Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարտությունը հանրաքվեում շեշտակի կարող է լինել և հենց այդտեղ կսկսվի իշխանության նահանջը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նա վստահ է, որ իրավիճակը բոլորովին այն չէ, ինչ 2018 թ-ի ընտրություններին, հիմա ժողովրդի մի ստվար զանգված ավելի իրատեսական է նայում գործընթացներին, ավելի իրատեսական է գնահատում խոստումները, որոնք չեն կատարվել այսօրվա իշխանության կողմից։
Մինասյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը փորձի գտնել ճանապարհներ, որպեսզի չեղարկի իր կողմից ապրիլի 5-ին նախատեսած հանրաքվեն, քանի որ քվերակության արդյունքը նրա համար կարող է սթափեցնող լինել։
«Պարտությունը այդ հանրաքվեում շեշտակի կարող է լինել և հենց այդտեղ կսկսվի իշխանության նահանջը։ Նահանջը, որն արդեն տեսանելի կլինի ոչ թե հասարակության մի շերտի, այլև բոլորի համար, որովհետև ինքը չի կարողանա հավաքել 650 հազար ձայն»,-ասաց Մինասյանը։
«Ոչ»-ի շտաբի հետ ՀՀԿ-ն չի աշխատում, հանձնաժողովներում անդամներ չունի․ «Մենք գտնում ենք, որ այս գործընթացը հակասահմանադրական և հակաօրինական է, և գտնում ենք, որ պետք չէ քաղաքացիները ներքաշվեն հակասահմանադրական և հակաօրինական գործընթացի մեջ»։
Գործող իշխանությունները ոչ միայն չեն կատարել իրենց խոստումները, այլև գույքի ու եկամուտների վերաբաշխում են կատարել՝ նախորդներից վերցնելով և տալով նորերին, ոչ թե վերադարձնելով պետական գանձանակ՝ արձանագրում է Գագիկ Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մոտ 40 միլիարդի չափ գումար են բերել այն մարդկանցից, ովքեր մեղադրվում են պետբյուջեի միջոցները սեփականելու հարցում։ 21,5 միլիարդ դրամ տվել են գործող պաշտոնյաներին՝ պարգևավճարներ․ այսինքն, մի մարդուց վերցրել են, տվել են մյուս մարդուն, ընդ որում ապօրինի, դա պետական բյուջեի վատնում է»,-մտահոգություն հայտնեց Գագիկ Մինասյանը։
«Վատնում» բառը նա փոխարինեց ավելի դիպուկ բնորոշմամբ․ «Սա ուղղակի պետական միջոցների լափում է․ անցյալ տարվա ընթացքում 21,5 միլիարդ դրամ պետական բյուջեից լափեցին և տվեցին պարգևավճարներ և ես կարծում եմ, որ այս տարվա ընթացքում այդ չափերն էլ ավելի են մեծանալու։ Սա ուղղակի օրինականցված պետական բյուջեի թալան է»։
Թալանը նորերն օրինականացրել են նաև օրենսդրական փոփոխությամբ․ Մինասյանը նկատեց, որ Պետական բարձրաստիճան ծառայողների մասին օրենքի համաձայն պետական պաշտոնյաների աշխատավարձը պետք է ձևավորվեր նվազագույն աշխատավարձի որոշակի պատիկով, իսկ ամենաբարձր ու ամենացածր վարձատրվող աշխատակիցների աշխատավարձերը պետք է իրարից որոշակի չափով տարբեր լինեին՝ ոչ անսահման։
«Հիմա այդ օրենքը մնում է, իրենք այդ օրենքը չեն վերացնում, սակայն սահմանը եռակի, քառակի անգամ փոխում են․․․ հետևաբար մենք դադարում ենք սոցիալական երկիր լինելուց։ Սա անթույլատրելի է, որովհետև երկրում պետք է լինի սոցիալական համերաշխություն, ամենացածր աշխատավարձ ստացողը չի կարող 100 անգամ ավելի պակաս ստանալ, քան նախարարը կամ պատգամավոր․․․ հիմա, փաստորեն, այդպես է»,-ասաց նախկին պատգամավորը։
Իրենց իշխանության տարիներին նախարարը պետք է ստանար 12 նվազագույն աշխատավարձ և որոշակի սահմանափակումներ պետք է լինեին, որ նա իր աշխատավարձի չափով շատ չհեռանար ամենացածր աշխատավարձ ստացողներից․ «Այդ ամեն ինչը հիմա ոտնատակ է տրվում»։
Ինչ վերաբերում է նախորդների ժամանակ նույն այդ պաշտոնյաներին ծրարով գումար տալու մասին վարչապետի հայտարարություններին, Մինասյանն ասաց՝ դա հիմարություն է։
«Մի ժամանակ էլ ասում էին, որ ճամպրուկներով Բաղրամյան 26 գումարներ են տարվել, հետո իրենք ներողություն խնդրեցին, երբ միջազգային լրագրողը դիմեց, ասացին, որ իրենք պատկերավոր խոսք են ասել։ Կարծում եմ՝ իրենք հիմա էլ պետք է ասեն, որ պատկերավոր խոսք են ասում՝ ոչ ավելի, հակառակ պարագայում կգա ժամանակ և իրենք պատասխան կտան իրենց խոսքերի համար»,-մեկնաբանեց ՀՀԿ նախկին պատգամավորը։
Պարգևավճաների այս հսկայական գումարների դուրսբերումը պետական բյուջեից ուղղակիորեն կազդի սոցիալական ծրագրերի ֆինանսավորման վրա՝ համոզված է Գագիկ Մինասյանը։
«Եթե դուք պետական բյուջեից ոչ նպատակային ծախս եք անում, դուք գողանում եք այն գումարները,որոնք պետք է գնային սոցիալական խնդիրների լուծմանը, առողջապահական խնդիրների լուծմանը, տարբեր խնդիրների։ Անցյալ տարվա ընթացքում այդ պարգևավճարները, իսկ դա ուղղակի լափել է, պետական բյուջեի լափել է, 21,5 միլիարդ դրամ է գնացել, իսկ դա ահռելի մի գումար է»,-ասաց նա։
Նախորդների շրջանում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու նախաձեռնության մասին Գագիկ Մինասյանի դիրքորոշումը հստակ է՝ եթե դա պետք է լինի դատական կարգով, այսինքն, գործ հարուցվի, դատարանը քննի, թույլ տրվի, որ մարդը պաշտպանվի և այլն՝ ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, այդ դեպքում խնդիր չի տեսնում։
«Բայց եթե դա պետք է լինի արտադատական գործընթաց, ապա չափազանց վտանգավոր է։ Սա ուղղակի իշխանության վերաբաշխում է և հասարակության համար սա չափազանց լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Գագիկ Մինասյանը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ այս կարգի ապօրինի գործողություններն էլ ավելի կնվազեցնեն ներդրումները՝ համոզված է նախկին պատգամավորը։
«2019 թվականի առաջին 9 ամիսներին 43 տոկոսով ավելի պակաս են եղել ներդրումները, քան 2018 թ-ին։ Եվ սա օրինաչափ է, քանի որ մեր երկրում բիզնեսի համար որևէ նպաստավոր պայման չկա․ ոչ կա կայունություն, ոչ կա կանխատեսելիություն, ոչ կա պետության ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության տարանջատում և փոխադարձ զսպումներ։ Այսօր մեզ մոտ անձնիշխանություն է և այդ պարագայում, բնականաբար, ներդրումները պետք է այդպես կտրուկ պակասեն»,-մտահոգություն հայտնեց Գագիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․