կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 19:49
Աշխարհ

Հելլենական գանձերի հարցը՝ Բրյուսել-Լոնդոն բանակցությունների օրակարգում

Հելլենական գանձերի հարցը՝ Բրյուսել-Լոնդոն բանակցությունների օրակարգում

Եվրամիությունն իրենից հեռացած Մեծ Բրիտանիայից կպահանջի հետ վերադարձնել Աթենքի Ակրոպոլիսի գանձերը, որոնք ժամանակին լորդ Էլգինը տարել էր Լոնդոն: Դրանք այժմ պահվում են Բրիտանական թանգարանում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ «Վզգլյադ» պարբերականին հղումով:

 Համակրանքը Հունաստանի կողմն է: Ի դեպ, լորդ Ջորջ Բայրոնն էլ ժամանակին անխնա քննադատում էր Էլգինին՝ հունական սրբությունները «գողանալու» համար:

Սակայն իրականում կարելի է ասել, որ լորդ Էլգինը լիովին բարի նպատակներ էր հետապնդում, երբ Բրիտանիա էր տեղափոխում  հելլենական մշակույթի գլուխգործոցները: Այն ժամանակ հին հունականը Եվրոպայում գերմոդայիկ էր, և կոմսը մեծ գումարներ էր ներդրել դրանց որոնման ու պեղման համար, ընդ որում՝ ներկայումս անգին համարվող ստեղծագործություններն այն ժամանակ ոչնչացման եզրին էին: Օսմանյան օկուպացիան և ազգային մշակույթի ճնշումը «պարզեցրել էին» հույներին. հազարամյա մարմարը դարձել էր արոտավայրերի դեկոր և աղքատների տների շինանյութ: Թուրքական իշխանություններն էլ շահագրգռված չէին պահպանել ապստամբ հույների ժառանգությունը, հատկապես՝ արձանները, քանի որ իսլամն արգելում է մարդկանց ու կենդանիների պատկերումը: Այդ պատճառով, ցանկանալով սիրաշահել Բրիտանական կայսրությանը՝ Ռուսաստանի դեմ պայքարում իր դաշնակցին, Օսմանյան կայսրության սուլթանը թույլատրել էր Էլգինին՝ Հունաստանից դուրս բերել այն ամենը, ինչ նա գտել է: Լորդը հանդես էր գալիս որպես մասնավոր անձ, սակայն միաժամանակ Լոնդոնի պաշտոնական դեսպանորդն էր Կոստանդնուպոլսում:

Մի քանի տարի անց սկսվեց հունական հեղափոխությունը, որը թուրքերը փորձեցին խեղդել արյան մեջ: Դա Եվրոպայում կարեկցանք առաջացրեց հույների հանդեպ: Էլգինին ներկայացնում էին որպես կողոտպիչ ու դիակապտող, որը ձեռք է բարձրացրել հնագույն տաճարների վրա: Սկանդալն այնքան մեծ էր, որ միջամտեց բրիտանական կառավարությունը և, գնահատելով լորդի հավաքածուն, որոշեց այն գնել, ընդ որում՝ Էլգինը ստիպված էր այն վաճառել պետությանն ավելի ցածր գնով, քան ձեռք էր բերել:

Այդ ժամանակներից, այսպես կոչված, Էլգինի մարմարը պահվում է Բրիտանական թանգարանում:

Հունաստանի անկախացումից հետո հունական կառավարությունը Լոնդոնից հետ պահանջեց իրենց ազգային ժառանգությունը, ինչը տեսականորեն հավաքածուի կալանքի հնարավորություն է ստեղծում, եթե այն երրորդ երկրներում ցուցադրվի: Սակայն օրենքը բրիտանացիների կողմն է. անվերապահ վերադարձի են ենթակա միայն այն ստեղծագործությունները, որոնք գողացվել են հիտլերականների կողմից, նաև՝ նրանք, որոնք ձևակերպված են որպես սեփականություն: Սակայն հույները հույս ունեն, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո արդարությունը վերականգնելու հնարավորություն կլինի. Պարթենոնի արձանների վերադարձի հարցը Բրյուսելի և Լոնդոնի բանակցությունների օրակարգում է: