կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 21:46
Հասարակություն

Մենք զազրելի, աննկարագրելի վիհի մեջ ենք. Դավիթ Վանյան

Մենք զազրելի, աննկարագրելի վիհի մեջ ենք. Դավիթ Վանյան
Քաղաքագետ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը գրում է.
 
«Քաղքենիության ու քաղաքական ապաշնորհության դիկտատուրայի պայմաններում, երբ իրար արժեն բոլոր քաղաքական միավորները, կազմակերպված դավադրության ու պարտության պատճառով, էներգիայից պարպված, ինքնությունից զրկված հայությունը ընտրել է ազատ անկումը կամ անդունդ գլորվելու ճանապարհը, որպես ինքնամոռաց էֆթանազիայի ամենամիջոց։ Այս անդունդը, որը աննկարագրելի խորություն ունի, ունի նաև, նրան նայողին գայթակղելու ու կլանելու առանձնահատկություն։
 
Ետպատերազմյան շրջանում ուշքի եկած և խորհրդային տարիներին, շնորհիվ ապրելու, արարելու բնազդի և կայսրության ռեսուրսների ուշքի եկած, կազմակերպված, Արցախ ազատագրած Հայությանը չհաջողվեց ամրագրել իր իսկ հիմնարար հաղթանակը, և սեփական քաղաքական դասի ապաշնորհության ու վերջում, նաև, դավադրության, դավաճանության արդյունքում դարձավ պարպված կամ հանգած հրաբուխ։
 
Հարևան ժողովուրդների քանակական գերաճի պաստառի վրա, դեմոգրաֆիական հարատև աղետը, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը, որոնք համավարակի հետ ներխուժեցին ու դարձան կայուն գործոններ, հոգեբանական կոլապսը, որը իհայտ եկավ փաշինյան-պուտին-ալիև հայտարարությամբ ջնջում կամ իսպառ վերացնում են ոտքի ելնելու, շտկվելու բոլոր երազանքները, այն էլ այն դեպքում, երբ հանրապետությունում ու ողջ հայկական աշխարհում տիրում են միջակությանն ու քաղքենիությանը բնորոշ, լոկ սպառողական, կենցաղային տրամադրություններ։
 
Մի ողջ ժողովրդի, ասես, բռնաբարեցին, ապա արհեստական վիժեցմամբ նրանից զատեցին, քերեցին նրա ինքնությունն ու նրան "դեն նետեցին" այնպես, որ նա՝ այդ ժողովուրդը, ոչ մեկի տեսնել, անգամ՝ լսել չի ուզում։ Եւ դա արեցին թե թշնամիները, թե դաշնակիցները, թե սեփական իշխանությունը։ Եւ այս դեպքը դասական օրինակ է հանդիսանալու աշխարհի քաղաքագիտական բուհերում հեղափոխությունների հետևանքներն ուսումնասիրող մասնագետների համար։
 
Մենք զազրելի, աննկարագրելի վիհի մեջ ենք և չենք կարող դուրս գալ, քանի դեռ քաղաքական կուսակցությունները, եկեղեցին, մտավորականությունը հետհայացք ձգելով, ինքնաքննադատությամբ, պահանջկոտ պատվախնդրությամբ արմատախիլ չանեն անցյալից եկող այն բոլոր մեթոդներն ու իշխանափոխության պլանները, որոնք զուտ մաթեմատիկական, ոչ խորքային վերլուծության արդյունք են և նրանց պահում են անմխիթար, անճամփա, անպատուհան, հին հոլովույթներում։
 
Անհրաժեշտ է փոխել և մոտեցումները, և մարդկանց, և որ ամենակարևորն է՝ դադարել քննարկել վիհում հայտնվելու մանրամասները, այլ ճանապարհներ մշակել ու պատրաստ, անգամ, երկնքից աստղեր իջեցնելու՝ ցույց տալ քաղաքացուն, թե ինչպես ենք դուրս գալու այդ անդունդից։
 
Այլևս ժամանակ չունենք:
 
Դեպի Արարատ
 
Լուսանկարը՝  Andranik Masisi Keshishyan -ի:»։