կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 18:54
Քաղաքական

Փաշինյանական քաոսը «լույսի շո՞ղ». ջավախքյան այցերի երեսնամյա խճապատկերը

Փաշինյանական քաոսը «լույսի շո՞ղ». ջավախքյան այցերի երեսնամյա խճապատկերը

«Ես, որպես Վրաստանի քաղաքացի, չեմ հիշում, որ Հայաստանի նախկին իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյա «լայեղ աներ» գալ Ջավախք ու մտահոգվեր վիրահայերի խնդիրներով». սա Ջավախքի Բարալեթ գյուղի ուսուցչուհի Հովինե Խեչոյանի հաստատումն է, որը նա արել է Փաշինյանի՝ Թբիլիսի կատարած այցի մասին գրառման մեջ: Փաշինյանի այցը, ըստ գրառման հեղինակի, «լույսի շող է արթնացրել իրենց հոգիներում»։

Հաշվի առնելով հանրությանն անաչառ տեղեկատվություն ներկայացնելու և, ինչպես գրառման հեղինակի, այնպես էլ նմանատիպ ապատեղեկատվությունների զոհի կարգավիճակում պարբերաբար հայտնվող հանրության որոշ շրջանակների հիշողությունը թարմացնելու կարևորությունը, ստորև ներկայացնենք վերջին երեսնամյակում ՀՀ պաշտոնյաների՝ Ջավախք կատարած այցերի ընդհանուր խճանկարը:

Եվ այսպես՝ անկախությունների փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից կարճ ժամանակ անց՝ 1993 թ. հուլիսի 18-ին, Ջավախքի Գանձա գյուղում, ավանդական «Տերյանական օրվա» հանդիսույթի շրջանակներում, հանդիպեցին ՀՀ խորհրդարանի առաջին փոխնախագահ Արա Սահակյանը և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Վախթանգ Գոգուաձեն:

1996 թ. հունիսին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում երկու նախագահների գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Ախալքալաքում և հանդիպեց հասարակության հետ: Տեղի բնակչության կողմից բարձրացված հարցերը շատ էին. «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Ս. Հակոբյանը խոսեց Ջավախքի հյուսիսային մի քանի հայաբնակ գյուղերի՝ Բորժոմի շրջանին միացմամբ ստեղծված դժվարությունների մասին: Լսվեցին նաև ավելի քան 70 % հայ բնակչություն ունեցող նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգի կառավարչական օղակներում հայազգի ներկայացուցիչներ գրեթե չունենալու, տնտեսական արտադրանքի իրացման շուկայի բացակայությանը, Ջավախքի շրջանները ՀՀ-ին կապող ճանապարհի անանցանելի լինելուն, կրթական, էներգետիկ և այլ ոլորտներին առնչվող մի շարք սուր և ցավոտ հարցեր: Նախագահները, ինչպես միշտ, լուծելի համարեցին բոլոր հարցերը և խմեցին դարավոր բարեկամության կենացը:

Երկու նախագահների այցը Ջավախքի տարածաշրջան ուներ լուրջ պատճառներ, և սոսկ այնտեղ առկա հիմնախնդիրների արծարծումը չէր նպատակը՝ Վրաստանի նախագահի, և իր հայրենակիցներին տեսնելու անսահման փափագը՝ ՀՀ նախագահի: Խնդիրն իրականում այն էր, որ, որոշ վրացի դիտորդների կարծիքով, Թբիլիսիի իրավասություններն այս տարածաշրջանում փաստացի չէին տարածվում: Ավելին, Վրաստանի խորհրդարանում շուտով ընթերցվեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում սոցիալ-քաղաքական իրավիճակի ուսումնասիրման համար Ախալցխա գործուղված խորհրդարանականների զեկուցագիրը:

Փաստաթղթում վիճակը բնութագրվում էր իբրև անբավարար: Մասնավորապես՝ նշվում էր, որ տարածաշրջանում չի գործում Վրաստանի պետական լեզուն, ազգային արժույթը՝ լարին, գործնականում չկա շրջանառության մեջ, չեն հեռարձակվում Վրաստանի հեռուստատեսության ծրագրերը: Ահա սա էր գլխավոր հիմնախնդիրը, որի՝ այս կամ այն ձևով լուծման գործում շատ մեծ էր պաշտոնական Երևանի դերակատարությունը: Եվ դրա լուծման նպատակով Է. Շևարդնաձեի կողմից մեծապես կարևորվեց Հայաստանի հետ կայուն հարաբերությունների հաստատումը, ինչի արդյունքում փորձ արվեց Երևանին լայնորեն ներքաշել այս խաղերի մեջ: Իր հերթին, փայլուն գիտակցելով Ջավախքի հիմնախնդիրների՝ հօգուտ Վրաստանի իշխանությունների լուծման գործում իր «հաշտարարի» դերը, Լ. Տեր-Պետրոսյանը ձգտեց սրա դիմաց Վրաստանից ստանալ ավելին. քաղաքական այս առևտրից Ջավախքի իրադրությունը հետագայում է՛լ ավելի ծանրացավ, շատ ու շատ ազգային-ռազմավարական ու սոցիալ-տնտեսական հարցեր մնացին չլուծված:

Ավելորդ չենք համարում նշել, որ Լ. Տեր-Պետրոսյանի՝ Ջավախք այցի կարևոր բաղադրիչներից մեկն էլ նախընտրական շրջանի թոհուբոհն էր, և ստեղծված՝ ոչ այնքան նպաստավոր պայմաններում կարիք կար շահելու ՀՀ-ում ապրող հարյուրհազարավոր ջավախահայության վստահության քվեն: Արդյունքում՝ ջավախահայ հասարակական կազմակերպությունները ՀՀ-ում բնակվող իրենց հայրենակիցներին կոչ արեցին նախագահական ընտրություններում պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 18.06.1996, հմմտ.՝ նույն տեղում, 13.09.1996:

Փաստենք, որ տերպետրոսյանական շրջանում ՀՀ-Վրաստան մոտ 50 միջպետական պայմանագրերից և համաձայնագրերից գրեթե ոչ մեկում հայեցակարգային մոտեցումներ չկային Ջավախքի՝ ՀՀ-ի համար կարևոր ազգային-ռազմավարական նշանակություն ունեցող երկրամասի հիմնահարցերի լուծման վերաբերյալ:

2000-ական թթ. տարբեր առիթներով Ջավախք է այցելել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ամենատպավորիչը 2005 թ. հուլիսի 24-25-ը կատարած այցն էր՝ ՀՀ վերջին 30-ամյա պատմության մեջ այն եզակի դեպքը, երբ ՀՀ բարձրաստիճան ղեկավար այրը (նախագահ, ԱԺ նախագահ կամ վարչապետ) Ջավախք այցելեց Բավրա-Նինոծմինդա սահմանագլխից: Անդրանիկ Մարգարյանը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողայդելու հետ այցելեց Ջավախքի Սաթխա գյուղ, որտեղ բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով, որ վերջապես ընթացք է տրվել գյուղի եռահարկ դպրոցի շինարարությանը: Վարչապետների հաջորդ կանգառը Գանձայում էր, որտեղ նրանք մասնակցեցին Տերյանի 120-ամյա հոբելյանի հանդիսություններին: Նինոծմինդայում վարչապետների հանդիպումը տեղի բնակչության հետ կայացավ հենց փողոցներում շրջայցի ընթացքում: Ակտիվ երկխոսություն ծավալվեց նաեւ Ախլքալաքի բնակիչների հետ, որոնք հավաքվել էին Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնց լուծման գործում Հայաստանի կառավարությունը ևս իր մասնակցությունը կունենար:

Անգամ մի դրվագ ենք ուզում հիշատակել Ա. Մարգարյանի՝ Ջավախք այցից, որը մեզ ժամանակին պատմել են Բարալեթ գյուղի բնակիչները: Գյուղ այցելելով և հյուրընկալելով իր վաղեմի ընկերոջ տանը՝ Ա. Մարգարյանը իր ոչ պաշտոնական հագուկապով, ընկերների հետ գնում է գյուղամեջ` որոշ գնումների, երբ մարդիկ ոգևորված հավաքվում են շուրջը` վրացի բնակիչները (Բարալեթի բնակչության փոքր մասը վրացիներ են) հարցնում են` ո՞վ է, հայերը հպարտ պատասխանում են` մեր վարչապետը: Նա գյուղամիջում նարդի է խաղում, շփվում բարալեթցիների հետ, ապա մեկնում իր պաշտոնական հանդիպումներին:

Միջանկյալ նշենք, որ վերոնշյալ գրառման հեղինակ Հ. Խեչոյանն ապրում է ճիշտ նույն Բարալեթ գյուղում և տարօրինակ կերպով չի հիշում «Հայաստանի նախկին իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի», որը «լայեղ աներ» գալ Ջավախք ու մտահոգվեր վիրահայերի խնդիրներով: Պարզորոշ է, թե ինչպիսի ավերներ է գործել Փաշինյանի օրոք ձևավորված ատելության քարոզչությունը նաև Ջավախքում, որի պայմաններում անգամ ուսուցիչ-մտավորականը կարող է օրը ցերեկով մարդկանց մոլորեցնել և դրանից հոգեկան բավարարվածություն ստանալ:

2007 թ. Ջավախքում է եղել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այցելել ՀՕՄ-ի ծրագրերով գործող՝ Ախալցխայի երիտասարդական կենտրոն, քննարկել մի շարք հարցեր:

Տ. Սարգսյանի կաբինետի ձևավորումից (2008 թ.) մինչ 2018 թ. իշխանափոխությունն ընկած 10-ամյա շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը միակ նախարարն էր, որ Ջավախք այցելեց երկու անգամ: Այս ընթացքում մեկական անգամներ Ջավախքում են եղել Սփյուռքի և առողջապահության նախարարներ Հրանուշ Հակոբյանն (ավանդական Տերյանական օրվա շրջանակներում) ու Արմեն Մուրադյանը:

Հետաքրքրական մեկ փաստ ևս. Արմեն Աշոտյանը 2010 և 2015 թվականներին Ջավախք է այցելել ոչ թե պաշտոնական այցով (որի պարագայում, սովորաբար, հայ պաշտոնյաները «գերեվարվում են» Վրաստանի կառավարական մարմինների կողմից, և ջավախահայությունը գրեթե չի շփվում նրանց հետ, այլ հենց այնպես՝ արձակուրդի ընթացքում հայրենակիցների, ընկերների հետ շփվելու նպատակով: Նշյալ այցերի շրջանակներում նա այցելել է բազմաթիվ վայրեր՝ Փարվանա, Թմկաբերդ, հանդիպել մտավորականության, ուսուցիչների, գործիչների, Ջավախքի խնդրով մտահոգ բազմաթիվ մարդկանց հետ: Ի տարբերություն Սփյուռքի գործերով հանձնակատար Զ. Սինանյանի, Ա. Աշոտյանն այցելել էր նաև Ախալքալաքի ու Նինոծմինդայի կրթամշակութային-երիտասարդական կենտրոններ, գրքեր ու մշակութային իրեր նվիրել սաներին (ինչպես հայտնի է, վերջին տարիներին նման իրերն արգելված են ՀՀ-Վրաստան սահմանին): Հավելենք, որ նախարարի՝ 2015 թ. այցին առանձնակի «սիրալիրությամբ» միացել էին Ջավախքի տարածաշրջանային ուժային կառույցների ղեկավարները: Այդուհանդերձ, փաստենք, որ անգամ վերջիններիս անբաժան ներկայության պայմաններում Ա. Աշոտյանը ամեն տեղ խոսել է ջավախահայությանը հուզող խնդիրներից (գրքերի, ՀՀ-ի հետ մշակութային շփումների արգելք և այլն):

Նախորդիվ Ջավախք են այցելել նաև փոխնախարարներ Արսեն Քարամյանը (թեև տողերիս հեղինակը քննադատել է նրա այցի ձևաչափը, բայց փաստը չենք կարող չարձանագրել), Սերժ Սրապիոնյանը: Առանձնակի հիշատակելի է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Ջավախք, երբ նրանք մեկ օր ապրեցին Դամալայում և հաջորդ օրը գյուղամիջում «Դամալայի օր» միջոցառման ժամանակ «դիմավորեցին» Թբիլիսիից ժամանած իրենց գործընկերներին:

Ջավախքում մշտապես սպասված հյուր է եղել և կա ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը: ԱԺ նախկին խմբակցություններից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» պատգամավորներից ոմանք ևս կազմակերպել են տարբեր այցելություններ երկրամաս:

Այդուհանդերձ, անցած շրջանում չձևավորվեցին Ջավախքի հիմնահարցի նկատմամբ համակարգային և հայեցակարգային մոտեցումներ, և մեր կողմից պարբերաբար վերլուծվել, մատնանշվել և հանրայնացվել են այս հողի վրա առկա բոլոր բացթողումները:

Հասկանալի պատճառներով՝ ներքուստ երբեք հավատ չենք ընծայել Փաշինյանին և նրա իշխանության ներկայացուցիչներին, այդուհանդերձ, նրա՝ 2018 թ. մայիսյան այցը Ջավախք արժևորվել է մեր կողմից: Բնականաբար, արժևորվել է այցի փաստը, քանի որ բովանդակային առումով այն վաղ էր վերլուծելը: Այդ առիթով և՛ ծավալուն հրապարակում ենք ունեցել, և՛ մամուլի ասուլիս՝ ի ցույց դնելով խնդիրների լուծման համար մի շարք դրական նախահիմքեր:

Այդուհանդերձ, ՀՀ իշխանությունների տոտալ անկարողությունը, առճակատում, թշնամանք հրահրող, երկրի ինստիտուտները կազմաքանդող և փոխարենը ոչինչ չստեղծող ուղեգիծը, աներևակայելի մեծության պարգևավճարների տեսքով՝ պետական բյուջեի մսխումը, պատկան պաշտոնյաների կրավորական և հակազգային վարքագիծը կարճ ժամանակում վերացրին լավատեսություն ներշնչող բոլոր արգումենտները:

Վահե Սարգսյան