Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարևորեց նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի և եկեղեցականների միջև՝ վստահություն հայտնելով, որ դրանք կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծեց, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։
Հայցելով Երկնավորի օգնականությունը ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:
Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն ընծայվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։