Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Քոչարյանի դատավարությունը ժողովրդին մասերի բաժանելու գործընթաց է, այն բաժանարար մայդանն է, հայաստանցու և արցախցու բևեռացնող, վերածող ամոթալի իրավական կնճիռն է. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի Երկիր էր Ուկրաինան՝ օժտված աննկարագրելի ներքին ազատությամբ և քաղաքացիական համերաշխության անասելի ջերմ մթնոլորտով, տնտեսական հզորությամբ ու ինքնաբավությամբ, արևելքի ու արևմուտքի միջև՝ աշխարհաքաղաքական հիանալի դիրքով՝ տրանսպորտային, էներգակիրների հաղորդության հանգույց լինելով։
Լավագույն սևահողերի, հացահատիկի, արևածաղկի և գյուղատնտեսական բազմաթիվ մթերքների արտադրության ու արտահանման, հազարից ավել ջրամբարների ու ջրառատ, նավարկելի գետերի, ջրանցքների, նավթի, գազի, քարածխի, երկաթի, ուրանի բազմաթիվ օգտակար հանածոների զգալի պաշարների, չորս ատոմակայանների ու բազմաթիվ այլ էլեկտրոկայանների, էներգիայի ավելցուկի ու արտահանման, հրթիռաշինության, բարձր տեխնոլոգիաների ու բազմաթիվ այլ լավ բաների երկիր։
Սա՝ մինչև 2004 թ-ը, մինչև պերմանենտ կամ անընդհատական հեղափոխությունների սկիզբը, որոնք ինքնակազմակերպվածության բարձրագույն ցուցանիշների ու ծափահարությունների անպատմելի որոտի ուղեկցմամբ, այս ազատ, զարգացման մեծ պոտենցիաալ ունեցող երկիրը բաժանեցին երկու մասի՝ արևելքի ու արևմուտքի։ 2004 թ-ին սկսվածը ավարտվեց 2014-ին, երբ Մայդանում, հեղափոխականների իսկ կողմից՝ հատուկ հրավիրված դիպուկահարների միջոցով հարյուրից ավելի անմեղ կյանքեր խլվեցին ու առաջացավ հերոսների երկու պանթեոն, որովհետև զոհված ոստիկանների դին հողին էին հանձնում հարավում կամ արևելքում, իսկ հեղափոխականներին՝ պայմանականորեն ասենք՝ արևմուտքում կամ կենտրոնական Ուկրաինայում։ Սրան ավելացան Կիևի և Օդեսայի արհմիությունների տներում մարդկանց հրկիզումները ու վերջ։
Չկա արդեն այն Ուկրաինան։ Արդեն 16 տարի այն բաժանված է երկու մասի, կորցրել է Ղրիմը ու շարունակում է կորցնել։ Ազգային էլիտա չձևավորվեց այստեղ, ձևավորվածն էլ, ասես քաղցկեղի ուռուցք լինի, որովհետև՝ ծծում է սեփական ժողովրդի արյունը։ Իշխանությունները փոխվում են, կատարելագործվում են թալանի ու կաշառակերության մեթոդները։
Եվ այս ամենի հիմնական պատճառը այն է, որ հեղափոխության հեղինակներին ու նրանց հակառակորդներին հաջողվեց իրականցնել հասարակության մասերի բաժանումն ու բևեռացումը։ Այսօր կան երկու Ուկրաինաներ, և երրորդ՝ իշխող ուժ հանդիսացող հեղափոխական մի վերնախավ, որը կերպարանափոխվում - ձևափոխվում է, սակայն երկիրը գնում է դեպի ճգնաժամի խորացում ու անկում։ Եվրոպայի կենտրոնում մի հարուստ, խոստումնալից ապագա ունեցող պետություն դարձել է պատերազմի ու ցավի հարատևող օջախ։
Ի՞նչ եմ ուզում ասել։
Քոչարյանի դատավարությունը մեզ մասերի բաժանելու գործընթաց է, մեր բաժանարար մայդանն է, մեզ հայաստանցու և արցախցու բևեռացնող, վերածող ամոթալի իրավական կնճիռն է, որի արդյունքում մենք կորցնելու ենք երեսուն տարիների նվաճածը՝ ազգային միասնականությունն ու ինքնությունը, ազատագրված տարածքներն ու մի բան էլ ավելի։ Արդեն որերրորդ անգամ զգուշացնում եմ։ Ես քոչարյանական կամ նիկոլական չեմ։ Ես ՀՀ քաղաքացի եմ՝ հարուստ կենսափորձով ու դիտողականությամբ։
Կանգ առեք»: