կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-06 14:20
Հասարակություն

Կաթողիկոսը ընդունել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

Կաթողիկոսը ընդունել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների:

Հանդիպմանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ բ. գ. դ. Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց համագումարի մասնակիցներին՝ տեղեկություններ փոխանցելով համագումարի ընթացքի և արձանագրված արդյունքների մասին:

Այնուհետև Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ անվանի հայ բժիշկների` Հայաստանում մեկտեղվելու առիթով: Հայոց Հայրապետը գովելի և խրախուսելի նկատեց նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը ի նպաստ հայրենիքի առողջապահության ոլորտի բարելավման և բժշկագիտության զարգացման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համագումարները առիթ կդառնան աշխարհի տարբեր երկրներում և հայրենիքում իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրած հայ բժիշկների ներուժի համախմբման և դրա ծառայեցման ազգի զավակների առողջության պահպանմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ նման գործակցություն արդեն իսկ ձևավորվել է և բարի պտուղներ տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և այլ բուժ. հաստատություններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց համագումարի աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ այն կբացահայտի և իր աշխատանքներում կընդգրկի նորանոր բժիշկների:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու ներկայիս կացությանը, գործունեությանը, եկեղեցականության պատրաստության ընթացքին և իրականացվող ծրագրերին: