լավատեսական գնահատական է. խոսվում է տասնյակ միլիարդների մասին: Եվ դա՝ զրոյական տնտեսական աճ ու 2 տրիլիոն եվրո պետական պարտք (ՀՆԱ-ի 135 տոկոսը) ունեցող երկրում:
Հասարակության ժողովրդագրական կառուցվածքն էլ իր «ներդրումն» է ունեցել հիվանդության տարածման գործում. տարեց քաղաքացիները բնակչության քառորդից ավելին են:
Եվ այսպես՝ չինացի զբոսաշրջիկները, մարդամոտ ու խնդրին լուրջ չվերաբերվող քաղաքացիները, թույլ կառավարությունը, ներքին միգրացիան, տարեցների մեծ թիվը կանաչ լույս են վառել կորոնավիրուսի առջև: Ընդ որում՝ Եվրամիության կողմից որևէ լուրջ աջակցություն չկա: